Ներկա վարչախումբը Անկախության օրը չի կարող ընդունել տոն. Արա Սահակյան

Ներկա վարչախումբը Անկախության օրը չի կարող ընդունել տոն. Արա Սահակյան

1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի քաղաքացիներն առաջին անգամ պաշտոնապես ու բաց, առանց վախենալու հայտնեցին Խորհրդային Միության կազմից դուրս գալու, անկախ, ժողովրդավարական պետություն ունենալու իրենց ցանկության մասին: Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող 2 մլն 163 հազարից անկախ ապրելուն կողմ էր քվեարկել 2 մլն 42 հազար 617 մարդ: 

Եվ այդ օրվանից սեպտեմբերի 21-ը մեր ամենավառ տոնն է: Եվ նշում էինք այն, ինչպես նույն` Խորհրդային Միության տոները՝ շքերթով, փուչիկներով, ժողովրդական ինքնագործ խմբերով, որոնք փողոցում երգում-պարում են: Հանրային հեռուստատեսությունը, շեշտելով տոնը, ամեն տարի նոր եթերաշրջանը սկսում էր հենց սեպտեմբերի 21-ին: Այսօր նախկին շուքը կարծես չկա, ինքնագործ խմբերն ու փուչիկներն անհետացել են: Ինչպե՞ս ենք նշում տոնը, արդյոք սովորե՞լ ենք անկախ ապրել՝ հարցերն ուղղեցինք նորանկախ Հայաստանի նշանավոր քաղաքական գործիչներից Արա Սահակյանին` գիտնական, դասախոս, 1990 թվականին` ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1991 թվականի հոկտեմբերից` ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալ։ Այն պահին, երբ զանգահարեցինք նրան` զրուցելու, նա զբոսնում էր կենտրոնում: 

- Այն ժամանակ այդքան մարդ կողմ էր անկախությանը, հիմա կարո՞ղ ենք ասել, որ  մենք սովորել ենք անկախ ապրել: 

- Այո, սովորել ենք այնքան, որ նույնիսկ թվում է, թե չենք սովորել: Մեզ համար անկախությունը դարձել է կենսակերպ: Լավ հասկանում ենք, որ աշխարհում մենք` ինքներս մեր գլխի տերն ենք, որոշումները պետք է ինքներս ընդունենք ու պատասխանատվություն կրենք դրանց համար, ընտրենք դաշնակիցների, զգուշանանք հակառակորդներից: Այսինքն, մենք հստակ գիտենք մեր խնդիրների, առավելությունների ու մեր թերությունների շրջանակը: Հենց դա է անկախությունը, երբ դու գիտես, թե ով ես ու ինչպես ես կարողանում առաջ գնալ քեզ նման ժողովուրդների, պետությունների մեծ հորձանքում: 

 - Այդ դեպքում ինչո՞ւ մեր քաղաքացիներից շատերը երկքաղաքացիություն ունեն: Այսօր մտնում ես հայկական գյուղեր ու տեսնում ես, որ 30-40 տոկոսը նաև ՌԴ քաղաքացի են: Ինչպե՞ս սա կբացատրեք, եթե մենք սովորել ենք անկախ ապրել:   

- Զուտ տնտեսական պատճառներով, նաև` քաղաքակրթական ընդհանրությամբ: Մենք երկար տարիներ ապրել ենք Ռուսաստանի հետ, և նույն կայսրության կազմում ընդհանրություններ են ձևավորվել: Ռուսաստանում ապրելը հայերի համար չի ընկալվում որպես օտարություն, ղարիբություն: Հատկապես իմ սերնդի մարդկանց համար Ռուսաստանն ավելի ընդունելի է, ջերմ ու սրտամոտ է, հեռու չի և կրթական, և վարվեցողության ստանդարտներով, լեզվական անհաղթահարելի անջրպետ չկա մեր մեջ: Այս բոլորը բերել է նրան, որ Ռուսաստանում ապրելը չի համարվում մեզանում դառը պանդխտություն: Դա առաջին ամենամոտ դուռն էր, որը բացվեց պատերազմող, շրջափակման մեջ գտնվող Հայաստանի առաջ, որ մարդիկ գնան ու իրենց հացը վաստակեն: 

- Հիմա Դուք դրսում եք, զբոսնում եք, տարբերություն կա՞, թե նախկինում ինչպես էինք նշում Անկախության տոնը և այսօր: 

- Առավոտ կանուխ ստանում եմ զանգեր, հաղորդագրություններ, շնորհավորանքներ աշխարհի տարբեր ծայրերում ապրող իմ ընկերներից: Մարդկանց շրջանակը, ովքեր պարտավոր են զգում այս օրը նշել, մնում է ստաբիլ: Դա նշանակում է, որ ամեն ինչ ճիշտ է եղել: Մենք անկախության ճանապարհին արած ոչ մի քայլի համար չենք փոշմանել, նահանջելու կամ վերագնահատելու ոչ մի առիթ չունենք: Անկախությունը դա այն էր, որ այն ժամանակ մեզ պակասում էր, և այն է, որ մենք այսօր ունենք: Դա մեր պետական գոյության կերպն է: Այլ բան, որ անկախության տված հնարավորությունները պետք է օգտագործել, դա այլ, ընթացիկ քաղաքականության հարցեր են: 

- Բա ինչո՞ւ շքերթ, հանդիսություններ չկան այսօր: 

- Ներկա վարչախումբն Անկախության օրը չի կարող ընդունել տոն, ըստ սահմանման: 

- Ինչո՞ւ: 

- Հենց Անկախության հետ առնչվող իրադարձությունները, տարեդարձները նա օգտագործում է դա կեղտոտելու, ապականելու համար: Վերջին 30 տարվա իրադարձությունները նրանք ներկայացնում են որպես ձախողումների շրջան: Ամբողջ պետական համակարգը ներկայացնում են կոռումպացված, բոլոր ընտրությունները՝ կեղծված: Իրենք դրանով կեղծում և ապականում են մեր պատմությունը: 

 - Դուք է՞լ եք գտնում, որ դա դիտավորյալ է արվում: 

- Այո, իրենց բնորոշ ապականությունը նրանցից յուրաքանչյուրը փորձում է հաղորդել ամբողջ հասարակությանը: Սա է խնդիրը: 

- 91 թվականի Անկախության հանրաքվեն է՞լ են կեղծած համարում: Ինձ թվում էր, գոնե դրա արդարությանը կասկածող չպետք է լինի, ու դրանից հետո առաջին 8-9 տարիների հետ կապված` խնդիր պետք է չունենային: 

- 2018 թվականից առաջ նրանց համար Հայաստան գոյություն չունի: Եթե եղել է, ապա եղել է ձախողված երկիր, ձախողումների շրջան: Իրենց 18 թվականի փողոցային անկարգությունները նրանք ներկայացնում են, ինչպես բոլշեւիկներն էին ներկայացնում իրենց զինված հեղաշրջումը՝ որպես նոր դարաշրջան, նոր արևածագ, նոր մարդու սկզբնավորում: 

- Հենց դրանով իրենք տարբերվելու են այն քաղաքացիներից, որոնք իրենց բերեցին իշխանության, որոնք համամիտ չեն իրենց հետ այդ հարցում: 

- Հենց դրանով իրենք կործանվելու են: Իրենց ներսի որդը, իրենց ներսի թույնն իրենց ուտելու է: Ու քանի որ իրենք իրենց կործանելու են, ինքներս չենք հասցնի նրանց դուրս շպրտել: