Խզմալյանը մեկը մեկին կրկնում է ադրբեջանական թեզերը

Խզմալյանը մեկը մեկին կրկնում է ադրբեջանական թեզերը

Երբ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը գրեթե մեկ ամիս առաջ եկել էր Հայաստան, հայ-ռուսական հարաբերություններում առկա դրական դինամիկան գնահատելու համար, ներկայացրեց երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության աճը՝ կանխատեսելով, որ այն այս տարի կհասնի ռեկորդային 16 միլիարդ դոլարի: Դրանից հետո Ադրբեջանում մի իսկական հիստերիա սկսվեց, որը մինչեւ հիմա չի դադարում: Ադրբեջանի իշխանությունների հրահանգով, մեկ տասնյակից ավելի հասարակական կազմակերպություններ նամակ գրեցին ԱՄՆ պետդեպարտամենտ՝ փորձելով ամերիկյան կողմի ուշադրությունը հրավիրել այդ փաստի վրա, թե, տեսեք՝ դուք պատժամիջոցներ եք սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որ Ռուսաստանը չկարողանա իր ապրանքներն արտահանել, փող աշխատել եւ պատերազմել, իսկ Հայաստանն օգնում է Ռուսաստանին՝ շրջանցել այդ պատժամիջոցները, Հայաստանի միջոցով ռուսական ոսկին եւ ադամանդները հայտնվում են արտասահմանյան բորսաներում, վաճառքից գոյացած գումարով ռուսները գնում են միկրոէլեկտրոնիկա եւ այն օգտագործում զենքի արտադրության մեջ, ինչը ձեզ թույլ չի տալիս՝ ուկրաինական ռազմաճակատում հաղթել Ռուսաստանին: Բնականաբար, ադրբեջանցիներին ո՛չ ամերիկացիների հաղթանակն է հետաքրքրում, ո՛չ էլ Ուկրաինայի ճակատագիրը, նրանց մտահոգությունն այն է, որ Ռուսաստանի հետ առեւտրի աճի արդյունքում Հայաստանը մեծ գումարներ է ստանում եւ այդ գումարները ծախսում է վերազինման վրա, ֆրանսիական հաուբիցներ է գնում, հնդկական հրթիռներ, համազարկային կրկնակի ռեակտիվ համակարգեր: 

Ադրբեջանի պահվածքն օրինաչափ է, բայց մի քիչ զարմանալի է, որ բառացի նույնն ասում է նաեւ Հայաստանի, այսպես կոչված, արեւմտամետ ընդդիմությունը, որին, իհարկե, ավելի ճիշտ կլինի անվանել ադրբեջանա-թուրքամետ․ դրա մասին՝ քիչ հետո: Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն առաջ է քաշում այն նույն թեզերը, որոնք ներկայացնում է Ադրբեջանը՝ Հայաստանին մեղադրելով արեւմտյան պատժամիջոցները շրջանցելու եւ մաքսանենգության մեջ: «Այն թվերը, որոնք բերվում են որպես արդարացում, եռապատիկ ավելացումը ապրանքաշրջանառության, թվեր են, որոնցից պետք է ամաչել, որովհետեւ Հայաստանը կատարում է միջնորդի, վերավաճառողի, ինչ-որ տեղ՝ մաքսանենգի դեր՝ ռուսական ոսկու եւ ադամանդների հարցում: Սա խայտառակություն է, որը չունի ոչ մի արդարացում: Մարդիկ, ովքեր բերում են թվեր եւ ասում են, որ սա օգուտ է մեր տնտեսությանը, կատարում են երկու սխալ, եթե ոչ հանցագործություն: Առաջինը․ սա օգուտ է ոչ թե տնտեսությանը, այլ մի քանի օլիգարխների, որոնք իրականացնում են այդ միջնորդական կապը եւ գուցե իշխանության վերեւում գտնվող մի քանի պաշտոնյաների, որոնք այդ ամենը հովանավորում են եւ թույլ են տալիս: Այդ զարգացումները վնասաբեր են եւ կործանարար տնտեսության համար, որովհետեւ վերավաճառքը խիստ ժամանակավոր է եւ առաջին իսկ պատժամիջոցների դեպքում փլվելու է՝ փլուզելով նաեւ այն տնտեսական կառուցվածքը, որը հիմա մենք սարքում ենք, փոխանակ կառուցենք տնտեսական կապեր Եվրամիության հետ»:

Խզմալյանը Հայաստանին ոչ միայն մեղադրում է հանցագործության մեջ, այլեւ ԱՄՆ-ին եւ ԵՄ-ին հուշում է, որ ճիշտ կանեն, եթե պատժամիջոցներ սահմանեն նաեւ Հայաստանի նկատմամբ: Զարմանալի զուգադիպությամբ, նույն պահանջով հանդես են գալիս նաեւ ադրբեջանցիները: Իհարկե, Խզմալյանը չի ասում, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ունեցած առեւտրից գոյացող շահույթն օգտագործում է վերազինման համար, նա ասում է, որ այդ գումարներից օգտվում են մի խումբ օլիգարխներ եւ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ: Ըստ Խզմալյանի տրամաբանության ՝Ռուսաստանը, ընտրելով Հայաստանին որպես միջնորդ, դրանով կաշառել է Հայաստանի իշխանություններին, եւ հենց այդ կաշառքի ազդեցության տակ է, որ Փաշինյանը փոխել է իր պրոեվրոպական քաղաքական կուրսը եւ կրկին թեքվել դեպի Ռուսաստան. «Եվ, ահա, Ռուսաստանն ընտրել է Հայաստանի իշխանություններին, որովհետեւ առանց իշխանությունների համաձայնության այդ 2-3 օլիգարխները, որոնք ներքաշված են այդ գործի մեջ, երբեք չէին կարողանա այդքան խոշոր միլիարդների հասնող գործարքներ իրականացնել, եւ, բնականաբար, իրենք ստանում են միջնորդավճար: Հայաստանը թողեց եվրոպական զարգացման ճանապարհը եւ եռակի թվերով ավելացրեց առեւտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ, եւ սա շատ վտանգավոր է Հայաստանի ժողովրդավարության եւ տնտեսության համար»:

Իհարկե, Նիկոլ Փաշինյանը եւ նրա իշխանության ներկայացուցիչները, ինչպեսեւ այդ իշխանության հենարան օլիգարխիան, հսկայական շահույթ են ստանում Ռուսաստանի հետ առեւտրից եւ անձնական հարստություն կուտակում, գուցե այդ գումարից ինչ-որ բան գնում է նաեւ Հայաստանի բյուջե եւ ծախսվում է պաշտպանական խնդիրներ լուծելու համար: Բայց հարցը նույնիսկ այն չէ, թե ինչպես են բաշխվում այդ գումարները, եւ ում որքան է բաժին հասնում: Յուրաքանչյուր երկիր փորձում է առավելագույնս օգտվել իր շուրջ ստեղծված ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմաքաղաքական բարենպաստ իրավիճակից, եթե ինքնուրույն չի կարող նման իրավիճակ ստեղծել: Ստեղծված իրավիճակից չօգտվելը մեծագույն հիմարություն կլիներ. պատկերացրեք՝ Հայաստանը հրաժարվեր կատարել այդ միջնորդի դերը, եւ դա իրականացներ Ադրբեջանը, ու այդ գումարները մտնեին Ադրբեջան, մանավանդ որ հենց ինքը՝ Խզմալյանն է ասում, որ ԵՄ-ին վաճառվող «ադրբեջանական գազը եւ նավթն իրականում ռուսական են, որն Արեւմուտքում շատ լավ գիտեն»: Իհարկե, Խզմալյանը եւ ադրբեջանցիները հենց դա էլ ուզում են, որ, բացի ռուսական նավթից ու գազից, իրենք նաեւ ռուսական ոսկին եւ ադամանդներն արտասահման արտահանեն: 

Եթե Արեւմուտքում գիտեն, որ ադրբեջանական գազն ու նավթն իրականում ռուսական են, եւ աչք են փակում, նշանակում է՝ դա իրենց պետք է, իրենք դրա կարիքն ունեն: Հատուկ Խզմալյանի համար ասենք, որ 2024 թ. երրորդ եռամսյակում Ռուսաստանը կրկին դարձել է գազի թիվ մեկ մատակարարը ԵՄ երկրներ՝ առաջ անցնելով Նորվեգիայից եւ ԱՄՆ-ից, վերջինս իր հեղուկ գազը նախընտրում է վաճառել Հարավ-արեւելյան Ասիայի երկրներ, որտեղ գազի գինն ավելի բարձր է: ԵՄ-ում գիտեն, որ Հայաստանը միջնորդի դեր է կատարում ռուսական ոսկին եւ ադամանդը միջազգային շուկա հանելու հարցում, եւ դարձյալ աչք են փակում, որովհետեւ չեն ուզում, որ ոսկին կտրուկ թանկանա՝ դա ոչ մեկին ձեռք չի տալիս: Այնպես որ, առաջ տանելով ադրբեջանական նարատիվները՝ Խզմալյանը չի սպասարկում ո՛չ հայկական եւ ո՛չ էլ, առավել եւս, եվրոպական շահը, նա ընդամենը կրկնում է այն, ինչ ասում են ադրբեջանցիները, մեկը` մեկին:

Ինչ վերաբերում է Ռուսաստանից տնտեսապես կտրվելուն եւ ԵՄ-ին տնտեսապես ինտեգրվելուն, ապա Հայաստանին բազմամիլիարդանոց ներդրումներ են անհրաժեշտ՝ եվրոպական չափանիշներին համապատասխան արտադրանք թողարկելու համար, իսկ որտեղից վերցնել այդ ներդրումները՝ ոչ մեկը, բնականաբար, չգիտի: Սա կեղծ թեզ է, ինչի տակ փորձում են թաքնվել հայ արեւմտամետները: Հայաստանի իշխանությունն էլ ոչ թե հերթական անգամ վերակողմնորոշվել է Եվրոպայից դեպի Ռուսաստան, այլ երբեք կողմնորոշում չի ունեցել: Հայաստանի գործող վարչախմբի պարագլուխը միշտ էլ ասել է, որ ինքը ոչ մի արժեքային համակարգ էլ չունի, իրեն հետաքրքրում է միայն «լավ ապրուստը»․ որտեղ փող՝ այնտեղ ինքը: Փաշինյանն ապրիլին Բրյուսել կատարած այցի արդյունքում համոզվեց, որ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն իրեն փող տվող չեն, իր համար «լավ ապրուստ» ապահովող չեն, դրա համար էլ որոշեց մնալ ԵԱՏՄ կազմում: Եթե 270 միլիոն դոլարի խոստման փոխարեն «ջեբը» մի 5 միլիարդ փող դնեին, հիմա նա վաղուց էր ԵԱՏՄ-ից դուրս եկել: Այնպես որ, Խզմալյանը Փաշինյանին մեղադրելու փոխարեն թող մեղադրի «քձիպ» եվրոպացիներին եւ ամերիկացիներին:

Ավետիս Բաբաջանյան