Ո՞ւմ հորդորով են զոհվածների ծնողները դադարեցրել նստացույցը

Ո՞ւմ հորդորով են զոհվածների ծնողները դադարեցրել նստացույցը

Երեկ գիշերը` զոհված զինծառայողների ծնողները հայտարարեցին, որ դադարեցնում են նստացույցը։ Ծնողներից Վահիդ Սահակյանն ընթերցեց կալանավորված Գայանե Հակոբյանի արդեն նախկին պաշտպանների հայտարարությունն, ըստ որի` իրավական հարթությունում պայքարն ավարտված է և իրենք դադարեցնում են պաշտպանությունը, և նշեց, որ ծնողական համայնքը համակարծիք է դրա հետ։ Չնայած այս ամենին՝ Սահակյանն ասում է, որ պայքարն ավարտված չէ: Այս մասին մենք մի քանի հարց ենք ուղղել նրան:

- Պարոն Վահիդ, երեկ նշեցիք, որ չնայած նստացույցն ավարտում եք, սակայն պայքարն ավարտված չէ: Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:

- Դեռ այս պահի դրությամբ նոր բան չկա: Մենք պիտի առաջին հերթին Գայանի հարցով զբաղվենք, հետո նոր միայն կխոսենք մնացածի մասին` ավելի ուշ:

- Այսինքն` ինչպե՞ս պետք է Գայանեի հարցով զբաղվեք:

- Մեր աջակցությամբ:

- Ի՞նչ աջակցություն, եթե նստացույցը դադարեցրել եք:

- Դե արդեն էլ ոչ մի բան չէինք կարող անել, դրա համար էլ դադարեցրինք: Փաստաբանների հայտարարությունը կարդացինք ու այդպես որոշեցինք:

- Տարբեր կարծիքներ են հնչում, ասում են, որ թե փաստաբանները, և թե ծնողներն ընդհանուր հայտարարի են եկել իշխանությունների հետ, դրա համար էլ ակցիաներն ու պայքարը դադարեցնում են:

- Փաստաբանները նրա ընտանիքի հետ են ընդհանուր հայտարարի եկել:

- Իսկ Գայանեի հարազատները ձեզ հետ չե՞ն խոսել:

- Չէ, մենք ընդհանրապես չենք տեսել նրանց, սակայն լսելով փաստաբանների առաջարկը, որոշել ենք ակցիան դադարեցնել: Փաստաբաններն են այս գործով զբաղվել, ուստի մենք պարտավոր ենք փաստաբաններին ենթարկվել, ընդունելով նրանց առաջարկը:

- Փաստաբանների հետ ի՞նչ եք խոսել:

- Քանի որ մենք կարդացել էինք փաստաբանների հայտարարությունը, որոշեցինք այդպես անել, իրավունք չունեինք առարկել, նրանց առաջարկը մերժել:

- Կարծում եք՝ այդպես կօգնե՞ք:

- Չեմ կարող ասել օգտակար կլինի, թե ոչ, բայց հարազատությունն ա մեզ խնդրել, մեզ չէ, ավելի ճիշտ` փաստաբաններին:

- Հիմա ձե՞զ են խնդրել Գայանեի հարազատները, թե՞ փաստաբաններին:

- Փաստաբաններին: Մենք չենք տեսել: