Փխրուն լեգիտիմություն

Փխրուն լեգիտիմություն

Ինչքա՜ն պետք է իշխանությունը վարկաբեկված լինի, որ մարդիկ տասնյակներով հրաժարվեն բարձր պաշտոնի առաջարկներից, եւ անգործ հասարակության մեջ հարյուրավորները նախընտրեն գործազուրկի կարգավիճակը՝ բարձր պաշտոն, ըստ այդմ՝ բարձր եկամուտ եւ կարգավիճակ ունենալուց։ Ինչքա՜ն պետք է իշխանությունների կադրային բանկը դատարկ լինի, որ հորը հանեն՝ տեղը որդուն նշանակեն կամ ընկերական հարաբերությունների մեջ գտնվողներից մեկին նախարար նշանակեն, մյուսին՝ փոխնախարար։

Ինչքա՜ն պետք է փնթի ու ոչ պրոֆեսիոնալ լինի իշխանությունը, որ բարձրագույն կրթության դիպլոմ չունեցողները հայտնվեն պետական  բարձր պաշտոններին, իսկ զրո կենսագրություն ունեցող, երկու բառ իրար կպցնելու ունակություն չունեցող մարդիկ՝ պատգամավորի աթոռներին։ Ինչպե՞ս կարելի է ողջ կյանքում քննադատել ու քարկոծել ինչ-որ արատավոր երեւույթներ եւ, գալով իշխանության, անել ճիշտ նույնը՝ առանց ամաչելու կամ վախենալու հանրային կարծիքից։ Հասկանալի է, որ հանրությունը շփոթահար է։ Պարզ է, որ 2018-ին գնացել է ձեր ետեւից եւ հիմա իր «թքածը չի ուզում լիզել», պարզ է, որ ատում է նախկիններին եւ ամեն կերպ փորձում է նրանց վերադարձը կանխել։

Ակնհայտ է, որ պատերազմից հետո վախեցած է՝ նոր պատերազմ չի ուզում։ Իսկ այս վիճակից իրեն ու երկիրը հանողին էլ դեռ չի տեսնում։ Եվ այս բոլոր հանգամանքները կամա-ակամա նպաստեցին, որ 2021-ին ձեզ ընտրեց։ Մի՞թե չեք հասկանում, որ դա դեռ չի նշանակում լեգիտիմություն եւ հանրային վստահություն։ Չի նշանակում, որ հիացած է ձեզնով եւ հաջորդ ընտրություններին կամ որեւէ այլ պատեհ պահի ձեզ չի մերժելու։ Հենց նախկինների օրինակը պետք է դաս լիներ, որ հասարակության համբերության բաժակը լցնելը շատ մեծ վտանգներով է հղի՝ հենց ձեզ ուղղված վտանգներով։