ԿԳՄՍ նախարարի «դումանը»

ԿԳՄՍ նախարարի «դումանը»

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Կրթության միջազգային օրվա առթիվ։ Բացի այն, որ ուղերձը հերթապահ, կաղապարային արտահայտություններով լցոնված մի տեքստ է, զարմանալի է, որ նախարարը սխալ է հասկացել օրվա խորհուրդը։ Նրան թվացել է, որ եթե կրթության միջազգային օրը հռչակվել է՝ «ի նշանավորումն համաշխարհային խաղաղության եւ կայուն զարգացման ապահովման գործում կրթության դերի», ուրեմն խաղաղության ու կայուն զարգացման ՄԱԿ-ի պահանջն ուղղակի պիտի պրոյեկտել մեր երկրի այսօրվա ոչ խաղաղ վիճակի ու հետընթացի վրա եւ, ըստ այդմ, քաղաքական ուղղորդումներ կատարել։ «Եվ ետպատերազմյան այս դժվարին օրերին, ավելի քան երբեւէ, մեզ անհրաժեշտ է միասնաբար՝ ուսուցիչներով, դասախոսներով, գիտնականներով ու արվեստագետներով, մարզիկներով ու մարզիչներով, ամրապնդել պետության հիմքերը՝ հանուն հայրենիքի կայուն ու սահուն զարգացման»։

Այնքան անթաքույց է նախարարի միտումը՝ իր ղեկավարած ոլորտների մարդկանց մղել «ամրապնդելու» «հայրենիքի կայուն ու սահուն զարգացումը»՝ քաղաքական իշխող ուժի հանդեպ վերջիններիս լոյալությամբ, ասել է թե՝ հլու-հնազանդությամբ, սակայն պարզ չէ մի բան․ նախարարն ինչպե՞ս է կարողանում հույս դնել թվարկված մարդկանց վրա, եթե հենց նրա՛նք են պահանջում այս իշխանությունների հրաժարականը՝ «դասախոսները, գիտնականները, արվեստագետները, մարզիկներն ու մարզիչները»։ Նախարարը նրանց պահանջի տեքստերին ծանոթ չէ՞։ Ծանոթ չէ՞ նախկին աշխատավայրի՝  ԵՊՀ գիտխորհրդի պահանջի տեքստին, չէ՞ որ նույնիսկ դեմ է քվեարկել դրան։ Զավեշտ չէ՞։ Իսկ թվարկված մարդիկ, ի գիտություն նախարարի, «սահուն» զարգացում չէ, որ ակնկալում են, քանի որ դա ենթադրում է գործող ապիկար եւ ապազգային իշխանությունների «սահուն» հարատեւության, «կայուն» իշխանավարման ապահովում, այլ՝ փոփոխություն, որը ցանկացած զարգացման նախապայմանն է։

«Բարձրարժեք կրթությունը բարգավաճ պետության հիմքն է»,- ասում է ԿԳՄՍ նախարարը՝ ուղերձում շփոթելով «բարձրակարգ» ու «բարձրարժեք» բառերը։ Պետության հիմքը, այո, բարձրակարգ կրթությունն է, որի համընդհանուր լինելը հնարավոր է այն դեպքում, երբ այդ կրթությունը հասանելի է։ Իսկ «բարձրարժեքը» չի՛ ենթադրում հենց լայն հասանելիություն։ Ուրեմն՝ ոչ թե «բարձրարժեք», այլ «բարձրակարգ» կրթություն, պարո՛ն նախարար։ Չնայած, եթե նկատի ունենանք այն, որ հայրենի կառավարությունը նախաձեռնել է օրենսդրական այնպիսի փոփոխություններ, որոնց գործադրման պարագայում բարձրանալու է կրթական ծառայությունների արժեքը (առողջապահական ծառայությանը՝ եւս), իսկ ԿԳՄՍ-ն՝ որպես գերատեսչական մարմին, չի ընդդիմացել այդ վտանգավոր նախաձեռնությանը, ուրեմն՝ նախարարն իսկապե՛ս ճիշտ եւ ժամանակին է ուղերձել՝ «բարձրարժեք» կրթություն։

․․․ Ուղերձի ավարտին, մոռանալով, որ շնորհավորանքի բուն հասցեատերերը թե՛ կրթության շահառուներն են՝ ուսումնառողները, եւ թե՛ կրթություն ապահովողները՝ դասախոսները, ուսուցիչները եւ այլք, նախարարը մաղթում է «ուժ ու եռանդ, հավատ եւ հաջողություններ ուսման մեջ»։ Ուրեմն՝ ուսման մեջ․․․ 
Շատ չե՞ք խառնել, եղբայր։ 
Շատ չէ՞․․․ «դումանը»։