Ֆրանսիայում թեժ իրավիճակ է․ համազգային ցույցեր, կաթվածահար երթևեկություն

Ֆրանսիայում թեժ իրավիճակ է․ համազգային ցույցեր, կաթվածահար երթևեկություն

Ֆրանսիայում կրկին զանգվածային բողոքի ցույցեր են ընթանում՝ ընդդեմ կառավարության՝ կենսաթոշակային տարիքի բարձրացման հետ կապված ծրագրի։

Ինչպես հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները, բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ կենսաթոշակային տարիքը 62-ից դարձել է 64 տարեկան։

Մայրաքաղաքի RATP տրանսպորտային օպերատորը հայտնել է, որ Փարիզի մետրոյի և մերձքաղաքային երկաթուղային ծառայությունների աշխատանքը սահմանափակ է։ 

Երկաթուղային օպերատոր SNCF-ը կանխատեսում է, որ արագընթաց գնացքների միայն մեկ երրորդն է աշխատելու՝ կոչ անելով մարդկանց աշխատել տնից։

Ֆրանսիայի ՆԳՆ-ն հնարավոր բախումների մտավախության պատճառով մոբիլիզացրել է մոտ 11 հազար ոստիկանի, նրանցից 4 հազարը տեղակայված են Փարիզում։

Le Parisien թերթի փոխանցմամբ՝ Փարիզում բողոքի ակցիաներին կմիանան «Դեղին բաճկոններ» շարժման 1000-1200 ակտիվիստներ։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին շուրջ 1,1 միլիոն մարդ մասնակցել է կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ բողոքի ցույցերին։