Որոշվելու է գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանին կալանավորելու հարցը

Որոշվելու է գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանին կալանավորելու հարցը

Երեկ գրել էինք, որ Գյումրիում բերման է ենթարկվել հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանը։ Նրան ժամեր շարունակ պահել են ոստիկանության ժամանակավոր պահման վայրում։ Գիշերը Աղեկյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը գիշերը մեկնել էր Գյումրի` պաշտպանելու լրագրողի իրավունքները, սակայն նրան թույլ չեն տվել որպես Աղեկյանի փաստաբան հանդես գա, առարկել են, թե հանրային պաշտպան են տրամադրել։ Մեր տեղեկություններով՝ առավոտյան լրագրողին կրկին տեղափոխել են Մուշի ոստիկանական բաժանմունք։

Դատական համակարգից տեղեկացանք, որ այսօր` ժամը 12:00-ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրու նստավայրում  տեղի է ունենալու դատական նիստ, որի ժամանակ պետք է որոշվի գյումրեցի հետաքննող-լրագրող Լիլիթ Աղեկյանին կալանավորելու հարցը։

Աղեկյանի քույրը՝ Լիաննա Աղեկյանն է ահազանգել գործընկեր լրագրողներին, խնդրել է աջակցել քրոջը։ Ըստ Լիաննա Աղեկյանի՝ քրոջը ոստիկանությունում բռնության են ենթարկել, այդ պատճառով էլ գիշերը տեղափոխվել է հիվանդանոց;

Մեր տեղեկություններով՝ Աղեկյանին կալանավորել են Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանի անմիջական հրահանգով։

Մեղադրանքի մասին պաշտոնապես չեն խոսում, քանի որ գործն անձնական դրդապատճառներով է։ Լրագրողը հրապարակավ քննադատել է Չիչոյանին, ինչն էլ, ենթադրաբար, դարձել է ճնշումների պատճառ։