Ասել են՝ մտավախություն կա, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, ես հակառակը ձևակերպեցի․ Փաշինյան

Ասել են՝ մտավախություն կա, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, ես հակառակը ձևակերպեցի․ Փաշինյան

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ում հասկացել են, որ Հայաստանում կառույցից դժգոհություն կա․

«ՀԱՊԿ-ի մի շարք գործընկերների հետ շփման արդյունքում արձանագրեցի, որ ՀԱՊԿ-ում նույնպես արձանագրվել է, որ Հայաստանում հանրային որոշակի տրամադրություններ են շատ արագ աճ ունեցել, նույնիսկ, մի խոսակցության ժամանակ ասվեց, թե ՀԱՊԿ-ում մտավախություն կա, որ ՀԱՊԿ-ը կկորցնի Հայաստանը», - Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Փաշինյանը՝ շարունակելով․

«Ասել են՝ մտավախություն կա, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, ես հակառակը ձևակերպեցի՝ ասելով՝ մտավախություն կա, որ ՀԱՊԿ-ը դուրս կգա Հայաստանից: Իրականում, սա բառախաղ չէ, սա շատ լուրջ բովանդակություն է, եկեք չմոռանանք, որ ես ՀԱՊԿ-ի նախագահողն եմ ու ՀԱՊԿ-ի նախագահողը պիտի բացատրություններ ունենա Հայաստանի վարչապետին. շատ բարդ իրավիճակ է: Մենք ակնկալում ենք հստակ քաղաքական գնահատական», - հայտարարեց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ ՀԱՊԿ-ից նախկինում ստացել են հավաստիացումներ, որ Հայաստանի սահմանը ՀԱՊԿ-ի համար կարմիր գիծ է:

«Երբ նախորդ տարի տեղի ունեցան Սոթք-Խոզնավարի իրադարձությունները, մենք դիմեցինք ՀԱՊԿ-ին ու շատ տարօրինակ արձագանք ստացանք՝ «գիտեք՝ սահմանը դեմարկացված ու դելիմիտացված չէ»: Այստեղից հարց ծագեց՝ բա այն կարմիր գիծը որտեղո՞վ է անցնում, ու դեռ այն ժամանակ հստակ ձևակերպել ենք այս հարցի հստակ պատասխանի անհրաժեշտությունը: Ասել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահման չկա, նշանակում է ասել, որ ՀԱՊԿ-ն էլ չկա, որովհետև ՀԱՊԿ-ն ունի պատասխանատվության գոտի, որը գծանշված է սահմաններով, եթե սահման չկա, ուրեմն չկա կազմակերպություն», - ընդգծեց Փաշինյանը:

Նա ասաց, թե երեկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ներկայացրել է, թե ինչ եզրակացությունների է հանգել:

«Ես մեր դիտողություններն եմ ներկայացրել ու առաջարկությունները: Հայաստանի նկատմամբ ագրեսիայի ակտը պիտի արձանագրվի ու Հայաստանի նկատմամբ ագրեսիայի վերացման հստակ ճանապարհային քարտեզ պիտի ներկայացվի. պետք է ֆիքսվի այն կարմիր գիծը, որն անկյունաքարն է ՀԱՊԿ-ի», - ասաց վարչապետը: