Արցախը նախագահ և խորհրդարան էր ընտրում

Արցախը նախագահ և խորհրդարան էր ընտրում

Արցախը երեկ ընտրեց նախագահ եւ խորհրդարան: Մինչ ամբողջ աշխարհը կաթվածահար պայքարում է կորոնավիրուսի դեմ եւ ապրում կարանտինային ռեժիմում, Արցախում գրանցվեց ընտրողների աննախադեպ ակտիվություն՝ կուտակումներ ու հերթեր ընտրատեղամասերի դիմաց: Մի կողմից, սպասելի էր նման ակտիվությունը՝ նկատի ունենալով, որ մարդիկ միշտ էլ հետաքրքրված են եղել համապետական, առավել եւս՝ նախագահական ընտրություններով, առավել եւս, երբ այդ ընտրություններին մասնակցում են նախագահի 14 թեկնածու, 10 կուսակցություն եւ երկու դաշինք, ու բնական է, որ բոլորն էլ ունեին ընտրազանգված։ Բայց ակտիվությունը նաեւ հայաստանյան էլիտայի ներշնչած «կորոնավիրուսն ում շունն է»  սկզբունքով է պայմանավորված եւ Արցախում արտակարգ դրություն չհայտարարելու հանգամանքով։ Ու չնայած Հայաստանում ստեղծված համաճարակային իրավիճակը հուշում է, որ վտանգը մեծ է, եւ չնայած հորդորներին, որ պետք է անհապաղ հետաձգել ընտրությունները, Արցախում որոշեցին ռիսկի դիմել եւ գնալ ընտրությունների:

Արցախից մեզ բացատրեցին, թե շատերի աչքի առաջ բոլոր ընտրատեղամասերում ախտահանման աշխատանքներ են կատարվել, մեկանգամյա գրիչներ, դիմակներ, ձեռնոցներ են տրամադրվել ընտրողներին, ինչը, մեր զրուցակցի համոզմամբ, մեծապես ազդել է նման ակտիվության ցուցանիշի վրա: Հիշեցնենք, որ նախագահի թեկնածուներն էին նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը, դաշնակցական Դավիթ Իշխանյանը եւ այլք: 

Երեկ ողջ օրվա ընթացքում կեղծ եւ իրական ահազանգերը լսվում էին հենց այս մարդկանց շտաբների ու կողմնակիցների կողմից: Ահազանգերը հիմնականում վերաբերում էին քվեաթերթիկները լուսանկարելուն: Մասնավորապես, մեծ աղմուկ բարձրացրեց մի տեսանյութ, որտեղ երեւում էր, որ կինը քվեարկել է «Ազատ հայրենիք» կուսակցության օգտին։ Լրագրողի հարցին, թե որքան գումար են տվել իրեն, կինը պատասխանում է, որ ինքը չի վաճառվում։ «Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը, անդրադառնալով միջադեպին, հայտնեց, որ տեղի ունեցածը սադրանք է։ «Շուշիի 7/1 ընտրատարածքում տեղի ունեցած միջադեպը սադրանք է եւ որեւէ կապ չունի մեր նախընտրական շտաբի աշխատանքների հետ: Պահանջում ենք, որպեսզի այդ մասին վկայող տեսանյութը համապատասխան կերպով քննվի իրավապահ մարմինների կողմից»,- գրել էր նա, ավելի ուշ պարզել, որ տեսանյութի հերոսը նախագահի թեկնածուներից մեկի շտաբի պետի մայրն է։

Պողոսյանն օրվա ընթացքում նաեւ ահազանգել էր, որ Արցախի հեղափոխական կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանը մտնում է ընտրատեղամասեր եւ իրենց քաղաքական դաշինքի ու նախագահի թեկնածուի դեմ ակնհայտ հակաքարոզչություն իրականացնում: «Օրենքի կոպիտ խախտմամբ, նա գոռգոռալով՝ վիրավորական արտահայտություններ է անում եւ փորձում է ազդել ընտրողների որոշման վրա: Համապատասխան մարմիններից պահանջում ենք անհապաղ միջոցներ կիրառել»: Հիշեցնենք, որ Օսիպյանը Սամվել Բաբայանի մտերիմն է:
Օսիպյանն էլ իր հերթին էր ահազանգել, որ ընտրությունները մեկնարկել են մասսայական ընտրախախտումներով։ «Մասսայական, մարդիկ նկարում են իրենց քվեաթերթիկները, բնականաբար, խոսակցություններ են գնում, որ մի ընտրաթերթիկը՝ 20 000 դրամով»։ Նա նաեւ դիմել է ՀՀ Պնախարար Դավիթ Տոնոյանին՝ նշելով, որ բանակը նույնպես քաղաքականացված է։ Մինչդեռ հավատարմագրված աննախադեպ թվով դիտորդների կողմից էական խախտումներ չարձանագրվեցին: 

Նշենք, որ Արցախում բացվել էր 280 ընտրական տեղամաս, եւս մեկ տեղամաս՝ Հայաստանում, կեսօրից երկու ժամ անց մոտ 50 տոկոսի մասնակցությունն ապահովվել էր: Առավել ակտիվությամբ աչքի ընկան Ստեփանակերտը, Ասկերանն ու Հադրութը: Դիտորդները չահազանգեցին կոպիտ խախտումների մասին: