Սարգսյանի և Փաշինյանի թիմերի՝ կողմերի միջև, ըստ իս, եղել են խաղի կանոններ, որոնք խախտվել են 

Սարգսյանի և Փաշինյանի թիմերի՝ կողմերի միջև, ըստ իս, եղել են խաղի կանոններ, որոնք խախտվել են 

«Հրապարակ»-ի հարցազրույցը քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ


- Պարոն Հակոբյան, մամուլն օրերս գրել էր, որ Սերժ Սարգսյանի շրջապատը նրան հորդորում է օր առաջ մտնել քաղաքական պայքարի մեջ, նա ասում է՝ դեռ ժամանակը չէ։ Շախմատիստ Սերժ Սարգսյանը 98-ի հայտնի իրադարձություններից մինչև մի քանի օր առաջ շախմատ էր խաղում Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, ում ևս կուսակիցները մինչև 2007-ը հորդորում էին մտնել պայքարի մեջ։ Հիմա Աշոտյանը մի քանի հայտարարություն արեց, քրեական մեղադրանքն օդ համարեց, մի քիչ էլ իմքայլականները պատասխանեցին ու վերջ։ Ձեր կարծիքով՝ Սերժ Սարգսյանը սպասողական մարտավարության մե՞ջ է։

- Իմ կարծիքով՝ առհասարակ այդ սրացումը, շատերն են, չէ՞, հարց բարձրացնում, թե ինչով է պայմանավորված Սարգսյանի նկատմամբ այդ մեղադրանքն առաջ քաշելը։ 1,5 տարի ոչ մի մեղադրանք չէր առաջադրվում, հիմա առաջադրվեց։ Ես այն վարկածի կողմնակիցն եմ, որ անկախ նրանից, թե կողմերից ով ինչ է հայտարարել այս 1․5 տարվա ընթացքում, պարզ է, որ կողմերի միջև կան, այսպես ասած, բաց կամ քողարկված ինչ-որ խաղի կանոններ։ Ներքին խաղի կանոններ, որոնց շուրջ ինչ-որ համաձայնություն է եղել, որ այդ խաղի կանոններն են ինչ-որ շրջանում գործելու, և կողմերը, կարծես թե այդ խաղի կանոնները երկար ժամանակ պահպանում էին։ Ըստ իս՝ ինչ-որ մի շրջանից սկսած՝ դրանք խախտվեցին։ Դժվար է գնահատել՝ ով առաջինը դա արեց, բայց դրանք խախտվեցին, ինչ-որ մեկն ինչ-որ մի բան ասաց, էն մյուսը պատասխանեց և այլն։ Հիմա, երբ Սերժ Սարգսյանը վերջին մեկ ամսվա մեջ բավականին ակտիվացավ և ակտիվացավ նաև արտաքին հարթակներում, նկատի ունեմ ոչ միայն Զագրեբում իր ելույթը, այլև իր դեսպանական հանդիպումները՝ Իտալիայի, Միացյալ Նահանգների։ Բացի այդ, ակնհայտորեն երևում էր, որ եվրոպական որոշ շրջանակներ էլ աջակցություն են ցուցաբերում թե՛ Սերժին, թե՛ հանրապետականներին։ Օրինակ՝ Կոնրադ Ադենհաուերի այդ հիմնադրամը Մերկելի կուսակցության հետ կապված մի կառույց է։ Եվ ամենակարևորը՝ Սերժ Սարգսյանի կողմից ինչ-որ ակնարկներ արվեցին։ Օրինակ՝ չի կարող, էլի, պատահական լինել, երբ ինքն ասում է՝ ես զիջեցի իշխանությունը․․․ որպեսզի, չգիտեմ էսինչ բանը լավանա։ Կարծում եմ՝ նրա ելույթներում կան մեսիջներ, որոնք ուղղված են եղել ոչ այնքան հանրության լայն շրջանակներին կամ նույնիսկ քաղաքական լայն շրջանակներին, որքան կոնկրետ մարդկանց։ Եվ կարծում եմ՝ եղել են ինչ-որ ակնարկներ, որոնք կարող էին անհանգստացնել ոմանց։ Եվ դրանով է պայմանավորված, որ Սերժ Սարգսյանին այդ մեղադրանքի ներկայացումով նախազգուշացրին, որ եկեք վերադառնանք խաղի կանոնների շրջանակներին։ Որոշ։ Եթե նկատեցիք՝ այն պահից սկսած, երբ մեղադրանք ներկայացվեց, քաղաքական հայտարարություններ եղան, որ քաղաքական հետապնդումներ են, օդ ա, առաջարկ՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, և, ի դեպ, դրանից մի քանի օր առաջ նմանատիպ առաջարկ անում էին դաշնակցականները։ Այսինքն՝ գոնե արտաքին հարթակներում ինչ-որ խոսակցություն ընթանում է։ Ինչ-որ առաջարկներ են արվում, մերժվում, ինչ-որ բաներ են հասկացվում։ Բայց հիմա արդեն ինչ-որ մի խաղադադար է։ Կողմերը «ստոպ»-ի մեջ են՝ դիրքերը ֆիքսելուց հետո։

- ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը բաց և թափանցիկ ակնարկ արեց, որ Մարտի 1-ի գործով փախածների համար ամենաանվտանգ վայրը Հայաստանի Հանրապետությունն է։ Հիմա, Մարտի 1-ի քննչական մարմնի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանն օրերս վերադառնալու պատրաստակամություն է հայտնել։ Կարծո՞ւմ եք, որ Քոչարյանն ասում է՝ եկեք, քանի որ Ձեզ հետ կարող են դժբախտ պատահարներ տեղի ունենալ։

- Այդ ակնարկների հիմքում այն մոտեցումն է, նաև իշխանական որոշ շրջանակների, գիտեք՝ իշխանությունը մեզ մոտ բազմազան է՝ քաղաքական, հասարակական սեկտոր և այլն։ Հիմնականում այդ մասին ասում են առաջին նախագահի կողմնակիցները։ Ինքնասպանություններ, տարբեր տիպի դժբախտ պատահարներ և այլն, մարդկանց հետ, որոնք այս կամ այն չափով կապված են Մարտի 1-ի հետ, դրանց մեջ տեսնում են ինչ-որ հետքեր։ Որ այդ վկաներին վերացնում են։ Եվ կարծում եմ, որ ակնարկը, այո, հենց սա է։ Որ ամենաանվտանգ վայրն իշխանությունների հովանու ներքո է, եկեք․ ներկայացեք, որ ինչ-որ ուժեր ձեզ չվերացնեն։