Ինչ տրամադրություններ են ԱՄՆ-ում՝ նախագահական ընտրությունների շեմին

Ինչ տրամադրություններ են ԱՄՆ-ում՝ նախագահական ընտրությունների շեմին

Այսօր կայանալիք նախագահական ընտրություններից հաշված ժամեր առաջ Միացյալ Նահանգների քաղաքական կյանքում լիակատար խառնաշփոթ իրավիճակ էր։ Իհարկե, սոցիոլոգիական կենտրոնները, ԶԼՄ-ները հրապարակում են իրենց սոցհարցումները, կատարում կանխատեսումներ, վերլուծաբաններն ու փորձագետներն էլ տեսակետներ են հայտնում, սակայն այդ ողջ ինֆորմացիոն հոսքի մեջ նկատելի է մի բան՝ ընդգծված սուբյեկտիվություն, երբ սոցհարցումները, կանխատեսումներն ու արտահայտած տեսակետներն արտացոլում են տվյալ կառույցի կամ անձի քաղաքական նախասիրությունը, այս կամ այն թեկնածուի հանդեպ ունեցած համակրանքը կամ հակակրանքը։
The Times-ի կարծիքով, Քամալա Հարիսը կարող է հաղթել 43 նահանգում։

Որոշ սոցհարցումների համաձայն, «տատանվող նահանգներում» Թրամփի կողմնակիցները սկսում են առավելություն ձեռք բերել։ Այլ մասնագետներ էլ նշում են, որ «տատանվող» յոթ նահանգներից չորսում Քամալա Հարիսի դիրքերն են ամրանում։ Ամերիկյան պատմության մեջ 2024 թվականի նախագահական ընտրությունները թերեւս ամենալարվածն ու ամենահագեցածն են լինելու, նաեւ՝ ամենից անորոշը՝ կանխատեսումների առումով։ Այս ընտրություններում Հարիսի հանդեպ համակրանք ունեն սպիտակամորթ տարեց տղամարդիկ, որոնք, ի դեպ, մշտապես համարվել են Հանրապետական կուսակցության ընտրողները։ Բացի այդ, համաձայն մասնագիտական վերլուծությունների, Հարիսը կկարողանա հաղթել, եթե «տատանվող» յոթ նահանգներից Միչիգանում, Վիսքոնսինում, Փենսիլվանիայում եւ Նեւադայում կարողանա առաջ անցնել Թրամփից ու շահել ընտրիչների քվեն։ Ընդ որում, նրան անհրաժեշտ կլինի նաեւ Նեբրասկա նահանգի երկրորդ շրջանի ընտրիչների քվեն։ Այդ դեպքում նա կունենա 270 ընտրիչների քվե, որը կապահովի նրա հաղթանակը։

Թրամփը կայուն կերպով հաղթում է «տատանվող նահանգներից» Արիզոնայում, Ջորջիայում եւ Հյուսիսային Կարոլինայում։ Փենսիլվանիայում Թրամփը միայն մեկ տոկոսով է հետ մնում Հարիսից։ Քամալա Հարիսին աջակցում են հատկապես կանայք։ Բանն այն է, որ Թրամփի թիմակից Դեյ դի Վենսը հանդես է եկել աբորտների արգելման օգտին, իսկ դա դուր չի եկել ամերիկացի բազմաթիվ կանանց, եւ հիմա դա կարող է պատճառ դառնալ, որ կանայք, որոնք ավանդաբար ավելի ակտիվ են ընտրական պրոցեսներում, քան տղամարդիկ, զանգվածաբար անցնեն Հարիսի կողմը։ Բացի այդ, Դի Վենսը քննադատել է միտումնավոր երեխաներ չունենալու կանանց մոտ նկատվող տենդենցը եւ նաեւ դրանով զայրացրել ամերիկացի կին ընտրողներին։

Թրամփը կարող է հաղթել, ըստ մասնագետների, եթե հյուսիսային նահանգներից մեկնումեկը երես թեքի Հարիսից։ Այս դեպքում Թրամփի կողմից կլինեն Արիզոնան, Միչիգանը, Ջորջիան ու Հյուսիսային Կարոլինան, ու կկարողանա երկրորդ ժամկետի համար դառնալ նախագահ։ Կա նաեւ հավանականություն, որ թեկնածուները հավաքեն 269-ական քվե ընտրիչներից։ Այդ դեպքում արդեն Կոնգրեսն է հայտարարելու, թե ով է դառնում նախագահ։ Եթե նման բան լինի, ինչը հնարավոր է զուտ տեսականորեն, ապա կարող է հաղթել Թրամփը։ Մասնագետները նկատում են, որ նախագահական ընտրություններում Միացյալ Նահանգների հասարակության ներսում եղած տրամադրությունների մասին խոսելիս պետք է հաշվի առնել նաեւ երկու գործոն՝ ընտրողների՝ տարիներ շարունակ կուսակցություններից մեկնումեկին տված նախընտրությունը, ինչպես նաեւ այն, թե կուսակցություններից որը որքան «ամոթխած ընտրողներ» ունի, որոնք չեն ցանկանում հանրայնացնել իրենց տեսակետը, սակայն քվեարկում են վստահ կերպով՝ ըստ իրենց քաղաքական նախընտրության։