Ալիեւը չեզոքացրել է մրցակցի՞ն
Երեկ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունն ԱԳ նախարարի ընդունարանից բերման է ենթարկել Սերբիայում, Մոնտենեգրոյում եւ Բոսնիա-Հերցեգովինայում արտակարգ եւ լիազոր դեսպան Էլդար Հասանովին: Այդ կապակցությամբ վերլուծական է հրապարակվել BBC-ի ադրբեջանական ծառայության կայքէջում:
Իրավապաշտպան Ասլան Իսմայիլովի կարծիքով՝ այդ «ձերբակալության պատճառներն ավելի խորն են»: Նա նշում է, որ Էլդար Հասանավը բավական «ուժեղ, խարիզմատիկ դեմք է, կապեր ունի ինչպես Հեյդար Ալիեւի թիմի՝ ներկայումս իշխանությունից դուրս գտնվող շատ անդամների, այնպես էլ՝ ընդդիմության հետ»: Ավելի հստակ է արտահայտվել Օքսֆորդի համալսարանի ունկնդիր Լեյլա Ալիեւան, որի կարծիքով՝ Իլհամ Ալիեւն «իշխանության մեջ բաժանարար գիծ է քաշել, եթե որեւէ ուժ կենտրոնական վերահսկողությունից դուրս է գալիս, նրա չեզոքացումը դառնում է անխուսափելի»:
Ի՞նչ են ակնարկում եւ մյուս՝ նույնաբնույթ մեկնաբանությունները: Կարելի է ենթադրել, որ ադրբեջանական վերնախավում տեղի են ունենում խմորումներ՝ կապված ապագա կողմնորոշման հետ, եւ այդ քննարկումներին մասնակից է եղել նաեւ նախկին դեսպան Հասանավը: Բացառված չէ, որ ընդդիմադիր խմբավորումներից մեկը Հասանովին դիտարկել է որպես Իլհամ Ալիեւի հավանական փոխարինող: Եւ կայացվել է նրան չեզոքացնելու որոշում: Ադրբեջանի վերնախավում Էլդար Հասանավը պատահական դեմք չէ: Նա 1995-2000 թվականներին զբաղեցրել է գլխավոր դատախազի, իսկ մինչ այդ՝ ներքին գործերի նախարարի պաշտոնը: Ավելի վաղ նա գլխավորել է ՆԳՆ Գյանջայի քաղաքային վարչությունը: Հասանովը համարվում է ադրբեջանական վերնախավի այսպես կոչված «ղարաբաղյան կլանի» ոչ հրապարակային պարագլուխը: Նրա ձերբակալությունը կարող է ներքաղաքական լուրջ վերադասավորումների առիթ հանդիսանալ եւ սկզբնավորել տեւական դիմակայություն:
Կարծիքներ