Նման մակարդակ ունեցող համալսարանը բնական է, որ դիմորդ չի ունենա

Նման մակարդակ ունեցող համալսարանը բնական է, որ դիմորդ չի ունենա

Անցած շաբաթ մեր լրատվամիջոցն անդրադարձել էր Հայաստանի ազգային ագրարային համալսարանում դեկտեմբերի 1-ին սպասվող ռեկտորի ընտրությանը, մասնավորապես, գրել էինք․ 

«Հայաստանի ազգային ագրարային համալսարանում դեկտեմբերի 1-ին անցկացվելու է ռեկտորի ընտրության մրցույթ: Նախօրեին` ժամը 16։00-ին, լրացել է ռեկտորի հավակնորդների փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը։ Մի քանի օր է՝ փորձում ենք բուհից պաշտոնապես տեղեկանալ, թե քանի թեկնածու է առաջադրվել ռեկտորի պաշտոնին, եւ ովքեր են նրանք։ Սակայն հոգաբարձուների խորհրդի քարտուղար Նունե Սիմոնյանը նախօրեին համառորեն հրաժարվեց պատասխանել մեր հարցերին, իսկ երեկ հեռախոսին էլ չպատասխանեց։ Ընդհատակ են անցել նաեւ ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ, առհասարակ, աշխատակազմի աշխատակիցները։

Ագրարայինի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ իրականում ռեկտորի պաշտոնի թեկնածու չի առաջադրվել, երեկ հետին ամսաթվով ներկայացվել են գործող ռեկտոր Վարդան Ուռուտյանի մտերիմ ընկերոջ, պրոռեկտոր Հրաչիկ Զաքոյանի փաստաթղթերը, ով, ի դեպ, երեկ նույնպես չէր պատասխանում հեռախոսին։ Բանն այն է, որ չնայած ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ով 2018-ից ղեկավարում է բուհը, կրկին առաջադրվելու ցանկություն է ունեցել, սակայն վերեւներից «դաբրո» չի ստացել...ըստ մեր աղբյուրի, նա հակասություններ ունի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ, ով վաղուց ԿԳՄՍ նախարարը չէ, բայց «ռուլիտ» է անում այս ոլորտը։

Բուհից մեզ ասացին, որ դժվար թե հոգաբարձուների խորհուրդն ընտրի Զաքոյանին, ուստի այս քաոսային վիճակի պատճառով թեկնածուներին գաղտնի են պահում, մինչեւ վերեւից հրահանգ ստանան, թե ում ընտրեն ռեկտոր, ուստի հնարավոր է Զաքոյանը թղթերը հետ վերցնի եւ նոր մրցույթ հայտարարվի»։ 

Մեր հրապարակմանն ի պատասխան 2 օր առաջ` հրապարակումից 3 օր անց, մի անգրագետ, ցածրորակ տեքստ է հրապարկել Ագրարայինը՝ մեր հրապաարկումները որակելով «պատվեր» ու սպառնալով, որ կհանդիպենք դատարանում։ Ի դեպ, սա առաջին դեպքը չէ` ոմն Սօս Աւետիսեան, ով Ագրարայինի Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն է ղեկավարում, տեւական ժամանակ է լրատվամիջոցների հետ շփվելու, հրապարակումներին արձագանքելու կուլտուրայի «պլինդուսից» ցածր մակարդակ է դրսեւորում` վարկաբեկելով մի ողջ համալսարան եւ նրա ռեկտորին: Թեեւ հասկանալի է, որ ռեկտորը նախապես ծանոթ է եղել այն նողկալի տեքստի բովանդակությանը, որը հրապարակել են համալսարանի անունից: 

Մենք չենք անդրադառնա Ագրարայինի պատասխանի բովանդակությանը, որակին ու մակարդակին` դա մեր պատվից ցածր ենք համարում, սակայն մեզ միանգամայն հասկանալի դարձավ, թե ինչու է Ագրարայինը դանդաղ «մահանում»` մի քանի տարի շարունակ արձանագրելով դիմորդների խայտառակ սակավություն: 

Նման գրություն հրապարակող համալսարանի դեպքում պարզ է, թե ինչու է 2023 թվականին դիմորդների համար հատկացված տեղերի ընդամենը 7 տոկոսը լրացվել` հիմնական  փուլով: Նման լեզվամտածողություն ունեցող անձանցից, պարզ է, որ ուսանողները միայն ատելություն, տգիտություն կարող էին ուսանել: Բնական է, որ ազատ մտածողությունը, ազատ խոսքը բռնաբարող այս անձինք ոչ մի լավ բան չեն կարող փոխանցել նոր սերնդին:

Ինչ վերաբերում է` դատարան դիմելու սպառնալիքներին. Ի գիտություն դատարան դիմելու եւ հաղթելու ախորժակ ունեցողների` 15 տարվա գոյության ընթացքում մի քանի տասնյակ, գուցե` հարյուրի հասնող հայցեր են ներկայացվել «Հրապարակի» դեմ, դրանց 99 տոկոսն ավարտվել է «Հրապարակի» հաղթանակով: Դուք էլ փորձեք ձեր բախտը: Բախտախնդիրների պակաս մեր երկրում չկա: Իսկ եթե հույս ունեք, որ մի դատական հայցով եւ մի էժանագին վայրահաչոցով մեզ կարող եք լռեցնել` չի ստացվելու:

«Հրապարակ»