Արցախի նախագահը նման բան չի ասել մեզ
«Ես չեմ զարմանում Սամվել Բաբայանի որեւէ հայտարարությունից, մենք արդեն սովոր ենք ամենաանհավանականին»։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ՝ անդրադառնալով Բաբայանի այն հայտարարությանը, որ ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր էլ Ադրբեջանի հետ կապի մեջ է:
«Շահրամանյան Սամվելը, ում դուք շատ սիրում եք, բանակցում է, ամեն օր զանգում է Բաքու, խոսում: Ինքն իր ելույթում պարզ ասում է, որ բանակցելու է վերադարձի համար, ես ձեզ հիմա ասում ե, ինքը բանակցում է: Դուք հարց եք տալիս՝ Ղարաբաղի ապագան, ես ասում եմ՝ իշխանություն կա՝ բանակցում է վերադարձի մասին»,- ասաց Բաբայանը 44-օրյա քննիչ հանձնաժողովի նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին։ Բաբայանը նաեւ հավելեց, որ իրեն այդ մասին ԱՀ պատգամավորներն են պատմել, որոնց էլ անձամբ Շահրամանյանն է փոխանցել իր կապի մասին։
«Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ Արցախի նախագահը նման բան չի ասել մեզ, ես առաջին անգամ եմ լսում, որ նման բան իբր եղել է, մեզ ասվել է։ Ես չեմ ուզում ինձ թույլ տալ եւ ասել, որ Սամվել Բաբայանը ստում է , որովհետեւ եթե լիներ, հերքելու խնդիր չկար, շատ նորմալ կլիներ, որ Արցախի նախագահը ինչ-որ գործընթացներ իրականացներ, որը թույլ կտար մարդկանց իրենց տներ վերադարձնել»,- նշեց Մետաքսե Հակոբյանը՝ կարծիք հայտնելով, որ նման լուրեր սպրդելով թերեւս մեկ նպատակ է հետապնդվում՝ խառնակչություն մտցնել արցախցիների շրջանում․
«Այս իրավիճակում էլ փորձում են պառակտել արցախցիներին, իսկ այդ մարդու վերջին երեք տարվա գործողությունները միտված են եղել հենց դրան։ Երբ քաղաքական դաշտում կոնսենսուս է եղել, նման հայտարարություններով ինքը միշտ փորձել է խաթարել կոնսենսուսը, ինչպես նաեւ տպավորություն ստեղծել, որ արցախցի գործիչների միջեւ լարվածություն կա»։
Կարծիքներ