Հիշենք ընդամենը 3-4 ամսվա վաղեմության հայտարարությունները

Հիշենք ընդամենը 3-4 ամսվա վաղեմության հայտարարությունները

Արդեն քանի օր է քննարկվում է սեպտեմբերի 21-ը՝ Հայաստանի Հանրապետության 30-րդ ամյակը նշել-չնշելու հարցը: Նիկոլ Փաշինյանն ասել է «Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում լինելու է մասշտաբային ու գունագեղ տոնակատարություն, և այդ տոնակատարությունը, իհարկե, առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, ինքնիշխանության, Արցախի համար իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակին»: Նրա քաղաքական թիմի ներկայացուցիչները, հայտնի թռչնակի նման կրկնում են այս միտքը, նրա կարծիքը չկիսողները տոնական միջոցառում կազմակերպելը որակում են դավաճանություն, անբարոյականություն, սրբապղծություն, հիշատակի անարգանք եւ այլն:

Բայց եթե հիշենք ընդամենը 3-4 ամսվա վաղեմության հայտարարությունները, ամեն ինչ տրամաբանական կդառնա: Հունիսի 20-ի Աժ արտահերթ ընտրության քարոզարշավի օրերին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ հպարտ է, որ պարտության պատասխանատուն ինքն է: Իսկ այս պարտության բաղադրիչներն են՝ հազարավոր լուսավոր երիտասարդների մահերը, Արցախի 80 տոկոսի կարուստը, Հայաստանի առանձին հատվածներում ազերիների իշխանության հաստատումը:

Մարդը սրանով հպարտ է, մարդը սրանում ողբերգություն չի տեսնում, մարդը ամեն ինչ արել է սրան հասնելու համար, էլ ինչո՞ւ պիտի գունագեղ միջոցառում չկազմակերպի:

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ