Համբերություն մեզ

Համբերություն մեզ

ՀՀ քամու մեջլիսի (Kamu Meclisi) նախագահ Սծյոպիկ Ճըպըլ-Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է մի քիչ իր, մի քիչ Արման Բաբաջանյանի և մի քիչ էլ 1in.am-ի յութուբյան ալիքի արգելափակման մասին հոդվածիս, որ տպագրվել էր «Հրապարակ» թերթի սեպտեմբերի 10-ի համարում: Քիչ է ասել, թե անդրադարձել է: Մի լրբի ճղճղոց է դրել, մի ճղճղոց, որ էլ պատմելու չէ: Որպեսզի հայտնի և ոչ հայտնի, շատ և ոչ շատ սիրելի իջևանցիների համար պարզ լինի թե ինչ տպավորություն ստացա այդ քերթվածքից, փորձեմ ավելի պատկերավոր ասել՝ ոնց որ խոզ մորթեին… այ այդպիսի ճղճղոց:

Ուր էր թե նրա «արձագանքը» մի քիչ էլ իմ հոդվածին վերաբերեր: Կմտածեի՝ փորձում է բանավիճել, բայց՝ ավաղ… Սրա հետ ի՞նչ բանավիճես. «Անբարոյականությամբ հայտնի մի կայքում նյարդահոգեկան խանգարմունքի մեջ է ընկել մի սուտի ազգայնական «լրագրող», որը յուր յեղափոխական կուսակցության հետ զրկվել է կերակրատաշտից ու իշխանական պրիվելեգիաներից…»: Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ իսկապես կարելի է «հոգեխանգարմունքի» մեջ ընկնել Հանրային խորհուրդը քամու մեջլիսի կամ իչթիմայի շուրայի (Ictimai şura) վերածած այս կուրյոզ երևույթից, ևս մեկ անգամ նշեմ, որ իմ հոդվածը տպագրվել է «Հրապարակ» թերթում և հետո միայն տեղադրվել կայքում: Պետք էր ընդամենը 100 դրամ ծախսել թերթը գնելու համար, մինչդեռ Սծյոպիկն ամենակծծի մարդն է, որին ես բախտ եմ ունեցել երբևէ ճանաչելու:

Զեղում:

Ինչ անել, որ խոզը չճղճղա: Այս հարցում ես լիովին կիսում եմ Փաշինյանի այն տեսակետը, որ մորթը պետք է իրականացնել պետական սպանդանոցներում՝ անկախ կենդանու տեսակից: Այդ պրակտիկան հետագայում կարելի է տարածել նաև այն պետական պաշտոնյաների վրա, որոնք իրենց վերաբերող պարզ քննադատական հոդվածը հեղինակի «նյարդահոգեբանական խանգարմունքի» հետևանք են համարում, իսկ լրատվամիջոցին, որ համարձակվել է տպագրել այդ հոդվածը՝ «անբարոյականությամբ հայտնի»:

Զեղման ավարտը:

Ես 40 տարվա լրագրող եմ և մի պարզ ճշմարտություն գիտեմ՝ շնորհալի մարդուն՝ տարիքը շնորհք է ավելացնում: Սաֆարյան Սծյոպիկի մոտ, վստահաբար, հակառակ պրոցեսն է ընթանում, այլապես նա ինձ «սուտի» լրագրող չէր անվանի՝ իմանալով հանդերձ, որ իր ողջ գիտակցական կյանքն անցել է իմ աչքի առջևով: Սծյոպ, մարդ չդարձար, էլի: Մի նեղացիր ինձնից: Ես քո մասին հոդված եմ գրել, ճի՞շտ է: Բարի եղիր ինձ պատասխանել կամ գոնե հոդվածին, որի հետ համաձայն չես: Ի՞նչ կապ ունի Դաշնակցությունն այն պատմության հետ, որ ինձ հիմք է տվել քեզ ու սորոսական «պադելնիկներիդ» պատին դեմ տալու: Սո՞ւտ է, որ քո, Արման Բաբաջանյանի և բազմաթիվ այլ կարկառուն սորոսականների գործերով հաստափոր ու հետաքրքիր թղթապանակներ կան Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունում: Սո՞ւտ է, որ Նիկոլ Փաշինյանը գիտի այդ մասին և քեզ, Արման Բաբաջանյանին ու մյուս ստահակներին օգտագործում է այսօր՝ վաղը փողոց շպրտելու համար: Ու պատկերացրու, որ ես Փաշինյանից զզվում եմ շատն էլ այն բանի համար, որ նա ձեզ նման բազմակի օգտագործված պարագաներից չի զզվում ու չի նողկում:

Ասում ես՝ մարտի 1-ին որտեղ ես եղե՞լ: Ճի՞շտ է, որ փորձել ես հարթել «մեր կերած կեղտի հետևանքներ»: Ու ո՞նց էիր հարթում, բա պատմիր իմանանք: Քո կուսակցական ընկեր Արմեն Մարտիրոսյանն, օրինակ, կանգնած էր հենց քո գազազացրած ամբոխի ու ոստիկանների միջև, որպեսզի արյունահեղություն չլինի: Իսկ դո՞ւ որտեղ էիր, ո՞ւմ էիր հեքիաթներ պատմում փողոցում ընկած «մարդկային ծնոտի» և իբր սպանված երեխայի կոշիկի մասին: Ու այսքանից հետո իմ ներկայացրած լրատվամիջո՞ցն ես անվանարկում «անբարոյականությամբ հայտնի»: Մի՞թե դու, անունդ չգտնելով «Ժառանգության» անցողիկ տեղերում, սկսեցիր սրա-նրա դռների առաջ վնգստալ ու պախարակել կուսակցությանդ ղեկավարին: Սրանք փաստեր են Սծյոպիկ, ինչպես և այն, որ 2014թ. «Ժառանգությունը» վերջնականապես մաքրվեց քո անբարո ներկայությունից: Ես քո տեսակից չեմ, Ճըպըլ, ես շարքային դաշնակցական եմ, և երբ դու ինձ ազգայնական ես ասում, ես միայն հպարտանում եմ դրանից: Եվ որպես դաշնակցական ես մի վատ բնավորություն ունեմ՝ խոզը մորթում եմ այնպես, ինչպես կարողանում եմ՝ առանց ավագ ընկերներիս և «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագրի կարծիքը հարցնելու:

Այո, գրել եմ և հիմա էլ պնդում եմ, որ քամու մեջլիսի (Kamu Meclisi) նախագահ Սծյոպիկ Սաֆարյանն իրավունք չուներ ինքնագլուխ կերպով ՀԽ-ի պետական պաշտոնական կայքում հայտարարություն տեղադրել ոմն Արման Բաբաջանյանի մասնավոր յութուբյան ալիքի արգելափակման մասին և մեղադրանքներ ուղղել Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմիններին ու ծառայություններին և հակապետական կոչեր հնչեցնել նրանց հասցեին:

Այո, գրել եմ և հիմա էլ պնդում եմ, որ ՄԱՀՀԻ-ում հոկտեմբերի 27-ին նվիրված քննարկում-սեմինարը ոչ այլ ինչ էր, եթե ոչ այդ անվան տակ ծպտված մամուլի ասուլիս, որի նպատակն էր հանրության գլուխը լցնել Արման բաբաջանյանի հերթական ցնդաբանություններով՝ իբր Նաիրի Հունանյանի հետ հանդիպելու և հոկտեմբերի 27-ի գործը վերաբացելու մասին: Ես նաև քեզնից՝ հարկատուներիս հաշվին ապրող Ճըպըլ, պահանջել եմ հանրությանը տեղեկացնել այդ քննարկման արդյունքներին, ինչպես նաև պատմել, թե Արման Բաբաջանյանի և նվաստիդ համատեղ «նախաձեռնության» պատճառով ինչ հիասթափություն ապրեցին հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատները:
Իսկ դու ի՞նչ ես արել: Երկար-բարակ խոսել ես այն մասին, թե քո հեղափոխական առաջնորդությամբ ինչպիսի հաջողությունների ես հասցրել Հանրային խորհուրդը: Մի շտապիր, Սաֆարյան Սծյոպ, ինքնամեծարվել: Դա թող ապագային, երբ արդեն թոշակառուի կարգավիճակ կունենաս, իսկ այսօր, խորհուդս քեզ, ավելի շատ ականջալուր եղիր խորհրդի մյուս անդամների և հասարակության կարծիքին: 
 

Վերջին զեղում
Մի օր իմ հարևան Շմավոնը ձեն տվեց, թե արի տես՝ խոզը ոնց են մորթում:
-Հա՞, և ո՞վ է մորթելու:
-Ես:
-Լուրջ ե՞ս ասում, Շմավոն:
Ինձ համար արդեն ոչ թե խոզ մորթելու արարողությունն էր հետաքրքիր, այլ այն, որ դա պետք է աներ Շմավոնը: Շատ չերկարացնեմ, սա, ահռելի դանակը գոտու հետևում թաքցրած, խոզը դուրս քաշեց վանդակից ու սկսեց պտտեցնել ընկուզենու տակ: Մեկ կենդանու ականջի հետևը քորելով, մերթ մեջքն ու փորը շոյելով և անընդհատ փաղաքշելով՝ մա՛շ, մա՛շ մա՛շ, մաշո ջան, խոզին պառկեցրեց ծառի տակ: Մալադեց Շմավոն… Չէի սպասում.
-Շմավոն, բա ոտքերը չես կապո՞ւմ…
-Սսսս, կամաց, պետկը չի, դու մենակ մտիկ արա… Մա՛շ, մա՛աշ, մա՛շ…
Տեսնեմ գոտու տակից դանակը դանդաղ դուրս է քաշում՝ մա՛շ, մա՛շ, մա՛շ… Մեկ էլ Շմավոնը ձեռքը հետ տարավ ինչքան կարող էր ու դանակը խրեց խոզի ձախ թիակ տակ: Մաշը նույնիսկ չցնցվեց: Շմավոնը հաղթական նայեց ինձ՝ տեհա՞ր ինչ արի… Բայց դա վերջին անգամն էր, որ ես տեսա Շմավոնի մաքուր դեմքը: Խոզը ծղրտաց, ծառս եղավ և, Շմավոնին մեջքին առած, գնաց դեպի իր փարախը: Կեղտի մեջ սայթաքեց, Շմավոնին գցեց գետնին ու դուրս թռավ փարախից: Ամեն ինչ այնքան արագ կատարվեց, որ Շմավոնը չհասցրեց նույնիսկ հայհոյել… Հիմա ես կանգնել եմ, չգիտեմ ինչ անեմ՝ Շմավոնին հասնեմ, թե արյուն տալով սլացող խոզին, որ վազում էր այգու պարամետրով:
-Շմավոն, լա՞վ ես…
-Պա, ես տրա… արա, վայթե սրտին չի կպել, գնա չախչախը փակի՝ դուս չգա…
-Չախչախը փակ է, Շմավոն, դու լա՞վ ես…
-Լավը ո՞րն ա, գեղըմը խայտառակ էլա… Դանակս ո՞ւր ա…
-Հրե թևի տակին, Բա հիմա ի՞նչ անենք:
-Ինչ տենք անիլ, էսա վեր կընգնի, ինչքա՞ն տի վազիլ…
Մաշը մի պտույտ էլ տվեց ու թարսի պես քշեց փարախի կողմը, որտեղ Շմավոնն էր:
-Շմավոն, փախի՛ի՛ի՛…
Վերջին զեղման ավարտը
Հետո՞… Շարունակությո՞ւնն եք ուզում: Դա էլ մյուս անգամ: Թողեք մի հատ հասկանամ՝ քամու մեջլիսից շարունակելո՞ւ են ճղճղալ, թե՞ ոնց, որ ըստ այդմ էլ վերջաբանը կառուցեմ:
Համբերություն մեզ: