Այդքան աշխատած լինեինք, թոշակի կգնայինք

Այդքան աշխատած լինեինք, թոշակի կգնայինք

Րոպեներ առաջ Araratnews.am կայքին հաջողվեց կապ հաստատել երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը ամուսնու եւ համատեղությամբ նաեւ պրոդյուսերի՝ Վահրամ Պետրոսյանի հետ:

Վերջինս ասաց, որ հիմա նրանք գտնվում են Կանադայում. «Ծանոթացել եմ ՊԵԿ-ի տարածած հայտարարության հետ և դրա մեջ չկա Լիլիթ Հովհաննիսյանի անունը: Վստահ եմ, այդ հայտարարությունը չի վերաբերվում Լիլիթին, քանի որ այս տարի գրեթե Հայաստանում չենք եղել՝ Լիլիթի համաշխարհային շրջագայության պատճառով: Իսկ 2018-ին Լիլիթը որևէ համերգ չի ունեցել՝ ոչ Հայաստանում, ոչ արտերկրում:

Վերջին երկու տարիներին ստիպված ենք եղել մերժել համերգների բազմաթիվ առաջարկներ, որպեսզի բոլոր այդ համերգներն ընդգրկենք 2019 թվականի «Dream world tour»-ի մեջ»: Ինչ վերաբերվում է այս տարվա բուռն համերգային գործունեությանը՝ չնայած նրան, որ նրանք իրավունք ունեն եկամուտները հայտարարագրել եւ հարկեր վճարել մինչեւ 2020-ի ապրիլը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած համերգի հարկերն արդեն իսկ վաղուց վճարվել են (առաջիկայում կհրապարակենք այդ մասին հավաստող փաստաթղթերը): 

Մեր այն հարցին՝ արդյո՞ք ՊԵԿ-ի տարածած հրապարակման մեջ նշված 384 միլիոն 600 հազար դրամը Լիլիթի հետ որևէ առնչություն ունի, պրոդյուսերն ասաց. «ՊԵԿ-ի անանուն հայտարարությունը Լիլիթի անվան հետ կապելը պարզապես լրագրողի երևակայության արդյունքն է, և առհասարակ, լրագրողները հաճախ են Լիլիթի և այլ հայտնիների անուններն անտեղի օգտագործում իրենց նյութերի վերնագրերում՝ 
ավելի բարձր ռեյտինգ ունենալու նպատակով: «Իհարկե, վատ չէր լինի, որ այդպես լիներ, նման եկամուտից հետո, սիրով թոշակի կգնայինք»,- կատակեց Պետրոսյանը: