«Հրապարակ». Այո, Արմավիրում եղել են դեպքեր, որ քանդել են խաղողի այգիները, գուցե գարունը էլի քանդեն

«Հրապարակ». Այո, Արմավիրում եղել են դեպքեր, որ քանդել են խաղողի այգիները, գուցե գարունը էլի քանդեն

Անցնող տարին, պայմանավորված մի շարք հանգամանքներով, տնտեսական մեծ կորուստներ ու խնդիրներ առաջացրեց հատկապես արտահանողների ու գյուղացիական տնտեսությունների համար։ Մթերումների ծավալի կտրուկ կրճատման պատճառով որոշ խաղողագործներ քանդեցին իրենց խաղողի այգիները, քանի որ բերքը փչանում էր, իսկ մթերող չկար։ Կառավարությունը հայտարարում է, որ ինչ-որ քայլեր է ձեռնարկում՝ մթերողներին ու խաղողագործներին օժանդակելու համար, բայց փաստը մնում է այն, որ մթերողներն իրենց ապրանքը չեն կարողանում երկրից արտահանել, գյուղացին էլ չի կարողանում իր ապրանքն իրացնել ու ստիպված է լինում ոչնչացնել այգին ու այլեւս չզբաղվել խաղողագործությամբ։

Օրինակ՝ երեկ մեզ հետ զրույցում Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը նշեց, որ նման դեպքեր են գրանցվել` որոշ խաղողագործներ քանդել են իրենց այգիները։

«Մթերման խնդիրը վաղուց կա, տարիներ շարունակ գոյություն ունեցող խնդիր է մեր մարզում, մի մարզում, որտեղ խաղողագործությունը զարգացած է։ Այո, էս տարի մենք ունեցանք խնդիրներ, քանի որ մթերող կազմակերպությունները պատրաստ չէին էդ ծավալի մթերել, նաեւ՝ բարձր արժեքով մթերել։ Խնդիրը հնարավոր եղավ լուծել, երբ որ մթերող կազմակերպությունները մի փոքր էժան գնով մթերեցին՝ միջինը 100-110 դրամով, բայց ոչ բոլորը։ Եղան նաեւ 120, 130, 150 դրամով մթերումներ։ Եվ մթերման ծավալը մարզի եւ մարզից դուրս այլ մթերողների միջեւ բաշխվեց։ Արդյունքում ամբողջ խաղողը մթերվեց։ Բայց հարցն այստեղ արդեն խաղողագործի ընտրության մեջ է, թե որքանով է արդյունավետ այդ արժեքով խաղող արտադրելն ու իրացնելը։ Դրա արդյունքում որոշ խաղողագործներ որոշեցին, որ արդյունավետ չէ, խաղողի այգիներ պահելը ձեռնտու չէ այլեւս, ու մի քանիսը քանդեցին իրենց այգիները։ Չէի ասի, թե դա մասսայական բնույթ է կրել, այո, եղել են դեպքեր, որ քանդել են, գուցե գարունը էլի կքանդեն»,- ասաց մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը։

- Իսկ կառավարությունը, էկոնոմիկայի նախարարությունը, մարզպետարանն ի՞նչ են անում, որ գյուղացիական տնտեսությունները չվերանան։

- Գյուղացիական տնտեսություններն իրենք անհատ գյուղատնտեսներ են, ունեն իրենց սեփական հողը, եւ կառավարությունը բավականին մեծ գումարներով սուբսիդավորել է էն վարկերը, որոնցից օգտվել են մթերող կազմակերպությունները, եւ հենց իմ նշած խաղողի մթերման դիմաց դրա արդյունքում է հնարավոր եղել գյուղացուն կանխիկ գումար վճարել։ Այլապես, էսքանն էլ չէր մթերվի, եթե կառավարության սուբսիդավորման ծրագիրը չլիներ։

- Որքա՞ն գումար է վճարել կառավարությունը։

- Թիվը կդժվարանամ ասել, բայց մի քանի միլիարդի չափով է։

- Դա որպես փոխհատուցո՞ւմ, թե՞ սուբսիդավորում։

- Որպես վարկերի տոկոսների սուբսիդիա, որպեսզի մթերող կազմակերպությունը վարկ վերցնի եւ էդ վարկով մթերում իրականացնի։ Այդ վարկի տոկոսի մեծ մասը կառավարությունը սուբսիդավորել է։ Այսինքն՝ մենք մթերողներին ենք օգնել, որպեսզի կարողանան մթերել։

- Այդ դեպքում ինչո՞ւ այդ օգնությունն այն արդյունքը չի տվել, որ մարդիկ չքանդեն իրենց այգիները։

- Դե, գիտե՞ք, էդ արդեն շուկայական հարաբերություններ են՝ արտահանման խնդիրներ կան, իրացման խնդիրներ կան, մթերող կազմակերպություններն իրենց տնտեսական ռիսկը հաշվարկում են եւ իրենց մաքսիմալ հնարավորությամբ են գործել։ Եթե դրանից ավել հնարավոր չի եղել, ուրեմն հանարավոր չի եղել։

- Հիմնական պատճառը ո՞րն է եղել, Լարսի վատ անցունակությո՞ւնը։

- Այո, Լարսի անցունակությունն ու նաեւ իրենց արտաքին իրացումների շուկայի կրճատումը։ Եթե մարդիկ չեն կարողացել իրենց նախկին տարիների մթերման արդյունքում ունեցած արտադրանքն իրացնել, այդ իսկ պատճառով հնարավորություն չեն ունեցել ավելի շատ մթերելու։

- Ես հիշում եմ, որ երբ Գագիկ Ծառուկյանն ակտիվ քաղաքականության մեջ էր, հաճախ էին ցուցադրում, որ ինքն անձամբ գնում է, Արմավիրի մարզի խաղողագործների հետ հանդիպում եւ մթերման խնդիրը լուծում։ Այս տարի Ծառուկյանն այդ առումով ինչ-որ բան արե՞լ է։

- Այո, Ծառուկյանն Արմավիրի մարզում այս տարի մթերել է 8 հազար տոննայից ավելի խաղող։

- Իսկ Արմավիրի մարզը մյուս մարզերի համեմատ որքա՞ն հարկային մուտքեր է ապահովում։ Որպես նաեւ ՊԵԿ նախկին նախագահ՝ որքանո՞վ եք ուշադիր այդ հարցում։

- Ուշադիր եմ, իհարկե, վիճակագրություն եւ թվեր էս պահին չեմ կարող ասել, քանի որ ամփոփված տվյալներ չունեմ, բայց մարզում բավականին ակտիվ է տնտեսական գործունեությունը, եւ Արմավիրի մարզը` իր գյուղատնտեսական պոտենցիալով, հանրապետությունում ընդհանուր արտադրողական ՀՆԱ-ի մեջ առաջին տեղն է զբաղեցնում։ Մարզն ունի գյուղատնտեսական իր հնարավորություններն ավելի զարգացնելու եւ ընդլայնելու հնարավորություն, ունենք ընթացիկ ներդրողներ, նոր այգիներ են հիմնվում, նոր, արդիականացված ոռոգման համակարգեր են ստեղծվում։

- Իսկ ավելի սահմանամերձ համայնքներում ինչպիսի՞ն է իրավիճակը, մարդիկ ցանկանո՞ւմ են այդ հատվածներում ներդրումներ անել, թե՞ իրավիճակը հաշվի առնելով՝ խուսափում են։

- Հենց ավելի շատ սահմանամերձ համայնքներում են ներդրումներ արվում, քանի որ տեղանքն է ավելի հարմար այգիներ հիմնելու համար։ Նույն Երվանդաշատում, մյուս համայնքներում։

- Բայց ռիսկը մեծ չէ՞, որ եթե այս կողմից Ադրբեջանն է հարձակվում, այդ կողմից էլ կարող է մի օր Թուրքիան հարձակվել Հայաստանի վրա։

- Արմավիրի մարզում որեւէ ռիսկ չի նկատվում, ես ձեզ վստահեցնում եմ, որեւէ մտահոգություն բնակչության մեջ չկա։

- Ինչո՞վ վստահ լինենք, որ վաղը Թուրքիան էլ իր հերթին չի հարձակվի Հայաստանի վրա՝ «խաղաղության օրակարգի» շրջանակներում։

- Դե, գիտե՞ք, էդ հարցին ես չեմ կարող պատասխանել, ես ասում եմ, որ ռիսկ չկա, էդ մասով բնակչության մոտ անհանգստություններ չկան։ Համենայնդեպս, որպես մարզպետ՝ ես նման իրավիճակի չեմ հանդիպել։