Կներեք, որ քաղաքականացնում եմ, ես տեսնում եմ, թե ինչ են արել իմ երկրի հետ

Կներեք, որ քաղաքականացնում եմ, ես տեսնում եմ, թե ինչ են արել իմ երկրի հետ

Հարցազրույց Բանկերի միության նախկին նախագահ Սամվել Ճզմաչյանի հետ

- Պարոն Ճզմաչյան, տնտեսագետները նույնիսկ չեն համարձակվում գնահատել այս պատերազմի տնտեսական հետեւանքները, միայն ասում են, որ մի քանի տասնամյակ Հայաստանն ուշքի չի գա։ Այնուամենայնիվ, մենք հենց այս պահին մեր մաշկի վրա զգում ենք դրա հետեւանքները, գոնե՝ արտարժույթի փոխարժեքների շեշտակի տատանումների տեսքով։ Երեկ մեկ դոլարը 525 դրամով էր վաճառվում։

- Փաստորեն, մի քանի օրվա ընթացքում 35-40 դրամի տարբերություն եղավ։ Ինչ վերաբերում է գների աճին, մենք արդեն իսկ տեսնում ենք այս աճը։ Ու եթե մեզ մոտ գները դրամով են, իսկ ներկրվում են դոլարով, ապա սա միանգամից է գների աճի բերում։ Սա՝ ապրանքների մասով։ Իսկ այն, ինչ ստեղծվում է մեր երկրում, էլի է բերում, պիտի բերի գնաճ, որովհետեւ այդ ստեղծողը մեղավոր չէ, որ ստեղծում է Հայաստանում։ Հակառակը՝ ինքը Հայաստանում է ստեղծում՝ աշխատատեղեր է ստեղծում․․․ Ու ես կարծում եմ՝ նա էլ կբարձրացնի գները, որպեսզի համադրվի արտահանվող ապրանքների գների հետ։

- ԿԲ-ն վերջին օրերին 50 միլիոնի դոլարային ինտերվենցիա է արել, որ կանխի սղաճը։ 

- Սա չափից դուրս արագ էր, այդպես պետք է չլիներ։ Ես ընդհանրապես միշտ կողմնակից եմ եղել, որ՝ մանավանդ փոքր փոխարժեքը միշտ լինի փոփոխական՝ թեկուզեւ արժեզրկման ուղղությամբ, բայց տարեկան ոչ ավելի, քան 15-17 դրամ՝ դոլարի հանդեպ։ Դա նորմալ կլիներ, դա կխթաներ մեր արտահանումը («արտահանում» բառի վրա խորը հոգոց է հանում), եւ  արտահանման խթանումը կբերեր նրան, որ երկիր էլի վալյուտա կգար, ինչն էլ բնական ինքնակարգավորիչ դեր կունենար, բնական ձեւով կկարգավորեր փոխարժեքները եւ թույլ չէր տա, որ հիմա էս աստիճանի անկում ունենայինք։ Ես միշտ դրա կողմնակիցն եմ եղել, իսկ մարդիկ են եղել, որոնք անընդհատ պահել են դոլարը, որպեսզի երկրի նախկին եւ այժմյան ղեկավարությանը ցույց տան, որ կուրսը պահում են։ Եվ նրանք էլ, երեւի թե, հավատով են լցված եղել եւ դա ընդունել են «ըստ արժանվույն», որ՝ դե լավ է, էլի, կուրսը չի փոփոխվում կամ էլ չնչին է փոփոխվում։ Էսօր ունենք այն, ինչ ունենք։ Սրա վրա ազդեցություն թողել է ոչ միայն եւ ոչ այնքան  պատերազմը, որքան կորոնավիրուսը։ Եվ չէ՞ որ, վերջին հաշվով, կորոնավիրուսն էր, որ մեր տնտեսությունը տառացիորեն կանգնեցրեց։ Իսկ եթե սրան գումարենք նաեւ այն, թե ինչ արհավիրք բերեց պատերազմը եւ դեռ ինչ կբերի, որովհետեւ մենք պետք է ունենանք, առանց չափազանցնելու, միլիարդավոր դոլարներ, որպեսզի կարողանանք վերականգնել այն կտորը, որը մնացել է եւ որը կոչվում է Արցախ։ Սա՝ մեկ։ Միանշանակ է, որ մենք այսուհետ մեծագույն գումարներ պետք է ծախսենք մեր ռազմական պոտենցիալի վրա, որը պատերազմը ցույց տվեց, որ ահավոր թերի կողմեր ունի։ Մի բան է երկրի, ժողովրդի 18 տարեկան տղաների հերոսությունը, մեկ այլ բան՝ ռազմական ու ռազմատեխնիկական պոտենցիալը։ Դրա վրա ենք մենք կենտրոնանալու, այն, որ ասում են՝ ռազմականացված երկիր պիտի լինենք։ Մենք այլ կերպ լինել չենք կարող։ 

- Այսինքն՝ դատապարտված ենք ունենալու շատ ավելի մեծ ռազմական բյուջե, ահռելի ծախսեր եւ այլն։

- Որ ասում եմ՝ միլիարդավոր դոլարներ, դա նշանակում է Արցախը հնարավորինս վերականգնելու ուղղությամբ։ Ու չնայած Արցախը փոքրացավ, բայց պահպանվող սահմանները մեծացան, իսկ եթե մեծացան, ապա բանակն է ավելանալու։ Սա փոխկապակցված է։ Կներեք, եթե քաղաքականացնում եմ, բայց այլ կերպ չեմ կարող, ես հայ մարդ եմ, ես տեսնում եմ իմ աչքով, թե ինչ է կատարվել, եւ ինչ են արել իմ երկրի հետ, իմ երեխաների ու թոռների երկրի հետ։

- Իսկ այս պայմաններում հարցը, թե դոլարը մինչեւ տարեվերջ 600 դրամի կհասնի, այլեւս անիմա՞ստ է, արդեն կարեւոր է՞լ չէ։

- Գիտեք, մի քիչ ճիշտ չէ ասել՝ կլինի 600, չէ՝ 620 կամ․․․ ես կարծում եմ, որ 624-ի վրա կկանգնենք։ Հիմա ասում եք՝ ԿԲ-ն այդքան գումար տվեց։ Այ հիմա, որպեսզի չափից դուրս չթռնի եւ տնտեսության վրա չափից դուրս բացասական չազդի, որովհետեւ մի բան է 30-40 դրամը, մեկ այլ բան՝ 140 դրամը, այ, որպեսզի նման բան չլինի, դրա համար էլ շրջանառության մեջ է դրվել 50 միլիոն դոլար, եւ սա համարում եմ արդարացված։ Հանկարծ մարդիկ չմտածեն, որ նախկին ղեկավարությունը՝ տեսեք, թե ինչ լավ պահուստներ են պահել, անգետներն էլ․․․ հեչ էլ անգետ չեն։ Շատ լավ կազմ ունի այսօր Կենտրոնական բանկը, եւ խորապես համոզված եմ, որ ոչնչով պակաս չեն։ Սա իրենց մեղքը չէ, իրենք ստիպված են գնում այս քայլին՝ ելնելով մեր տնտեսության անկումից։