Ստորագրահավաքի ընթացքում կառույցները կամրապնդվեն, ինչը նախընտրական դրական պրոցես է
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 11-ի հերթական նիստում բավարարել է 51 քաղաքացիների դիմումը «Եվրոպայի միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու վերաբերյալ։ Նախաձեռնող խմբի լիազոր է նշանակվել Արտակ Զեյնալյանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Հարցը զեկուցող ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնել է, որ նախաձեռնող խումբը ԿԸՀ է ներկայացրել «Հանրաքվեի մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ Հանրաքվե հայտարարելու համար անհրաժեշտ ստորագրությունների հավաքումն իրականացվում է ԿԸՀ-ի կողմից նախաձեռնող խմբին գրանցելուց հետո 60 օրվա ընթացքում։ Ստորագրությունների հավաքման ժամկետ է սահմանվել 2024 թվականի սեպտեմբերի 16-ից նոյեմբերի 14-ը՝ ներառյալ։ Մեկ այլ որոշմամբ հանձնաժողովը սահմանել է Քաղաքացիական նախաձեռնության անդամի և քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցչի վկայականների ձևը։ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու հարցը հանրաքվեի դնելու համար ստորագրահավաքի առաջարկով հանդես են եկել երեք քաղաքական ուժեր՝ Հայաստանի Եվրոպական կուսակցությունը, Հանրապետություն կուսակցությունը, Հանուն Հանրապետության կուսակցությունը։ Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ:
- Արևմտամետ կուսակցություններն առաջիկայում պատրաստվում են հանրաքվե իրականացնել` Եվրոպական միության անդամ դառնալու համար: Ի՞նչ եք կարծում` այս օրակարգն իրատեսակա՞ն է, Հայաստանն այս շրջանում կարո՞ղ է ԵՄ անդամ պետություն լինել:
- Հայաստանը կարող է Եվրամիության անդամ դառնալ: ԵՄ-ն պատրաստ է Հայաստանին նման կարգավիճակ շնորհել, իշխանության գործընկեր կուսակցությունները որոշեցին իրենք նախաձեռնել այս պրոցեսը` քաղաքացիական նախաձեռնությամբ, որի համաձայն հարցը պետք է հանրաքվեի դրվի և ժողովուրդը որոշի` դառնա՞լ ԵՄ անդամ, թե՞ ոչ: Այստեղ որոշողը պետք է ժողովուրդը լինի:
- Իսկ Ե՞Մ-ն: Մի՞թե ամենակարևորը ժողովրդի քվեն է այս պարագայում:
- ԵՄ-ն այս տարվա մարտին մի բանաձև է հրապարակել, որտեղ, ըստ էության, ասում է, որ ՀՀ-ի կողմից հետաքրքրություն ցուցաբերելու դեպքում կոչ է անում Հայաստանի նկատմամբ քաղաքականությունը վերանայել: Այդտեղից հասկացվում է, որ ԵՄ անդամ դառնալու կարգավիճակ տրամադրելու հարցում Եվրամիությունն ունի քաղաքական համաձայնություն:
- Բայց ինչքա՞ն երկրներ կան նույն մեր տարածաշրջանում, որոնք ԵՄ անդամ այդպես էլ չեն դարձել: Վրաստանը տարիներ շարունակ Արևմուտքի հետ էր համագործակցում, բայց այդպես էլ ԵՄ անդամ չդարձավ, նույնը կարող ենք ասել Թուրքիայի մասին: Ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանն այդպես միանգամից ԵՄ անդամ է դառնալու, ո՞րն է մեր տարբերությունն ու առանձնահատկությունը Արևմուտքի համար: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն էլ, կարծես, նորից ՌԴ-ի հետ հարաբերություններն է լավացրել:
- ԵՄ-ն ունի աշխարհաքաղաքական ծրագիր, ներգրավելու Հայաստանն ու Վրաստանը ԵՄ-ի կազմում: Դա բխում է Արևելյան գործընկերության ծրագրի տրամաբանությունից: Քաղաքական իմաստով հասկանալի է, որ կարևորվում է Իրանի հետ սահման ունենալը: Իրանը նույնպես այդ հարցը կարևորում է: Կտրուկ հայտարարություններով է հանդես գալիս տարածքային ցանկացած փոփոխության մասին, միջանցքի մասին և այլն: Իրանը Եվրոպային կապող ճանապարհը շատ կարևոր է: Եվ այդ ճանապարհը տեսնում են բացառապես Հայաստանի և Վրաստանի միջոցով: Եվրամիությունն արդեն իսկ պատրաստ է գումար տրամադրել ՀՀ-ին, որպեսզի ճանապարհներ կառուցվեն և այդ հարցը լուծվի: Մի խոսքով` այստեղ կան աշխարհաքաղաքական շահեր, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ Եվրամիության ցանկությունն է Հայաստանի Հանրապետությունը տեսնել ԵՄ-ի կազմում: Հայաստանի այսօրվա կառավարությունն իմ համոզմամբ երբեք նման ցանկություն չի ունեցել և այսօր էլ չունի: Այս իշխանությունը 2018 թվականի դեկտեմբերից, երբ լիարժեք իշխանություն դարձավ, որևէ կերպ առաջ չտարավ ԵՄ-ի հետ համապարփակ համագործակցության պայմանագիրը, որը կյանքի է կոչվել դեռևս Սերժ Սարգսյանի օրոք: Այդ պայմանագիրը ենթադրում էր օրենսդրական փոփոխություններ Հայաստանում, բայց այդ ուղղությամբ գրեթե ոչինչ չարվեց: Այս կառավարությունը երբեք հայտարարություններից զատ իրական գործնական քայլեր չի արել` եվրաինտեգրման առումով:
- Ի՞նչ եք կարծում` այս նախաձեռնությունը կմերժի՞:
- Մեծ հավանականություն կա, որ այս պահին կմերժի, իշխող մեծամասնության ներկայացուցիչներն արդեն իսկ դեմ են արտահայտվել, գնահատականներ են հնչեցրել և պնդել, որ առաջիկա վեց ամսվա ընթացքում Հայաստանը չի դիմելու ԵՄ անդամ դառնալու համար: Իշխող ուժն այսօր ավելի հավատարիմ է ռուս-թուրքական քաղաքական օրակարգի 3+3 ձևաչափին` առանց Եվրամիության և ԱՄՆ-ի գոտի ստեղծելուն:
- Այդ դեպքում ո՞րն է այս ամբողջ գործընթացի իմաստը: Ինչո՞ւ են հանրաքվե կազմակերպում:
- Իրենք հանրային դաշտ են բերում այս հարցը: Ըստ ՀՀ օրենսդրության, այս հարցը հանրաքվեի կարող է դնել միայն իշխանությունը: Բայց ինչպես տեսնում ենք՝ այս նախաձեռնությունն այլ կուսակցություններ են առաջ բերել: Սա քաղաքական պրոցես է, այս ստորագրահավաքի ընթացքում կարող են կառույցներն ավելի ամրապնդվել, համախոհներ են ներգրավվում, ինչը նախընտրական դրական պրոցես է:
Կարծիքներ