Թույլ մի տվեք

Ինչպես չի կարելի թույլ տալ, որ հայերեն խոսող, հայի ազգանուն ունեցող ցանկացած մեկն այսօր վայրահաչի Բաքվում գտնվող գերիների հասցեին, եւ այդ հարցում պետք է լինել անողոք ու ոչ կոմպրոմիսային: Ինչպես չի կարելի թույլ տալ, որ արցախցիներին հալածեն ու առանձնացնեն Հայաստանի մյուս մարզերի բնակիչներից, եւ այդ հարցում եւս չի կարելի գնալ որեւէ կոմպրոմիսի: Այնպես էլ չի կարելի թույլ տալ, որ այսօր շարունակեն խոսել «նախկինների» սխալներից, նրանց պատժելու-նստացնելու-դատելու անհրաժեշտությունից:
Չի կարելի թույլ տալ, որ Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության ապաշնորհությունը համարվի միայն այն, որ ի վիճակի չեն եղել պատժել «նախկիններին», նրանց ունեցվածքը խլել, ոչնչացնել: Ոչ թե այն պատճառով, որ «նախկինները» հրեշտակներ էին` ամպերից իջած, այլ այն պատճառով, որ դա չէ Փաշինյանի սխալն ու մեղքը: Ավելի շուտ՝ հակառակը․ նախկիններին պատժելու, թալանը հետ բերելու, վեթինգ ու դատաստան իրականացնելու կոչերը, հենց 2018-ից սկսած, քայքայեցին մեր երկիրն ու հանրությանը: Շեղեցին մեզ գլխավոր խնդիրներից, պառակտում, թշնամանք, ատելություն հրահրեցին երկրի ներսում, թուլացրին մեզ, հնարավոր դարձրին մեր պարտությունն ու նահանջը, սասանեցին մեր միասնությունն ու հանրային համերաշխությունը: Ապա եւ՝ անհնարին դարձրին իշխանություն փոխելու յուրաքանչյուր փորձ: Եվ բոլոր նրանք, ովքեր դեռ շարունակում են խոսել «նախկինների» սխալներից, միայն մի նպատակ ունեն` արդարացնել «նորերի» սխալները, ցույց տալ, որ դղյակ կառուցելն ու ընտրություն կեղծելը նույնքան մեծ հանցանք են, որքան Արցախ հանձնելն ու 5 հազար երիտասարդի անժամանակ մահը:
Եվ մի խնդիր են դրել` ամեն գնով աջակցել, որ ՔՊ-ն շարունակի մնալ իշխանության, անգամ Հայաստանը կործանման տանելու գնով:
Կարծիքներ