Ղազախստանում շարունակում են «նվաստացնել» Նազարբաևին

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն այլևս հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ չէ, հայտարարել է գիտության և բարձրագույն կրթության նախարար Սայասաթ Նուրբեկը։
Նախարարը պարզաբանել է, որ 2023 թվականին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի որոշմամբ ստեղծվել է Գիտությունների նոր ակադեմիա, որը ներառում է ինը անդամ։ Ինչ վերաբերում է նախկին ակադեմիայի անդամներին, ապա «նրանց կարգավիճակը զրոյացված է», - նշել է պաշտոնյան:
Ղազախստանի ԳԱԱ ակադեմիկոսի կարգավիճակ Նազարբաևին շնորհվել է 1995 թվականին: 2011 թվականին ակադեմիայում անցկացվել է գիտնականների ֆորում, որտեղ Նազարբաևին շնորհվել է «Դարի գիտնական» կոչումը։
Ավելի վաղ՝ այս տարվա ապրիլին Աստանայում Ղազախստանի զինված ուժերի թանգարանից հանվել էր Նազարբաևի մոմե արձանը։ Փետրվարին նրա քանդակը հանվել է Ղազախստանի ազգային թանգարանի սրահի ցուցադրությունից՝ սրահների կոնցեպտի փոփոխության պատճառով։
Բացի այդ, հունվարին Աստանայի Ազգային պաշտպանության համալսարանի տարածքում ապամոնտաժվել է Նազարբաևի հուշարձանը։
Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը 2023 թվականի փետրվարի 15-ին օրենք է ստորագրել, համաձայն որի՝ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը զրկվել է «Էլբաս»-ի կարգավիճակից և դրա հետ կապված արտոնություններից։
Կարծիքներ