Մոսկովյան 8-ի մանսարդը ապօրինի է․ քաղաքապետարանը հաստատեց

Մոսկովյան 8-ի մանսարդը ապօրինի է․ քաղաքապետարանը հաստատեց

Օրեր առաջ մենք հրապարակում էինք արել այն մասին, որ Երեւանի սրտում՝ Մոսկվոյան 8 հասցեի շենքի տանիքին շինարարություն է տեղի ունենում, որը, ըստ տեղեկությունների, ապօրինի է։ 

Տեղի ունեցող շինարարության վերաբերյալ մենք հարցում էինք ուղարկել Երեւանի քաղաքապետարան, որի պատասխանը ներկայացնում ենք ստորեւ․

«Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ Մոսկովյան 8 շենքի տանիքում իրականացվում են մանսարդային հարկի կառուցման՝ առերևույթ ապօրինի աշխատանքներ: Քաղաքապետարանի, այդ թվում՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմերի համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկվել են օրենքով սահմանված անհրաժեշտ գործառույթները: Ընթացակարգով նախատեսված գործողությունները շարունակելու համար նյութեր են նախապատրաստվել և փոխանցվել ՀՀ դատախազություն»։

Նշենք, որ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այս ապօրինի կառույցը Քննչական կոմիտեի պաշտոնյանեից մեկի համար է։ Դրա դեմը չէին առնում քաղաքապետարանում, քանի որ նպատակը հետեւյալն էր․ դեռեւս մայիսի 11-ին Կենտրոնի թաղապետարանում թաղապետի տեղակալ Արմեն Ազիզյանի կողմից աշխատակիցներից մեկին ծեծելու գործը կոծկել եւ «ջրել»։