Փաշինյանը փաստեց՝ ինքը երբեւէ հայկական շահերի պաշտպան չի եղել ու չի լինելու

Փաշինյանը փաստեց՝ ինքը երբեւէ հայկական շահերի պաշտպան չի եղել ու չի լինելու

Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի կարծիքով ամենեւին էլ զուգադիպություն չէ, որ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը վերահաստատում է Արցախի վերաբերյալ դեռեւս անցած տարվա դեկտեմբերի 24-ի առցանց ասուլիսին հնչեցրած աղմկահարույց դիրքորոշումը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին Փաշինյանը իր ասուլիսում ասել էր, թե երբ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նախկինում ասում էր՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, իսկ հիմա չի ասում, որ «իր բանակցություններն այն մասին էին, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, այլ որ Արցախը պետք է հայկական մնար»։

«Դրա հետ էլ համաձայն չեմ, որովհետև Արցախը չէր կարող ամբողջությամբ հայկական լիներ։ Ի՞նչ նկատի ունենք՝ հայկական։ Այդ բանակցություններից ակնհայտ էր, որ Արցախը՝ ԼՂԻՄ-ը, ունենալու էր թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական բնակչություն, ԼՂ-ում արդյո՞ք լինելու էր օրենսդիր իշխանություն՝ այո, լինելու էր, բայց այն ամբողջությամբ հայկական չէր լինելու, լինելու էր ադրբեջանական քվոտա ու հայկական քվոտա», - նշել էր Հայաստանի ղեկավարը:

Երեկվա առցանց ասուլիսի ժամանակ էլ կարգավորման սկզբունքների վերաբերյալ աղճատված հայտարարությամբ փորձեց «հիմնավորել » Արցախի ադրբեջանական լինելը․

«Մադրիդյան սկզբունքները, երբ բանակցությունների հիմք են դարձել, այնտեղ արձանագրված սկզբունքներից մեկը տարածքային ամբողջականության սկզբունքն է, որ երկու կողմն էլ ընդունել են որպես բանակցությունների հիմք: Դե յուրե՝ Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս 1992 թվականից ճանաչել են սահմանների անձեռնմխելիությունն ու տարածքային ամբողջականությունը, ընդ որում՝ ԱՊՀ-ում գոյություն ունեցող սահմանների և տարածքների շրջանակում, սակայն դրանից խնդրի բազմաթիվ նրբություններ չեն լուծվում»,- հայտարարեց նա: 

«Դեկտեմբերի 24-ի հայտնի ասուլիսից հետո, երբ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ Արցախի հարցով արցախցիներն իրավունք ունեն որոշում կայացնելու, դրանով հակադարձեց Փաշինյանի այն պնդումը, թե Արցախի հարցով լուծումը պետք է ընդունելի լինի թե ադրբեջանցիների, թե արցախցիների համար, Հարությունյանը ասաց, որ դա արցախցիներիս համար ընդունելի չէ։ Ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանը վերջին ասուլիսում վերահաստատեց այդ մոտեցումը, որ Արցախը մենակ հայկական տարածքներ չի եղել, Փաշինյանը փաստեց, որ ինքը երբեւէ հայկական շահերի պաշտպան չի եղել, չի լինելու, նա աշխարհի բոլոր ժողովուրդների շահերը կարող է պաշտպանել, բացի հայկականից, քանի որ իր առջեւ դրված ծրագրում հայկական շահը տեղ չունի»,- ասաց Դավիթ Գալստյանը։

Նրա խոսքով՝ հայ մարդը Արցախը չի կարող իբրեւ ադրբեջանական տարածք դիտարկել․«Նրա երակներով առնվազն պետք է թուրքի արյուն հոսի, որպեսզի դիտարկի որպես ադրբեջանական տարածք»։

Կարինե Մովսիսյան