Ի՞նչ է հասկանում Զախարովան՝ «ՌԴ-ի հաջողության դափնիներ» ասելով

Ի՞նչ է հասկանում Զախարովան՝ «ՌԴ-ի հաջողության դափնիներ» ասելով

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին, ասել է, որ ՌԴ-ն շարունակելու է աշխատել ՀՀ ու Ադրբեջանի հետ՝ ճանապարհների ապաշրջափակման մասով:«Մենք երկու երկրների հետ պատրաստվում ենք իրագործել եռակողմ համաձայնագրի բոլոր կետերը», - նշել է նա։ 

Զախարովան, խոսելով ԵՄ-ի՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու նախաձեռնության մասին` այն անվանել է «կեղծ»։

«Ադրբեջանցի ու հայ գործընկերների կողմից որևէ առաջարկ չենք ստացել հարաբերությունները ԵՄ նոր հարթակում կարգավորելու մասով»,-ասել է նա: Բնականաբար, ադրբեջանական կողմը չի դիմի որեւէ առաջարկով, քանի որ իրենց համար ամեն ինչ գնում է  ամենափայլուն տարբերակով. այն, ինչ ուզում է Ալիեւը՝ Պուտինի «քավորությամբ», Փաշինյանը տալիս է Ադրբեջանին: Ինչո՞ւ պիտի Ադրբեջանը դիմի հարցը նոր հարթակում կարգավորելու համար: Հայկական կողմն էլ չի դիմի, քանի որ այսօր Հայաստանում չկա պետականամետ իշխանություն՝ Հայաստանի կառավարման ղեկը մի թիմի ձեռքին է, որն իր պաշտոնավարումը երկարաձգելու համար պատրաստ է գնալ ամեն գործարքի: Իսկ այդ իշխանությունն այս իրավիճակում խիստ շահեկան է ՌԴ-ին ու նրա նախագահին:

Զախարովան ասել է նաեւ.«ԵՄ-ն Հարավային Կովկասում իր ամբիցիաներով է շարժվում, որևէ դրական միտում չունի երկու երկրների հարաբերությունների կարգավորման հարցում։ Եվրոպացիները կեղծ նախաձեռնություններ ունեն. նրանք անամոթաբար ուզում են յուրացնել հաջողության դափնիները, որոնց հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում հասել է ՌԴ-ն»։ Հետաքրքիր է, իսկ ի՞նչ հաջողությունների է հասել ՌԴ-ն հայ-ադրբեջանական հարաբերություններում: Մի՞թե ստեղծված վիճակը կարելի է համարել հաջողություն:

Երբ մի երկրի շահերը ստորադաասվում են մյուսին, երբ մի երկրի ինքնիշխան տարածքը դառնում է մյուս պետության ագրեսիայի թիրախ եւ դա չի դատապարտվում, դա՞ է հարաբերությունների հաջողությունը: Ադրբեջանի հետ հետագա համագործակցությունը, ըստ ցանկության, կարգավորելու համար ՌԴ-ն կատարում է նրա բոլոր «կապրիզներն» ու նվաստացուցիչ վիճակում դնում իր դաշնակցին, դա՞ է հաջողությունը: Երբ անգամ լուծված չի հայ ռազմագերիների վերադարձի հարցը, դա՞ է հաջողությունը: Երբ այս ամենի արդյունքում հայ հասարակության մեջ, անգամ ռուսական կողմնորոշում ունեցողների շրջանում, արդեն խորանում է անվստահությունը դաշնակից Ռուսաստանի նկատմամբ, դա՞ է հաջողությունը։ Որն է այն հաջողությունը, որի համար ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակը ՌԴ-ին համարում է հաջողության դափնեկիր: