Օնկոլոգիայի կենտրոնի շուրջ կրքերը չեն հանդարտվում

Օնկոլոգիայի կենտրոնի շուրջ կրքերը չեն հանդարտվում
Արսեն Թորոսյան

Երեկ հանրապետությունում 2 թեժ կետ կար․ մեկը Սահմանադրական դատարանն էր, մյուսը՝ առողջապահության ոլորտը եւ Արսեն Թորոսյանի չկայացած ասուլիսը, ապա ավելի ուշ՝ սեփական էջից «լայվը»։ Իհարկե, նրա ընդդիմախոսները կատարվածը որակեցին որպես ճողոպրում ասուլիսից, իսկ հետո Ֆեյսբուքում «առյուծ կտրել»։
Մինչ այդ համացանցում տարբեր բժիշկներ ու ուռուցքաբաններ քննադատեցին Արսեն Թորոսյանին եւ դրվատեցին նախօրեին աշխատանքից ազատված ՀՀ գլխավոր ուռուցքաբան, կենտրոնի այլեւս նախկին տնօրեն Արմեն Տանանյանին, որին կենտրոնի աշխատակիցները ծափերով ճանապարհեցին։ Իսկ նախարար Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր հակընդդեմ նյութ՝ իրանական առողջապահական մի կազմակերպության զեկույցը՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ռադիոթերապիայի բաժնում ներդրումներ կատարելու իրանական տխուր փորձի ու ծագած խնդիրների մասին։

Ըստ այդ «զեկույց» կոչվող փաստաթղթի՝ «Վարան պարթո դարման» ընկերությունն Իրանի Հանրապետությունում մասնագիտացած է եղել քաղցկեղի բուժման ռադիոթերապիայի սարքավորումների տեղադրմամբ եւ շահագործմամբ, նման 30 սարքավորումներ տեղադրած է եղել, երբ 3 տարի առաջ եղել է Հայաստանում եւ այցի ընթացքում տեղեկացել է, որ Հայաստանում, ըստ ԱՎԾ տվյալների, տարեկան քաղցկեղով հիվանդանում է 7 հազար մարդ, իսկ Հայաստանն էլ քաղցկեղով հիվանդացության ու մահացության ցուցանիշներով աշխարհի երկրներում զբաղեցնում է առաջին հորիզոնականներից մեկը։ Ըստ իրանական զեկույցի՝ այդ ժամանակվա դրությամբ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղադրված ռադիոթերապիայի 3 սարքերից երկուսը ենթակա չեն եղել շահագործման, եւ միայն մեկ պարզունակ սարք է աշխատելիս եղել, որը, ըստ իրանցիների, թե՛ քանակական,  թե՛ որակական առումով չէր կարող բավարարել «երկրում քաղցկեղի բուժման պահանջները»։

Ուստի, որոշել են կենտրոնը սարքավորումներով համալրելու համար խոշոր ներդրումներ կատարել։ Ընկերների միջոցով ծանոթացել են կենտրոնի տնօրեն  Տանանյանի հետ, քննարկել են, որոշվել է Հայաստանում ընկերություն գրանցել եւ իրենց գործունեությունն իրականացնել այդ ընկերության միջոցով։ Ըստ  «իրանական զեկույցի»՝ ընթացքում բժիշկ Տանանյանը պահանջել է այդ ընկերության բաժնետոմսերի 50 տոկոսը։ Քանի որ ի սկզբանե սարքի ձեռքբերման ամբողջ ծախսերը պետք է կատարեր իրանական կողմը, նրանք առարկել են «բաժնետոմսերի» այդ քանակի վերաբերյալ, եւ պատասխանը եղել է, որ Հայաստանում ցանկացած ներդրումների պարագայում հարկավոր է բաժին հանել երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին, եւ պահանջված 50 տոկոսի մի մասը հատկացվելու է «երկրի բարձրաստիճան ղեկավարի շրջապատին»։

Ընկերության ներկայացուցիչները, ըստ ներկայացված փաստաթղթի, չեն կարողացել չեղարկել գործարքը, քանի որ սարքն արդեն պատվիրված է եղել, ու բավականին գումար է ներդրված եղել։ Ստիպված համաձայնել են։ Իհարկե, մինչ այդ էլ Հայաստանում Իրանի դեսպանատանն անցկացված ոչ պաշտոնական քննարկումների արդյունքում «բարձրաստիճան պաշտոնյայի մասնակցությունն այդ գործում հաստատվել է»։

Ի վերջո՝ նորաստեղծ «Իրա մեդիքլ գրուպ» ընկերության բաժնետոմսերի 50 տոկոսը հատկացվել է Արմեն Տանանյանի եղբորը՝ Հայկ Տանանյանին, եւ ըստ պայմանագրի՝ Ուռուցքաբանության կենտրոնից վարձակալվել է ռադիոթերապիայի բաժնի տարածքի մի մասը, որպեսզի սարքը գործի հիվանդանոցից անկախ։ «Մենք համաձայնեցինք, որ կվճարենք սարքի ձեռքբերման ամբողջ ծախսը, եւ հակառակ կողմը պետք է կատարի վարձակալված տարածքի վերանորոգման ծախսերը, նաեւ ձեռք բերի մի շարք սարքավորումներ, որոնց թվում՝ UPS, հովացման համակարգ եւ բունկերի դուռ»,- գրված է նամակում։

Երկու կողմի կատարած ծախսերը պետք է փոխհատուցվեին սարքի շահագործման եկամտից։ Սակայն, ըստ իրանցիների, հետո Արմեն Տանանյանը հայտարարել է, որ երկրում կայացած ընտրությունների ժամանակ մեծ գումարներ է ծախսել եւ չի կարող կատարել խոստացվածը, որոնք եւս իրանցիներն են վճարել։ Նույնիսկ բունկերի դուռը պատրաստվել է Իրանում, եւ մինչեւ գործի ավարտը հայկական կողմն անգամ մեկ լումա չի ներդրել այդ նախագծում։ Վերջում էլ, ըստ իրանցիների, Արմեն Տանանյանի խարդավանքների արդյունքում Իրանի առողջապահության փոխնախարարի ու իրանցի պաշտոնյաների մուտքը սարքավորումների «բացման արարողությանը» խոչընդոտվել է։

ՀՀ-ում ԻՀՀ դեսպանատան միջամտության շնորհիվ, ի վերջո, իրանցիները բացմանը ներկա են գտնվել, բայց միայն բունկերի տարածքում։ Պարզվում է՝ Տանանյանն այս առիթով հրապարակավ կամ ոչ, նախկինում ինչ-որ կարծիք հայտնել է, քանի որ, ըստ իրանցիների, սարքի օգտագործված լինելու, իրենց խարդախ լինելու մասին Տանանյանի հայտարարությունները ստահոդ են։ Նաեւ իրանցիները զեկույցում նշել են, որ դիմել են իրենց Տանանյանի հետ ծանոթացրած անձանց, սակայն վերջիններս ասել են, որ իրենցից պետք չէ ոչ մի օգնություն ակնկալել, իրենք ոչ մի կապ չունեն այս նախագծի իրականացման հետ։

Հետո անգամ դիմել են ՀՀ նախկին նախագահին (Սերժ Սարգսյանին), բայց ոչ մի օժանդակություն չեն ստացել։ Վերջում նշվում է, որ սարքի տեղադրումից անցել է 3 ամիս, սակայն այն չի շահագործվում, արդյունքում տուժում են Հայաստանի քաղցկեղով հիվանդները։

Մենք հայթայթեցինք սույն իրանական կազմակերպության պաշտոնյաներից մեկի հեռախոսահամարը, եւ վերջինս ի դեպ, մաքուր հայերենով ասաց, որ նախարար Թորոսյանին եւ առհասարակ՝ այս պատմությունը չի մեկնաբանում։ Խնդրեցինք․ «Գոնե ասեք՝ նախարարը ճի՞շտ է ասում»։ Իրանցին ի պատասխան ասաց․ «Սսացի՝ մենք պատրաստ չենք մեկնաբանել» ։
Փոխարենը Արմեն Տանանյանը պատրաստ էր, բայց մեկ նախադասությամբ։ «Այս հարցը շատ վաղուց ուսումնասիրվել է, ստուգվել է, քննություն է կատարվել համապատասխան մարմինների կողմից, եւ իմ անմեղությունը հաստատված է, եւ այլեւս որեւէ մեկնաբանություն չեմ տալու։ Շատ շնորհակալ եմ Ձեր զանգի համար»։ Պարոն Տանանյանին հարցրինք՝ ե՞րբ, նախկին իշխանությունների օրո՞ք։ Ասաց․ «Ասում եմ՝ շատ վաղուց»։

Խոսեցինք նաեւ այս ոլորտի լավագույն մասնագետներից մեկի՝ Արմեն Տանանյանի հետ ուռուցքաբանության կենտրոնը լքած փոխտնօրեն Վարուժան Շահսուվարյանի հետ, ում նախ հարցրինք, թե ինչու որոշեց հեռանալ։ «Որովհետեւ իմ համար Թորոսյանի հրամանը բացատրություն չուներ։ Տանանյանի ղեկավարությամբ եւ իմ փոխտնօրեն եղած ժամանակ մենք էնքան ձեռքբերումներ ենք ունեցել, որոնք ինքը նախարարության ներկայացուցիչների մոտ չգիտեմ ինչ ներկայացրեց։ Այդ պատճառով էլ ես այդ բացատրությունը չհասկանալով, եւ որեւիցե մեկը բացատրություն, ըստ էության, չտվեց էլ, որ հասկանայի, ես էլ իմ հրաժարականը տվեցի»։ Ինչ վերաբերում է տնօրենի պաշտոնակատար նշանակված Նարեկ Մանուկյանին, ապա նախկին փոխտնօրենն ասում է, որ նա  պարկեշտ մարդու տպավորություն է թողել, եւ հեռանալիս էլ նրան հաջողություն է մաղթել։