Երկու հոգով հանրային պահա՞նջ են դնում

Երկու հոգով հանրային պահա՞նջ են դնում

«Հայկական բնապահպանական ճակատ» կամավորական նախաձեռնությունն Արցախի կառավարությանը հորդորում է իրական քայլեր ձեռնարկել եւ հարգել «հանրային պահանջը»:

Խոսքը փոքր հէկ-երի մասին է, որոնց կառուցման դեմ հացադուլ են հայտարարել Ալեքս Քանանյանը եւ Մհեր Պողոսյանը: Կա՞, արդյոք, փոքր հէկերի կառուցումը դադարեցնելու, եղածներն ապամոնտաժելու հանրային պահանջ: Բացարձակապես՝ ոչ: Հակառակ դեպքում Արցախում սկիզբ կառներ լայն շարժում, խնդրի շուրջ կհրապարակվեին քաղաքական ուժերի, հանրային գործիչների տեսակետ-պահանջագրեր: Քանանյանի եւ Պողոսյանի հացադուլին սատարում է ֆեյսբուքյան ստատուսագիրների մի նեղ շրջանական միայն:

Ընդ որում, նրանք Արցախի նախագահի թեկնածուներից մեկի համակիրներն են՝ առանց բացառության: Մեծամասամ՝ մարդիկ, որ կյանքում, գուցե, Քարվաճառը չեն էլ տեսել, որեւէ պատկերացում չունեն, թե որտեղի՞ց է սկիզբ աառնում Թարթառ գետը, որո՞նք են նրա վտակները: Տեղյակ չեն, թե սոցիալ-տնտեսական ինչ իրավիճակ է եղել Քարվաճառում, եւ ինչպես է կյանքն աստիճանաբար բարելավվել անցած տասնամյակում: Նրանց մի բան է հետաքրքրում՝ քարոզչական աղմուկ բարձրացնել, բացասական ֆոն ստեղծել նախագահի մյուս թեկնածուի անվան շուրջ: Փորձ է արվում լուծել մի քանի հարյուր հավելյալ քվե կորզելու խնդիր, ինչից պետք է միայն եզրակացնել, որ իրենց նախընտրած թեկնածուն չունի Արցախի տնտեսական զարգացման եւ ոչ մի ծրագիր:

Առհասարակ հեռու է տնտեսությունից, չի կողմնորոշվում սկզբունքային հարցերում եւ ապավինում է պոպուլիզմին: Արցախի կառավարությունը, ի կատարումն նախագահ Բակո Սահակյանի հանձնարարականի, ստեղծել է մասնագիտական հանձնաժողով: Հարցը համակողմանի կուսումնասիրվի, որից հետո կընդունվի համապատասխան որոշում: Եթե հացադուլավորների մտահոգություններն իրոք զուտ բնապահպանական են, ապա ոչինչ չի խանգարում, որ նրանք տվյալ հանձնաժողովի կազմում առաջադրեն վստահելի մասնագետների, իրենք ընդգրկվեն, համատեղ աշխատեն՝ գտնելու օպտիմալ կարգավորում: Ոչ, նրանք իշխանությունների հետ խոսում են վերջնագրի լեզվով, իրենց ֆեյսբուքյան գրառումներում օգտագործում ոչ նորմատիվ բառապաշար, անում քաղաքական վերագրումներ: Դա նեղ-խմբակային պայքար է: Հանրությոան գերակշիռ մեծամասնությունը սկզբունքորեն այլ տեսակետ ունի: Եւ կառավարությունը պարտավոր է անսալ մեծամասնության կարծիքին՝ ավելի զարգացնել տնտեսությունը, ստեղծել նոր աշխատատեղեր, Արցախը դարձնել մրցունակ եւ ինքնաբավ: