Պողոս ջան, տեսնո՞ւմ ես` հանուն քեզ ինչերի եմ պատրաստ

Պողոս ջան, տեսնո՞ւմ ես` հանուն քեզ ինչերի եմ պատրաստ

Ես արդեն դույզն-ինչ չեմ կասկածում, որ Երեւանում եւ ՀՀ մի քանի այլ քաղաքներում տրանսպորտի միասնական վճարային համակարգի անցնելու այս ձեռնարկն իր արժանի տեղն է գրավելու ՔՊ-ական բարեփոխումների ոսկյա ֆոնդում՝ իրենից հետ թողնելով այնպիսի դարակազմիկ բարեփոխումներ, ինչպիսիք էին բանակի (կլուբնիկ օպերացիա), ոստիկանության, ԲԴԽ-ի, դատախազության, ՄԻՊ-ի եւ այս կարգի էկզոտիկ այլ հիմնարկների բարեփոխումները: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ տրանսպորտի բարեփոխումը, առաջին հայացքից այսքան գրգռիչ, մտածել է ոչ թե Նիկոլը, այլ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Փաստորեն, Երեւանից բացի էն մյուս քաղաքների բնակիչները, օրինակ, գյումրեցիները, ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ Տիգրան Ավինյանի «քաշվածն» են: Իսկ սա նշանակում է, որ Ավինյանի «նոու-հաուն» հետեւանքներ է ունենալու, այն էլ՝ միջքաղաքային լուրջ հետեւանքներ:
Կարծում եմ՝ շքեղ նախաբան ստացվեց… Բայց չէի ուզենա, որ տպավորություն ստեղծվեր, թե այս հոդվածը Տիգրան Ավինյանի, Նիկոլ Փաշինյանի կամ ՔՊ-ի մասին է: Իմ դարդը Պողոսն է՝ քաղաքային տրանսպորտի թիվ մեկ շահառուն, որ ամենաշատն է օգտվելու-տուժելու՝ կախված ՔՊ-ական այս բարեփոխման հաջողությունից կամ տապալումից: Ո՞նց անենք, որ Պողոսը, այնուամենայնիվ, շահի՝ սա է իմ մտահոգությունը: Իսկ դրա համար պետք է նախ հասկանալ՝ Պողոսը կշահի Ավինյանի ռեֆորմի հաջողությունի՞ց, թե՞ տապալումից: Եթե հաջողությունից է շահելու, ապա ուսներս դեմ տանք ու առաջ մղենք այս ռեֆորմը, իսկ եթե տապալումից՝ ուրեմն տապալենք: Այլ ճանապարհ չեմ տեսնում պարզապես:

Պարոն Ավինյան, եթե Դուք էլ ինձ նման կամ իմ չափ մտածում եք Պողոսի մասին, ապա կարող եք ընկերանալ, որ միասին առաջ տանենք քննարկումն ու հասնենք մի տրամաբանական վախճանի, որտեղ Պողոսը շահած դուրս գա, ինչ-որ տեղ նաեւ վարձատրված զգա իրեն՝ ՔՊ-ին քվե տալու համար: Համեցեք, պարոն Ավինյան, սիրով սպասում եմ Ձեզ, բայց մինչ այդ, խնդրում եմ, դադարեցրեք տրանսպորտի մասին էշություններ դուրս տալու եւ պողոսներին էշի տեղ դնելու այս քաղաքականությունը: Օրինակ՝ ի՞նչ է նշանակում հետեւյալ արտահայտությունը. «Ովքեր քիչ օգտվեն տրանսպորտից, նրանց համար տրանսպորտը մի քիչ կթանկանա, իսկ ովքեր շատ օգտվեն՝ կէժանանա»: Երբ Դուք այսպիսի միտք եք բարձրաձայնում, պարոն Ավինյան, Պողոսը սկսում է մտածել՝ էս ի՞նչ ֆոկուս է՝ տրանսպորտը հա՛մ թանկանում է, հա՛մ էժանանում: Պողոսը գիտի, որ խանութում հացն արժե, օրինակ, 270 դրամ: Ինքը եթե քիչ է օգտվում հացից, այսինքն՝ գնում է ընդամենը մեկ հաց, ապա վճարում է 270 դրամ: Ձեր ասելով, պարոն Ավինյան, ստացվում է, որ եթե Պողոսն ավելի շատ օգտվի հացից, օրինակ, գնի 10 հաց, ավելի՞ քիչ է վճարելու: Դուք սա՞ եք ուզում բացատրել Պողոսին: Միանգամից ասեմ՝ չի ստացվի: Նախ՝ Պողոսը «օպտավիկ» չի, որ բիրիքով հաց առնի, եւ ապա՝ Պողոսը ոչ մի պատճառ չունի ձեր տրանսպորտից այնքան անսահմանափակ օգտվելու, մինչեւ այն իր համար էժանանա: Պողոսին ի՞նչ է պետք՝ գնալ աշխատանքի եւ վերադառնալ տուն: Այս դեպքում տրանսպորտը նրա համար, ինչպես Դուք եք ասում, պարոն Ավինյան, «մի քիչ թանկանում է»: Բայց, այ, եթե Պողոսն օրվա մեջ, շաբաթվա մեջ, ամսվա մեջ կամ տարվա մեջ անսահմանափակ օգտվի տրանսպորտից, այսինքն՝ գնա աշխատանքի, աշխատանքից թռնի ու սկսի անսահմանափակ տրանսպորտ նստել՝ մինչեւ տուն գնալը, Պողոսի համար տրանսպորտը կէժանանա: Ձեր հաշվարկները դա են ցույց տալիս, պարոն Ավինյան, բայց ես չեմ կարծում, որ ՀՀ քաղաքացիները լույս աշխարհ են եկել միայն ու միայն էժան տրանսպորտից անսահմանափակ օգտվելու համար:

Ի՞նչ եմ առաջարկում: Մյուս անգամ նման հիմարություն չասել: Պետք է անկեղծորեն խոստովանել, որ Երեւանում եւ ՀՀ մի քանի այլ քաղաքներում տրանսպորտը թանկանում է եւ այն էլ ոչ թե «մի փոքր», այլ՝ 3 անգամ: Իսկ ինչ վերաբերում է էժանանալուն, ապա այն էժանանում է միայն մի փոքր խավի համար՝ դրանք երթուղային ջեբկիրներն են, որոնք անսահմանափակ օգտվում են տրանսպորտից՝ նստում, 1-2 կանգառ գնում՝ իջնում են, նստում, 1-2 կանգառ գնում՝ իջնում, եւ այսպես շարունակ՝ ողջ օրը, ողջ շաբաթը, ողջ ամիսը եւ ողջ տարին: Հասկացա՞նք իրար, պարոն Ավինյան: Ձեր ռեֆորմը, հարգելիս, պարզագույն շուլլերություն է: Ասեմ ավելին․ Նիկոլ Փաշինյանը գիտի այդ մասին, եւ Դուք շուտով Ձեր թիկունքին կզգաք նրա շնչառությունը: Պարոն Ավինյան, Դուք, գուցե, մետրո կառուցելու, քաղաքը սելավներից եւ թափառող շներից պաշտպանելու գործում ավելի վարժ եք, քան Նիկոլը, բայց պոպուլիզմի գծով, վստահեք ինձ, նրան ո՛չ կհասնեք, ո՛չ էլ, մանավանդ, կկարողանաք առաջ անցնել: Այնպես որ, նկատի ունեցեք նաեւ մի այսպիսի սցենար՝ Նիկոլը ժողջանին կասի, որ ինքը տրանսպորտի թանկացում թույլ չի տալու, իսկ Ձեզ SMS-ով «կխնդրի» հրաժարական տալ՝ իր ժողջանին այսպիսի հրեշավոր ռեֆորմ դեմ տալու կապակցությամբ: Փաշինյանը մի փոքր էլ կձգի, կսպասի մինչեւ հունվարի 1-ի նախօրյակը, որպեսզի Դուք, պարոն Ավինյան, հետքայլի որեւէ հնարավորություն չունենաք, եւ կգրի այդ SMS-ը: Բացառո՞ւմ եք: Իզուր…

Իսկ գիտե՞ք, թե ինչ պետք է անել SMS-ը ստանալուն պես: Այո, առանց ժամանակ կորցնելու պետք է հարգել այդ խնդրանք-հորդորը եւ Նոր տարվա շամպայնի խցանի պես դուրս թռչել պաշտոնից: Հենց սկսեք հակաճառել, թե Ձեզ երեւանցին է ընտրել, թե երեւանցին ինչ ասում՝ Դուք այն եք անում, վիճակն ավելի կբարդանա: Մեկ էլ տեսար՝ Նիկոլը հիշեց Ձեր՝ քովիդի պարետ ու փոխվարչապետ աշխատած տարիները՝ փողերի լվացում, պետական գաղտնիքի հանրայնացում, ֆլան, ֆստան: Այնպես էլ չէ, որ դատախազը մի հատ էլ պիտի մտնի քաղաքապետարան, որ անձեռնմխելիությունից զրկի Ձեզ ու հետո ձերբակալի: Դա, նկատի ունեմ ձերբակալությունը, Ձեր պարագայում մեկ-երկու հաշվի գործ է, պարոն Ավինյան եւ, ամենայն հավանականությամբ, կհանձնարարվի Ցիրկի շրջակայքի թաղային տեսուչին՝ «ուչաստկովիին»:

ՀԳ. Սատանան ասում է՝ Ավինյանի հետ գրազ արի. թե SMS-ը եկավ, ինքը նորից սկսի մորուք պահել, իսկ եթե չեկավ, ես բեղերս սափրեմ: Պողոս ջան, տեսնում ես, չէ՞, թե հանուն քեզ ես ինչերի եմ պատրաստ: Ու հանկարծ մտքովդ չանցկացնես, որ Ավինյանի աթոռի վրա աչք ունեմ: