Սոցապ նախարարությունում չգիտեն, թե ինչ նկատի ունի Արման Թաթոյանը

Սոցապ նախարարությունում չգիտեն, թե ինչ նկատի ունի Արման Թաթոյանը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործունեությանը։ Թաթոյանը նախարարության պատասխանատուներից պահանջել էր գիտակցել  իրենց սահմանադրական պարտավորությունները․

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ղեկավար այն անձնակազմից և մյուս պատասխանատուներից, ովքեր այս օրերին անմիջականորեն ներգրավված են մարդկանց սոցիալական աջակցության ապահովման գործընթացին, պահանջում եմ գիտակցել սահմանադրական պարտականությունները Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ և սեփական կարգավիճակի լրջությունը, բացառել անպատասխանատու վերաբերմունքը և ապահովել լիարժեք համագործակցություն մեր աշխատակազմի հետ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործում է 24-ժամյա սկզբունքով մեր հայրենակիցների, այդ թվում՝ զինծառայողների ընտանիքների սոցիալական իրավունքերի երաշխավորմամբ:

Պետք է գիտակցել, որ Մարդու իրավունքների պաշտպանի նպատակն է հատկապես այս դժվար օրերին ամեն կերպ աջակցել պետությանը: Ափսոսում եմ, որ ստիպված եմ այսպիսի հրապարակային հայտարարություն անել։

Հ.Գ. Նպատակահարմար չեմ համարում այս պահին անդրադառնալ ոլորտում առկա մեր արձանագրած խնդիրներին հասկանալի պատճառներով: Ներկայում հերթական ուսումնասիրությունն է ամփոփվում և կուղարկվի իրավասու մարմիններին»,- գրել էր ՄԻՊ-ը։

Հայտնի է, որ պատերազմական օրերին ՄԻՊ գրասենյակը աշխատում է ուժերի գերլարմամբ, բայցի այդ Թաթոյանը մշտապես աչքի է ընկել հանրային բեմահարթակներից զուսպ և կշռադատված խոսքով, և միայն այն փաստը, որը Թաթոյանը հանրային գրառում է արել, արդեն իսկ տարօրինակ է․ մի՞թե սոցապի հետ աշխատելու մյուս բոլոր ճանապարհները սպառված են եղել։

Նախարարությունից փորձեցինք ճշտել, թե ի՞նչն է հարուցել ՄԻՊ-ի դժգոհությունը, արդյոք փորձե՞լ են ճշտել և ինչպե՞ս կմեկնաբանեն գրառումը․

«Որևե կերպ չենք մեկնաբանում, որովհետև մենք շատ զարմացած ենք այդ գրառման հետ կապված, մենք երբևէ ՄԻՊ-ի հետ համագործակցության խնդիր չենք ունեցել, և նաև չգիտենք այն դրդապատճառները, որոնք ստիպել են պարոն Թաթոյանին նման բան գրել, և մենք փորձել ենք իրենց հետ կապ հաստատել, ինքը կապի դուրս չի եկել, և ըստ այդմ՝ մենք այսքանից ավել չենք մեկնաբանի որևէ բան, որովհետև չգիտենք, թե պարոն Թաթոյանը ինչ հիմքեր ունի նման գրառում անելու, և երբ պարոն Թաթոյանը պատասխանի և հասկանանք՝ ինչո՞ւմն է խնդիրը, այդ ժամանակ առավել մանրամասն կանդրադառնանք, որովհետև հասկանում ենք, որ այս պահին այսքանից ավելի անդրադառնալը գործընկերային չէ, և չգիտենք պարոն Թաթոյանի այդ գրառման դրդապատճառները»,- պատասխանեց նախարար Զարուհի Բաթոյանի խոսնակը։

ՄԻՊ գրասենյակից մեր հարցումներին ի պատասխան ասացին, որ այսօր ողջ ուսումնասիրությունները կուղարկեն հասցեատեր մարմիններին, դրանք արդեն ավարտված են․

«ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի երեկվա հայտարարության հիմքում եղել են տարաբնույթ հարցեր ու խնդիրներ, որոնք նաև վերաբերում են Պաշտպանի իրավասությանը ու Պաշտպանի աշխատակազմի հետ համագործակցված աշխատանքին։ Դրանք ամփոփվել են և այսօր կուղարկվեն հասցեատեր մարմիններին։ Այսքանով մեր հրապարակային արձագանքը համարում ենք սպառված»։