Գյումրու համայնքապետարանում կադրային սո՞վ է

ՔՊ-ականների փրայմերիզով Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար ընտրված Սարիկ Մինասյանը մինչ քաղաքապետի աթոռին նստելը հայտարարեց, որ Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի մեծ մասին ծանոթ է, միասին աշխատել են, իր գործընկերներ են եւ նախկին պրոֆեսիոնալ կադրերից ազատվելու ցանկություն չունի։ Համայնքապետարանի աշխատակազմի մեծ մասը Մինասյանին իրոք ծանոթ էր, քանի որ նա 2013-2017 թվականներին՝ Սամվել Բալասանյանի օրոք, զբաղեցրել է Գյումրու քաղաքապետարանի բյուջեի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի պաշտոնը։ Բայց ստացվեց այնպես, որ Սարիկ Մինասյանի՝ համայնքապետարան ոտք դնելուն պես, մի շարք առանցքային պաշտոններ զբաղեցնող անձիք ազատման դիմումներ գրեցին։ Հայեցողական պաշտոններ զբաղեցնող աշխատակիցները՝ համայնքապետի օգնականները, խորհրդակնները միանգամից հեռացան, փոխարենը, ժամանակ չկորցնելով՝ համայնքապետարան վերադարձան ՔՊ-ական նախկին երկու փոխքաղաքապետերը՝ վարչապետի կնոջ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը՝ Վահագն Մկրտչյանը, եւ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հորեղբոր որդին՝ Արթուր Պապիկյանը։ Երկուսն էլ այս պահին Սարիկ Մինասյանի օգնականներն են։ ՏԻՄ ընտրություններից հետո, երբ, ըստ «Քաղաքացիական պայմանագրի» ՝ քաղաքապետի պաշտոնն այլևս իրենցը կլինի, Պապիկյանն ու Մկրտչյանը կրկին կնշանակվեն փոխքաղաքապետեր։ Բանն այն է, որ այս փուլում օրենքով փոխքաղաքապետեր թույլ չի տրվում նշանակել։
Ընդամենը օրեր առաջ էլ ՔՊ-ական քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը համայնքապետարանի քաղաքաշինության բաժնում՝ որպես գործակալ, աշխատանքի է ընդունել Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության երկարամյա պետ Ալբերտ Մարգարյանին։ Նրան, երբ Սամվել Բալասանյանի պաշտոնավարման ժամկետն էր լրացել, մինչ նոր ընտրությունները Փաշինյանը նշանակել էր Գյումրու համայնքապետի պաշտոնակատար։ Մարգարյանը․ որ ընդամենը 22 օր կառավարեց քաղաքը, մոլեռանդ ձևով աշխատանքից ազատեց բալասանյանականներին, սակայն Վարդգես Սամսոնյանի ընտրվելուց հետո, նրանք օրեր անց հետ վերադարձան իրենց գործին։ Ուշագրավ է, որ Մարգարյանը «Բալասանյան դաշինք»-ի եւ «Քաղաքացիական պայմանագրի» համատեղ կառավարման ժամանակ նշանակվեց քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի խորհրդական։ ՔՊ-ականների՝ հուշագիրը խզելուց ու պաշտոնները լքելուց հետո նա ևս հեռացավ քաղաքապետարանից։
Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Բադալյանը 13 տարի աշխատելուց հետո ևս , մի քանի շաբաթ է՝ այլևս աշխատանքի չի գնում, իսկ ըստ տեղեկությունների, նրան շուտով փոխարինելու է Ախուրյանի միասնական սոցիալական ծառայության պետ Սերգեյ Իսրայելյանը, որը Սարիկ Մինասյանի մտերիմն է եւ մոտ օրերս ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը որոշում կկայացնի՝ նրան նշանակել Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար։
Նկատենք, որ թափուր են «Գյումրու կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկի տնօրենի, գովազդի բաժնի, ֆինանսատնտեսական բաժնի եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետերի պաշտոնները։ 4 բաժնի պետերն էլ նախկին քաղաքապետ Բալասանյանի կադրերն էին եւ նրանց փոխարեն համայնքապետարանի պաշտոնական կայքէջում նշված է տեղակալների անունները։ 4-ն էլ աշխատանքից ազատման դիմում գրեցին Սարիկ Մինասյանի՝ համայնքապետարան ոտք դնելուն պես։
Կարծիքներ