Հասկանալի չեն

Հասկանալի չեն

Նիկոլի իշխանությունն աչքի է ընկնում անգրագիտության և ապաշնորհության մեծ խտացումով, ինչը, դժբախաբար, դարձել է նորմալ երևույթ: Որովհետև հասարակության գրագետ հատվածին իրենից վանած իշխանությունը պետք է համալրվեր առավելագույնը կիսագրագետներով: Ու այդ պատճառով բոլոր որոշումների հիմքում պետք է ընկած լիներ ոչ թե գրագետ վերլուծությունն ու հաշվարկը, այլ ապաշնորհությունը: Ընդ որում, եթե այդ իշխանության մեջ երբեմն ներառվում են գրագետ անձինք, ապա դրանք ևս արագ կորցնում են իրենց գիտելիքներն ու կարողությունները՝ վերածվելով ընդհանուր զանգվածի մի մասնիկի: Ճիշտ այնպես, ինչպես դա տեղի է ունենում ամբոխի դեպքում՝ երբ նրանում ներառված անձը կորցնում է անհատական հատկանիշները՝ վերածվելով դրա մի մասնիկի: Եթե ամբոխն ագրեսիվ վարք է դրսևորում, ապա ինքը ևս դառնում է այդպիսին: Եթե ամբոխը վերածվում է ֆան-ակումբի՝ համապատասխան վարքագծով, ինքը ևս ոչնչով չի տարբերվում մնացած անդամներից: Կամ էլ ամբոխային, այն է՝ «արտոնյալ», կարգավիճակի «բարձրությունից» այդ զանգվածից դուրս մնացածներին փորձում է դիտարկել որպես երկրորդ կարգի մարդկանց:  

Իսկ ժամանակին, եթե հիշում եք, վարչապետ կարգված, դեռևս «դուխով» Նիկոլը խոստանում էր հայոց պետությունը վերածել մերօրյա Սինգապուրի: «Ինչո՞ւ հենց Սինգապուրի» հարցին բարդ չէ պատասխանելը. որովհետև 44-օրյա պատերազմից առաջ քաղաքացիական կնոջ հետ այցելել էր Սինգապուր ու տպավորվել այդ քաղաք-պետության հաջողություններով: Ինչի հիմքում ընկած էր արժանիների իշխանություն (մերիտոկրատիա) ձևավորելու՝ երկրի երկարամյա վարչապետ Լի Քուան Յուի շնորհքը: Իհարկե, Նիկոլը Յու չէր, ու նրա ձևավորած իշխանությունն էլ ոչ թե արժանիների, այլ ապաշնորհների իշխանություն ստացվեց:

Դա երևում է բոլոր այն ծրագրերից, որ Նիկոլենց բառապաշարով կոչվում են բարեփոխումներ, իսկ իրականում, դեռ չսկսված, արդեն վերածվում են չարեփոխումների: Դրանք բազմաթիվ են՝ տիեզերական ծրագրերը («Հայասաթ 1» և այլն), ԱՆԻՖ կոչված պետական կառույցը ու հատկապես դրա՝ ազգային ավիափոխադրողի ծրագիրը, հարկային և այլ պարտադիր վճարումների բեռի ծանրացումները (գույքահարկ, աղբահանության վճար, շրջանառության հարկից ԱԱՀ-ի անցումը, անցումը համընդհանուր հայտարարագրի և այլն): Բայց այդ ամենի «զարդը» մայրաքաղաքի տրանսպորտային չարեփոխումն է, և մի փոքր ավելի ուշ մեր դռանը չոքելիք՝ համընդհանուր հայտարարագրումը: Եվ այդ զարդի նկատմամբ վերաբերմունքով կամ ավելի ճիշտ՝ այն արդարացնելու փորձերում էլ երևում է մի ժամանակ գրագետ համարված անձանց մակարդակը:

Վերցնենք, օրինակ, տնտեսագիտության մագիստրոս, երբեմնի ընդդիմադիր լրագրող, իսկ այժմ ԱԺ ՔՊ-ական երեսփոխան Թունյան Բաբկենի մտքերը: Վերջինս տրանսպորտի սակագնի երկակի-եռակի բարձրացումը հիմնավորում է քաղաքային տնտեսության այլ ոլոտները (փողոցների ու բակերի բարեկարգում, կոյուղու համակարգի պատշաճ ծավալով վերանորոգուման, դպրոց ու մանկապարտեզ պահելը և այլն) ֆինանսավորելու անհրաժեշտությամբ: Եվ առաջարկում է դիլեմա՝ եթե տրանսպորտի սակագինը չթանկանա, ապա կա՛մ վերը նշված ոլորտները պատշաճ ծավալով չեն սպասարկվի և կա՛մ պետք է բարձրացվեն համայնքային հարկերը, տուրքերը և այլ վճարները: Դե, տրանսպորտն էլ, բնական է, կմաշվի:

Ստացվում է, որ տնտեսագիտության մագիստրոսը որպես համայնքային հարկեր ու վճարումներ չի դիտարկում, օրինակ, գույքահարկը: Դրա ավելացումը կատարվել էր երկու-երեք տարի առաջ, ու որպեսզի այն առաջ չբերի սոցիալական խռովություն, ընդամենը մաս-մաս է հասցվում 100 տոկոսի: Փաստորեն, այլ վճարում չէր նաև քաղաքի փողոցների կարմիր գծերի վճարը, որը բարձրացվեց ավելի քան տասնապատիկ անգամ: Ու դրա վերաբերյալ հայցն ընդունվել է դատական վարույթ: Մայրաքաղաքի բնակիչներին հիմարի տեղ դնելու «կլասիկ» չարեփոխում չէր աղբահանության վճարի բարձրացումը, ինչը կատարվեց այդ ծառայության սակագնի հաշվարկի հիմքի փոփոխությամբ: Տվյալ տարածքում բնակվող անձերի փոխարեն դրվեց տարածքի քառակուսի մետրաժի հաշվառումը: Երևի «թունյանական» տնտեսագիտության մեջ դրանք ոչ թե համայնքային հարկերի, տուրքերի և այլ վճարներների բարձրացումներ են, այլ նվազեցումներ: Այլ կերպ վերջինիս արտահայտած մտքերն ընկալելի չեն: