Աղետաբերը

Աղետաբերը

Կաթիլ-կաթիլ՝ ջուրը քար է ծակում: Ցանկացած անհեթեթություն, երբ բազմիցս կրկնվում է, սկսում է համոզիչ թվալ անգամ այդ անհեթեթությունն ասողին: Առաջ պատերազմում պարտությունն էր Նիկոլ Փաշինյանը բարդում նախկինների վրա, հիմա իր կողմից ստորագրվելիք փաստաթղթերն ու զիջումներն է նրանց վերագրում: Հազարավոր առարկություններ ու փաստարկներ են բերվել` ապացուցելու համար, որ դա ոչ միայն սխալ է, այլեւ բարոյականության բոլոր նորմերից դուրս է: Հազարավոր մարդիկ են անդրադարձել այդ մեղադրանքներին, նաեւ այդ մեղադրանքների հասցեատերերն են բացատրել, որ այդպես չէ, որ բանակցություններ, այո, իրենց ժամանակ տարվել են, բայց զիջումների չեն գնացել, եւ որ նույնիսկ ամենավատ փաստաթուղթը, որը քննարկվել է անցյալում, այսօրվա զիջումների համեմատ երանելի ու հաղթական ձեռքբերում կարող էր դիտվել: Որ ոչ մի փաստաթղթում չի եղել Հադրութի, Շուշիի հանձնումը, Լաչինի միջանցքի փակվելը, Հայաստանից տարածքների զիջումը: Բոլոր փաստաթղթերում արձանագրված է եղել Արցախի կարգավիճակը: Մարդիկ գիտական ու հանրամատչելի հոդվածներ են գրում` բացատրելով այս ամենը:

Մյուսները հարցեր են բարձրացնում` եթե այդքան անհուսալի էր վիճակը, ինչո՞ւ 18-ին ստանձնեցիր իշխանությունը, ինչո՞ւ 2 տարվա ընթացքում չասացիր այդ մասին, ինչո՞ւ ժամանակին չգնացիր համաձայնության, ինչո՞ւ բանը հասցրիր պատերազմի եւ թույլ տվեցիր, որ այդքան երեխա զոհվի: Հարցեր, որոնց որեւէ հոդաբաշխ պատասխան չի տրվել: Եվ վերջապես` եթե այդքան անելանելի է այսօր վիճակդ ու պարտադրված ես հայկական երկու պետականությունների շահերին հակասող փաստաթղթեր ստորագրել, ինչո՞ւ հրաժարական չես տալիս: Ինչո՞ւ շանս չես տալիս, որ նրանք, ովքեր ելքը տեսնում են, ի վիճակի են ինչ-որ բան փոխել, փորձեն դա անել: