Ճկուն եւ բարբարոս

Ճկուն եւ բարբարոս

Ինչպե՞ս ստացվեց, որ այս ջահելների գիտելիքներն առանձնապես չավելացան, իսկ մեծամտությունը երեք տարում հասավ տիեզերական չափերի: Չհասկացան` ինչպես անել, որ քիչ քննադատվեն, բայց հասկացան, թե ինչ անել, որ քննադատությունը հասցնեն նվազագույնի, լրատվամիջոցների նկատմամբ օրենքով սահմանափակումներ դնեն ու աշխատանքը բարդացնեն, եւ այդ ամենը միջազգային հանրությունը չդատապարտի: Չկարողացան պետություն կառավարելու հմտություններին տիրապետել, բայց ամբոխին կառավարելու անզուգական հմտություններ դրսեւորեցին: Չհամագործակցեցին իրենց ոլորտներում հմուտ ու կայացած մասնագետների հետ, բայց սերտ համագործակցություն ծավալեցին հանրապետականների նախկին տասովշչիկների, կրիմինալի եւ պորտաբույծների հետ, որոնք ընտրություններ «կազմակերպելու» մեծ փորձ ունեն:

Չկարողացան պետության արտաքին հարաբերություններում տարրական գրագիտություն ու ճկունություն դրսեւորել, բայց գերտերությունների ղեկավարների նկատմամբ շատ ճկուն քծնանք ու հնազանդություն ցուցաբերեցին` կանխելով իրենց իշխանության գլխին կախված բոլոր վտանգները:

Ինչպե՞ս ստացվեց, որ օրեցօր աճող հանրային դժգոհության պայմաններում նորից վերընտրվեցին եւ 50 տոկոսից բարձր ձայներ ստացան` այնպես, որ անգամ որեւէ ուժի հետ կոալիցիա կազմելու անհրաժեշտություն չծագեց: Էլ չենք խոսում այն մասին, որ ղարաբաղյան խնդրից սկսվող անկախության մեր 30-ամյա պատմության ընթացքում, թվում էր, Արցախն ամենանվիրական ու ամենաանհաղթահարելի թեման է, եւ հայաստանյան ոչ մի ղեկավար ու իշխանություն չի կարողանա այս հարցում մի միլիմետր անգամ զիջումների գնալ, մինչդեռ սրանք տասնյակ հազարավոր կիլոմետրեր զիջեցին, այդքան զոհ տվեցին, գրեթե փակեցին անկախ Արցախ ունենալու հեռանկարը եւ մարսեցին: Ինչպե՞ս ստացվեց: