Լեզվի կոմիտեն դատի է տվել Աբովյանի քաղաքապետարանին՝ Աբովյանը «անգլերեն» սիրելու համար

Լեզվի կոմիտեն դատի է տվել Աբովյանի քաղաքապետարանին՝ Աբովյանը «անգլերեն» սիրելու համար

Լեզվի կոմիտեն վարչական վարույթ է հարուցել Աբովյանի քաղաքապետարանի դեմ՝ I Love Abovyan անգլերեն գրության համար։ Ընդ որում՝ վարչական վարույթ հարուցել է հենց աբովյանցիների բողոքի հիման վրա։ Խոսքն Աբովյան քաղաքոմ տեղադրված LED լամպերով լուսավորվող I Love Abovyan ցուցանակի մասին է։ Սա «Նոր Հայաստանի» հերթական աբսուրդներից է։ Նախ աբսուրդ է այն, որ աբովյանցիներն են զանգել-բողոքել իրենց քաղաքում տեղադրված այս վահանակի գոյության դեմ, թե ինչու է այն անգլերեն, ոչ թե հայերեն։

Մյուս կողմից՝ աշխարհի բազմաթիվ քաղաքներում, այդ թվում՝ Հայաստանի որոշ քաղաքներում, կան այսպիսի ցուցանակներ, օրինակ՝ Ծաղկաձորում, Տավուշի մարզում, Գյումրիում, Երեւանում։ Եվ հիմա Լեզվի կոմիտեն պատրաստվում է դատական կարգով վիճարկել այդ գրության օրինականությունն ու, որքանով տեղեկացանք, տուգանել Աբովյանի քաղաքապետարանին 250-300 հազար դրամի չափով։ Դատալեքսում արդեն կա այս գործը, դատական նիստի օր է նշանակված դեկտեմբերի 10-ը։ Ընդ որում, վարույթը հարուցվել է Աբովյանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արուսյակ Առաքելյանի դեմ․ նա է գործով պատասխանողը։

Աբովյանի քաղաքապետարանից սա զավեշտալի են համարում, քանի որ դա քաղաքապետարանի միջոցներով կառուցված ցուցանակ չէ, բյուջեից փող չեն հատկացրել, այլ ինչ-որ մարդիկ են ֆինանսավորել՝ իրենց միջոցներով ցուցանակ են պատվիրել-տեղադրել՝ բնականաբար, քաղաքապետարանի թույլտվությամբ։ Ու հիմա քաղաքապետարանը պետք է իր բյուջեի միջոցներից փող ծախսի եւ ամեն անգամ իրենց իրավաբանին գործից կտրի-ուղարկի դատարան՝ այս անմեղ գրության շահերը պաշտպանելու համար։ Եվ եթե Լեզվի կոմիտեն դատը շահի, տուգանի Աբովյանի քաղաքապետարանին եւ պարտադրի հեռացնել այս ցուցանակը, ուրեմն, տրամաբանորեն, պետք է հեռացվեն նաեւ ողջ հանրապետությունում մյուս համանման ցուցանակները եւս։

Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը մեր դիտարկմանը, թե ամբողջ աշխարհում կան նմանատիպ գրություններ՝ ոչ տվյալ երկրների մայրենի լեզվով, ասաց․ «Մենք մնացած աշխարհի մասին չենք խոսում, այլ Հայաստանի լեզվի մասին օրենքի, որը պահանջում է, որ պիտի այդ գրությունները լինեն հայերեն՝ զուգահեռ կարող են ունենալ նաեւ այլալեզու թարգմանություն»։
Գյուրջինյանին հիշեցրինք, որ Հայաստանի այլ քաղաքներում եւս կան նմանատիպ գրություններով ցուցանակներ, ինչին ի պատասխան՝ նա առաջարկեց, որ իրենց ուղարկենք այդ լուսանկարներն ու տեղեկացնենք կամ դիմենք, որ զբաղվեն այդ հարցերով։

Այլ կերպ ասած՝ Լեզվի կոմիտեի նախագահը մեզ դրդում էր իրենց գործն անել՝ խախտումներ հայտնաբերել եւ ներկայացնել իրենց։

- Իսկ եթե մենք չուղարկենք, դուք՝ որպես Լեզվի կոմիտե, նկատում եք, չէ՞։

- Երբ նկատենք, անպայման կանենք։ Հո միայն Աբովյանը մենք հատուկ թիրախ չե՞նք արել, մեզ քաղաքացիներից մեկն է դիմել։

- Բայց եթե Google-ում գրեք, օրինակ, I Love Tavush, այդ գրությամբ ցուցանակի բազմաթիվ նկարներ կբերի։ Եթե չեմ սխալվում՝ նաեւ վարչապետի աղջիկն է նկարվել այդ գրության մոտ։

- Հիմա Դուք ուզում եք, որ մենք Տավուշի՞ դեմ հարուցենք։ Ես բանավոր կհաղորդեմ Ձեր անունից։

- Ոչ, ես չեմ զանգել, որ ինչ-որ մեկի դեմ գործ հարուցեք։

- Դե, եթե այդպես է, կա՛մ պիտի գործուղում ուղարկենք, բայց Երեւանում ահագին գործ կա, շատ ավելի, կա՛մ պիտի էսպես հրապարակում անենք, որ դադարեցնեն այդ կարգի գրություններ պատրաստելը։

- Պարզապես տարակուսանք է հարուցել այն, որ Աբովյանում փակցված այդ գրության համար վարչական վարույթ է հարուցվել, հատկապես, որ այդ ցուցանակները նաեւ զբոսաշրջիկների համար են պատրաստվում։

- Լսեք, Հայաստանը զբոսաշրջիկների՞ համար է, զբոսաշրջիկնե՞րն են սիրում Աբովյանը, թե՞ հայաստանցիները։ Ինձ միշտ զարմացնում է, որ ինչ խոսում եք՝ զբոսաշրջիկները։ Բա հայաստանցինե՞րը։