Մեկը կայացնում է՝ մյուսը վայելում

Մեկը կայացնում է՝ մյուսը վայելում

Մի հին-նոր երեւույթ է սկսել ծաղկել «Նոր Հայաստանում»՝ մարդը բիզնես է դնում, տանջվում, զարգացնում, օրուգիշեր չի քնում, հաղթահարում է բոլոր դժվարությունները եւ երբ սկսում է այդ բիզնեսից եկամուտ ստանալու ժամը, երբ մարդը պետք է իր աշխատանքի պտուղները քաղի, երբ ներդրած գումարները, ջանքերը պետք է վերադառնան, հայտնվում են տարբեր ճարպիկներ, որոնք աչք են դնում կայացած բիզնեսի վրա ու խլում այն։ Եւ սկսվում է այդ «որսորդներից» ստեղծածդ պաշտպանելու փուլը։ Վայն եկել է տարել նրան, ում բիզնեսը մասնավոր չէ, կամ՝ տառի ճշգրտությամբ գրանցված չէ, կամ՝ կախված է պետական տենդերներից ու պետական տարբեր մարմինների կամայականություններից։ Ամենածաղկուն բիզնեսը կարող են մի քանի ժամում սնանկացնել, խլել, տենդերը շնորհել ուրիշին։ Այդ եղանակով, օրինակ, ժամանակին պետությունից երկար տարիներ աջակցություն ստացած մանկական կայացած հանդեսների փոխարեն դրամաշնորհները տրամադրվեցին նոր հրատարակությունների, որոնք հանկարծ հայտնվեցին ասպարեզում ու շահեցին մրցույթները։ Նույն սկզբունքով, Կրթության նախրարարությունն ասպասելիորեն դադարեցրեց «Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորումը, ինչը վաղամեռիկ Կարեն Վարդանյանը շատ ծանր տարավ, պայքարեց, բայց ոչնչի չհասավ։ Գրեթե նմանատիպ քայլ արեցին «Դասարան․ամ»-ի նկատմամբ՝ նրանց տարիների աշխատանքը «յուրացնելով»։ Աջուձախից լսում ենք, թե ինչպես են տենդերները տրամադրվում նորաստեղծ ընկերություններին։ Այդ պատմությունների փոքր մասն է դառնում հանրության սեփականությունը, դրանցից քչերի մասին է գրվում, ինչպես գրվեց անցած տարվա Վարդավառի գորգերի լվացման տենդերի մասին։ Շատերը մնում են ստվերում եւ գող կատվի նման ինչ որ անարժան մարդիկ ու կազմակերպություններ օգտվում են պետական միջոցներից՝ զբաղեցնելով ավելի արժանիների տեղը եւ մտնելով այն դաշտը, որտեղ նրանք տարիների տքնաջան աշխատանքով տեղ են զբաղեցրել։ Ուրիշի աշխատածը յուրացնելը վատ բան է, փորձեք ձեր սեփականը ստեղծել՝ զրոյից, առանց հատուկ հովանավորության եւ անարդար մրցակցային պայմանների։