Փրկում ենք Հայաստանը 

Փրկում ենք Հայաստանը 

Միքայել Մինասյանի առաջարկը՝ Փաշինյանին հեռացնել «Իմ քայլի» միջոցով, առաջին հայացքից կարող է ծիծաղելի թվալ, բայց դա Փաշինյանի համար պաշտոնը թողնելու թերեւս ամենապատվաբեր տարբերակն է, որը, ի դեպ, ՀՀ Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում է, հայտնի են նաեւ բոլոր ընթացակարգերը: Դա լինելու է ԱԺ 2018թ. մայիսի 7-8-ի նիստերի նման մի նիստ, որտեղ ՀՀԿ-ի դերը կատարելու է «Իմ քայլը», այն տարբերությամբ, որ «Իմ քայլը» պետք է լինի առավել ակտիվ եւ նախաձեռնող: Վերջ: Հաջորդ առավոտյան մենք կարթնանանք միանգամայն նոր վարչապետով:

Բայց մինչ այդ ես Միքայել Մինասյանին հարցեր ունեմ: Օրինակ՝ այսպիսի հարց. ո՞վ է կազմավորել Նիկոլ Փաշինյանի թիմը, որ այս տիրական տոնով հրահանգներ եք տալիս ու մի բան էլ ակնարկում, թե 1-2 մարդ կա նրանց մեջ, որ կարող է վարչապետ դառնալ: Խնդրում եմ ինձ սխալ չհասկանալ: Ինձ մնար՝ Նիկոլին հենց Գյումրիում կբռնեի ու կուղարկեի աշխատանքային գաղութ: Բայց լավ չեմ հիշում, թե ով թողեց, որ նա քայլելով գա Երեւան եւ դառնա վարչապետ: Ես այս հարցի պատասխանը դեռ չունեմ, պարոն Մինասյան, դա ո՞ւմ ծրագիրն էր: Զինվորականներին փողոց հանեցին, ոստիկանության սպաներին հեղափոխական հարթակների վրա դրեցին... Նիկոլն էդքան կա՞ր, որ մի ամբողջ զորամասի ստիպեր դասալքել կամ ոստիկանության սպային զոռով բերեր հարթակ: Ես ինչ-որ կասկածում եմ: Պարոն Մինասյան, Դուք այսօր խոսում եք փրկության կամ ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու մասին: Ինչո՞վ էր Կարեն Կարապետյանի կառավարությունը վատ: Թե՛ գերտերությունների ու դաշնակիցների հետ հարաբերություններն էին նորմալ, թե՛ ներդրումներ կային, թե՛ աշխատատեղեր էին բացվում: Ու էդ ի՞նչ տեղի ունեցավ, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի փոխարեն մի միջակ ընդդիմադիր գործիչ հայտնվեց վարչապետի աթոռին: Արդյոք, Նիկո՞լը տապալեց Կարապետյանին... Ես այս հարցի պատասխանն էլ չունեմ: Լավ, պարոն Մինասյան, ինչ եղել՝ եղել է, եկեք առաջ նայենք: Ահավասիկ, առաջարկում եք, որ «Իմ քայլը» Նիկոլի փոխարեն այլ վարչապետ ընտրի: Համամիտ եմ Ձեզ հետ, բայց նաեւ մտածում եմ, որ Դուք արդեն ունեք Ձեր նախընտրած թեկնածուն: Դա էլ ասեք, հանգստանանք, գնանք քնենք: Միայն մի խնդրանք՝ հանկարծ Արման Բաբաջանյան չառաջարկեք: Դա Նիկոլի ավելի վատ տեսակն է: