Եվ մի կին օպերատոր

Եվ մի կին օպերատոր

Գուցե Հանրապետության հրապարակի շենքերի վրա բացված անցքերի հետ կապված աղմուկն անսպասելի էր, փոքր-ինչ չափազանցված եւ մեր խնդիրներին ոչ այնքան համարժեք, բայց մարդու սիրտը փառավորվում է՝ տեսնելով, թե ինչպես է մեր, իբրեւ թե, անտարբեր ու իներտ հասարակությունը վրդովվել այդ անցքերից։ Ուրեմն ամեն ինչ կորած չէ, եւ մեր հասարակությունը գիտի հայրենիքի, մշակույթի, հուշարձանների արժեքն ու ցավում է դրանց ապականման համար։ Բայց որքան ողջունելի եւ հուսադրող է հանրային վերաբերմունքը, նույնքան նողկալի է իշխանությունների պահվածքը՝ այդ նույն թեմայի հետ կապված։

Նախ, սկսեցին հայտարարել, թե ոչ բոլոր անցքերն են իրենք արել՝ նախկին ժամանակներում էլ են հուշարձան շենքերի վրա անցքեր բացվել։ Կարծես թե նախորդների վանդալիզմը որեւէ կերպ արդարացնում է իրենց արածը։ Այո, մեր աչքի առաջ Աբովյան, Արամի, Բուզանդի փողոցներում գեղեցիկ, հնագույն շենքեր են ոչնչացվել, եւ մենք օրեր շարունակ պայքարել ենք, բայց չենք կարողացել դա կանխել։ Բայց չէ՞ որ այսօրվա իշխանության եկածների մի ստվար զանգվածը ժամանակին Մաշտոցի պուրակի, թամանյանական շենքերի պահպանման համար պայքարողներն էին, մի՞թե այդքան շուտ մոռացան ու հրաժարվեցին իրենց սկզբունքներից։

Հաջորդիվ հայտարարեցին, թե ծակ է, էլի, տոները վերջանան՝ կփակենք։ Պատկերացրեք՝ Լեոնարդո Դա Վինչիի կտավը վնասեն, ներկարար կանչեն, ասեն՝ ներկով փակի վնասված մասը։ Եվ ամենանողկալի քայլը, որ երեկ արեցին այս մանիպուլյատորները՝ մի տեսագրություն դրեցին շրջանառության մեջ, թե մեխը պատի մեջ մտցնում է թիվի 5-ի օպերատորը։ Ուրեմն կին օպերատորը՝ առանց դռելի ու մուրճի մեխ է խփում պատի մեջ։ Լավ, մի մեխի մեղքը բարդեցիք ընդդիմության վրա, իսկ մնացած 7 հազար 999 մեխն ո՞վ է խրել այդ պատերի մեջ։