Եկեղեցին կարիք չունի որեւէ մեկին կանչելու` լինի ամենաբարձր պաշտոնյան․ թեմի առաջնորդ

Եկեղեցին կարիք չունի որեւէ մեկին կանչելու` լինի ամենաբարձր պաշտոնյան․ թեմի առաջնորդ

Հարցազրույց Արմավիրի թեմի առաջնորդ տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի հետ։

- Կառավարությունը ամեն ինչ անում է, որ Հայ առաքելական եկեղեցին ամբողջապես հարկային դաշտ բերվի եւ հարկվի` ինչպես շարքային սուբյեկտներն են հարկվում, այս քաղաքականության վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունեք։
 

-Մեր եկեղեցին միակ եկեղեցին է եղել հետսովետական շրջանում, որ պետությունից ոչ մի բան չի պահանջել։ Մյուս բոլոր հանրապետությունները՝ Վրաստան, Ռուսաստան, Մոլդովա, բոլորն իրենց պետություններից ստացան, վերադարձվեցին նրանց ունեցվածքները, իսկ այսօր էլ նյութական աջակցություն են ստանում պետությունից։ Վրաստանում Հայ առաքելական եկեղեցին վրաց պետության կողմից աջակցություն է ստանում։ Եկեղեցու հողերն ու շենքերը բռնազավթված է եղել եւ եկեղեցիների մեծ մասը մնացել է այդ կարգավիճակում։ Եթե կառավարության տեսանկյունից ենք նայում հարցին, ուրեմն պետք է եկեղեցու գույքն էլ վերադարձվի եկեղեցուն։ Աշխարհում չկա մի երկիր, որ հարկի եկեղեցին։

-Սա ճնշում եք համարո՞ւմ եկեղեցու նկատմամբ։

-Եկեղեցուն ճնշել հնարավոր չէ։ Ով  մտածում է, որ կարող է եկեղեցուն ճնշել՝ սխալվում է։ Եթե ճնշում ես եկեղեցուն, ճնշում ես ինքդ քեզ, որովհետեւ եկեղեցին դու ես, եկեղեցին միայն Վեհափառը չէ, ժողովուրդն ու մարդն է եկեղեցին։ Ոչ մեկը չի կարողացել եկեղեցուն ճնշել, դա թող իրենց մտքից հանեն։ Սովետական մամլիչ ուժը չկարողացավ դա անել։ Թո՛ղ ոչ ոք չփորձի նման բան անել եկեղեցու դեմ։ 

-Կառավարության կողմից կազմակերպվող պետական միջոցառումներին Հայ առաքելական եկեղեցու սրբազան հայրերը, հոգեւոր դասը չի մասնակցում։ Նույնը եւ եկեղեցում տեղի ունեցող միջոցառումներին: Արդյո՞ք իշխանության եւ եկեղեցի հարաբերությունները այնքան լարված են, որ իշխանությունը չի կարողանում հաղթահարել դա։

-Արմավիրի մարզում, Փառք Տիրոջ, մենք այդ խնդիրը չունենք։ Արմավիրի բոլոր մարզպետների հետ աշխատել ենք, հրավերներ ունեցել ենք, իրենք էլ միշտ մասնակցում են, մարզում մենք այդ խնդիրը չունենք վստահաբար։ 

-Կենտրոնական իշխանության մասին է խոսքը։

-Կենտրոնական իշխանության հետ վերջին տարիներին իսկապես նման բան կա։ Բայց Մայր Աթոռի վերաօծման եւ մյուռոնօրհներքի ժամանակ մասնակցեցին իրենք մեր հրավերով։ Բայց պետական միջոցառումներին, այո, չենք մասնակցում, գնում ենք առանձին։

-Գալիս եք, երբ իշխանությունը գնում է, եւ Փաշինյանը գալիս է, երբ Վեհափառն է հեռանում։ Ինչպե՞ս հաղթահարել այս տարաձայնությունը։ Պետությունը ուժեղ է, երբ միասնական են եկեղեցին ու իշխանությունը։

-Պետք է հաղթահարվի սիրով։ Մեր Տիրոջ վերջին պատգամն էր՝ սիրեք իրար։ Մեր տերը, որ մեզ ստեղծել է, գիտի մարդկային տկարությունները, դրա համար պատգամեց՝ սիրել իրար։ Անցել է երկու հազար տարիներ ավել, մարդը զարգացել է, սակայն իր էությամբ չի փոխվել։ Մարդկության մեջ դեռ մնացել են իրար չսիրելու և չհարգելու արատավոր երեւույթները։ 

-Ի՞նչը չեն կիսում իրար հետ եկեղեցին եւ իշխանությունը։

-Եկեղեցին բան չունի կիսելու։ Վեհափառը որեւէ մեկի միջեւ տարբերություն չի դնում։ 

-Վերջին 7 տարիներին իշխանության ներկայացուցիչները Մայր Աթոռ չեն գալիս, չեն մասնակցում օրացույցային տոներին։ Նախկինում ավանդույթ կար՝ երկրի բարձրագույն իշխանությունը մասնակցում էր եկեղեցական բոլոր օրացուցային միջոցառումներին։ Փաշինյանը չի մասնակցում, մյուս ՔՊ-ականները` եւս, այդ թվում՝ Արմավիրի մարզպետը։ 

-Եկեղեցու դռները բաց են, եթե որեւէ մեկը կարիք ունի եկեղեցու օրհնությանը՝ կարող է գալ, հրավերի կարիք չունի։ Եկեղեցին կարիք չունի որեւէ մեկին կանչելու, լինի դա ամենաբարձր պաշտոնյան։ Մարդը հո ամբողջ կյանքում պաշտոն չի ունենո՞ւմ։ Եկեղեցու դռները բաց են բոլորի առջեւ։

- Իշխանության եւ եկեղեցու միջեւ հարաբերությունների լարվածությունը ՔՊ-ականները պայմանավորում են Վեհափառ Հայրապետի անձով, կա՞ նման բան։
 

-Չեմ կարծում։ Վեհափառն ամեն ինչով, իր բոլոր գործողություններով միշտ աջակցել, այսօր էլ աջակցում է պետությանը։ Վեհափառ Հայրապետը քանի նախագահ ու վարչապետ է փոխել եւ մինչեւ հիմա իր գահին բազմած է։ Եթե Վեհափառի հետ որեւէ մեկը խնդիր ունի, ուրեմն խնդիր ունի նաեւ եկեղեցու եւ ամբողջ հայության հետ։ Նա ընտրված կաթողիկոս է ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ հայության համար։ 

- Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Հայաստանի ՔՊ-ական իշխանությունը ոչ ուղիղ, քողարկված բարձրացնում է Հայոց Ցեղասպանության լինել-չլինելու հարցը։ Փաշինյանն ասում է՝ դեռ պետք է հասկանալ Սովետական Հայաստանում ինչպե՞ս եղավ, որ սկսեցին խոսել ցեղասպանության մասին, ուզում են հաշվել զոհերին` անուն առ անում եւ այլն։ Ինչի՞ են ուզում հասնել  ՀՀ իշխանություններն այս խոսույթով։

-Մենք, որպես ժողովուրդ, ոչ մի դեպքում նման մտքեր չունենք մեր մեջ, եթե անհատներն ունեն՝ իրենց գործն է։ Ցեղասպանության առաջին հուշարձանը կառուցվել է Մայր Աթոռում՝ մինչեւ Ծիծեռնակաբերդի բացումը։ Դեր Զորից բերված մեր նահատակների մասունքներն այնտեղ զետեղված են։ Առաջինը մենք ենք հուշարձանը բարձրացրել։ Ժողովրդի կարծիքն է կարեւոր, մենք կտեսնենք, թե ինչպես է ժողովրդի հոծ բազմությունը ապրիլի 24-ին բարձրանում Ծիծեռնակաբերդ։ Դա է մեզ համար կարեւոր։ 

-Իշխանությունը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության հարցի միջազգայնացումն ու ճանաչումն իրենց օրակարգում չէ։ Ի՞նչ վտանգներ եք տեսնում սրանում։

-Սխալ է այս մոտեցումը։ Այն ժամանակ, երբ մենք պետություն չունենինք, այլ պետություններ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են։ Չեն կարող ջնջել պատմությունը, որովհետեւ պատմությունը մենք ենք։ Եթե մենք շարունակենք պահանջել, ամեն պարագային բարձրացնել այս հարցը՝ կշարունակենք մեր գործը։ Այո, սխալ է, որ պետությունը նման կարծիք ունի, դա մոռանալ հնարավոր չէ, եթե մոռացանք անցյալը, կմոռանանք ներկան եւ ապագան։ 

Մանրամասները՝ տեսանյութում։