Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից հարյուր տարուց ավելի հնչեցվող ստոր սուտը եւ Արցախի ողբերգությունը

Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից հարյուր տարուց ավելի հնչեցվող ստոր սուտը եւ Արցախի ողբերգությունը

Ղարաբաղի հայերն աբորիգեններ են - Ստրաբոն, Պլուտարխ, Պտղոմեոս եւ ուրիշներ

Միջին դարերում Ղարաբաղը գտնվել է Պարսկաստանի կազմում․  «Ղարաբաղը երկիր է, որն ընկած է Արաքսի ձախ ափի եւ Քուռ գետի աջ ափի միջեւ, Մուղանի դաշտավայրից վերեւ, սարերում: Նրա գլխավոր բնակիչները հայեր են, որոնք ղեկավարվում են ժառանգաբար 5 իրենց մելիքներով կամ բնիկ իշխաններով՝ համաձայն գավառների թվի: Յուրաքանչյուրը կարող է ցուցադրել մինչեւ 1 հազար զինվոր: Այդ մելիքները, ըստ Նադիր շահի սահմանած կարգի, անմիջապես ենթարկվում են շահին» (Академик Российской Академии наук А. Бутков. Материалы по новой истории Кавказа. СПб., 1869):

Արցախ-Ղարաբաղում իշխել են հետեւյալ Խամսայի մելիքությունները («խամս»-ն արաբերեն՝ հինգ).
1. Գյուլիստան - տարածվում է Գանձակի (Գյանջա-Կիրովաբադ) սահմանից մինչեւ Թարթառ գետը (մոտավորապես Ադրբ. ԽՍՀ Խանլարի եւ Շահումյանի շրջանները)
2. Ջրաբերդ - տարածվում է Թարթառ գետից մինչեւ Խաչեն գետը (Քարվաճար (Քելբաջար), ԼՂՀ Մարտակերտի շրջանի հյուսիսային  եւ     կենտրոնական մասերը)
3. Խաչեն - տարածվում է Խաչեն գետից մինչեւ Բալուջա գետը (ԼՂՀ կենտրոնական մասը)
4. Վարանդա - տարածվում է Բալուջա գետից մինչեւ Դիզափայտի լեռնային գոտին (ԼՂՀ Ասկերանի, Շուշիի եւ Մարտունու շրջանները)
5. Դիզակ - տարածվում է այդ սարերից մինչեւ Արաքս գետը (ԼՂՀ Հադրութի, Բերդաձորի, Կովսականի, Կորյագինո-Ֆիզուլիի շրջանները):

Նրանք օգտվել են լրիվ ազատությունից, վճարել են Պարսկաստանին հարկ եւ բանակին մատակարարել են ղարաբաղյան հայտնի ձիեր: Այդ հինգ հայկական իշխանությունները, լինելով անմիջական հարեւաններ, կազմել են մեկ ամբողջություն եւ հարատեւել մինչեւ ռուսական տիրապետության հաստատումը՝ 1813թ. միացումը Ռուսաստանին:

Գյուլիստանի Մելիք-Բեգլարյանների, Ջրաբերդի Մելիք-Իսրայելյանների, Խաչենի Հասան-Ջալալյանների, Վարանդայի Մելիք-Շահնազարյանների, Դիզակի Մելիք-Եգանյանների տոհմածառը վկայում է Արցախի մելիքների տոհմերի մեծության մասին, որոնց ժառանգներն այսօր էլ Արցախում կարեւոր դեր են խաղում: Իսկ որտե՞ղ է իրենցը համարող Արցախում գտնվում թուրք-ադրբեջանցիների տոհմածառը:

Նադիր շահը հատուկ գնահատել է Դիզակի մելիք Եգանին (տոհմական կալվածքը՝ Հադրութի շրջանի Տող գյուղում)՝ Թուրքիայի հետ շահի ունեցած պատերազմում նրա ցուցաբերած մեծ ծառայությունների համար: Նրան շնորհել է «խան» տիտղոսը եւ կարգել մելիքների ավագ (բեկլարբեկ):

18-րդ դարից սկսած՝ Գանձասարի վեհաշուք տաճարի կաթողիկոսները եւ Արցախի մելիքները ձեռնարկեցին բուռն գործունեություն ռուսական ցարերի արքունիքի հետ սերտ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ՝ Ղարաբաղն ազատագրելու նպատակով: Առաջարկեցին իրենց ծառայությունները, տվեցին հավատարմության երդում: Ահա մի հատված 15 մարտի 1783թ. նամակից, որտեղ արտահայտվում է «պատրաստակամություն՝ շուրջ հինգ տարի խնամել, կերակրել սպասվող 30 հազարանոց ռուսական բանակին եւ հավատարմություն արքունիքին»:
Արցախի հայերի մի քանի սերունդների ջանքերը պսակվեցին հաջողությամբ, եւ Ղարաբաղը մտավ Ռուսական կայսրության կազմ Ռուս-պարսկական պատերազմի արդյունքում՝ 1813թ. Գյուլիստանի համաձայնագրով, որն ընդունվեց հայկական Գյուլիստան գյուղում՝ այժմ ադրբեջանցիների կողմից օկուպացված ԼՂՀ Շահումյանի շրջանում: Ռուսներին բազմակողմանի մեծ օգնություն են ցուցաբերել Արցախի մելիքները (տես՝ զինվորական պատմաբան, գեներալ В. А. Потто. Кавказская война. В 5-и томах. СПБ. 1889г.):

Որպես ասվածի հիմնավորում՝ բերենք բազմաթիվ վկայություններից մեկը․ «Խանություններն արդեն գոյություն չունեին: Նրանց խաղաղ, առանց որեւէ ալեկոծության ու իրարանցման իրեն միացման գործում Ռուսաստանը մեծապես պարտական է իշխան Մադաթովին: 1817 թվականին նշանակվելով խանություններում զինվորական շրջապատի պետ, ինքը՝ ծագումով Ղարաբաղից, իր զինվորականի բնավորությամբ, թաթարների սովորույթների եւ լեզուների խորը իմացությամբ, հանդիսացել է անփոխարինելի անձնավորություն այդ պաշտոնում: Այսպիսով, Երմոլովի ձգտումը՝ ռուսական տիրապետությանը խանությունները ենթարկելու հետ, հանձին Մադաթովի, գտել է հրաշալի, էներգիայով լեցուն կատարողին, որին պատմությունը չպիտի մոռանա» (В.А. Потто. Кавказская война. Том 2. Ермоловское время, стр. 521):

Այս ֆոնին խիստ ցավալի է, որ 2020թ. աշնանը, ռուսական բանակի հայացքի առաջ, Թուրքիա-Ադրբեջան տանդեմի կողմից Լեռնային Ղարաբաղում ավերվեց եւ ոչնչացվեց իշխան, ռուսական բանակի գեներալ Վալերիան Մադաթովի տոհմական կալվածքը՝ պատմական Ավետարանոց գյուղը: Ոչնչացվեց նաեւ Սովետական Միության ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովի (Արմենակ Խանփերյանց) տուն-թանգարանը Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում, ավերվեց Հրետազորի գեներալ-գնդապետ, Սովետական Միության հերոս Միխայիլ Պարսեղովի հայրենի Կոլխոզաշեն գյուղը, եւ այլ հանցագործություններ:

Ցարական Ռուսաստանի կազմում Արցախը ստացավ ազատություն ձեռներեցության եւ լուսավորչության բնագավառներում: Շուշին դարձավ գորգագործության, մետաքսագործական արդյունաբերության, գինեգործության, կաշվի մշակման խոշորագույն կենտրոն Կովկասում: Շուշեցի շատ հայեր դարձան խոշոր նավթարդյունաբերողներ Բաքվում: Շուշին դարձավ Անդրկովկասում Թբիլիսիից հետո կուլտուրայի, մշակույթի, կրթության երկրորդ հայկական կենտրոնը, չորրորդը բնակչության թվակազմով: Տպագրվում էին 22 թերթ ու ամսագիր (միայն 2-ը՝ ադրբեջաներեն), 3 հայկական տպարաններում տպագրվում էին գրքեր, սկսած 1828 թվականից: Շուշիում Ալեքսանդր II եւ III ռուսական ցարերի օրոք՝ 1868-1887 թթ․, կառուցվեց Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ մայր տաճարը, որը XX դարում երեք անգամ ավերվեց թուրք-ադրբեջանցիների կողմից, վերջին անգամ՝ 2020 թվականին:

Հայերը վճռորոշ դեր են խաղացել Բաքվում նավթահանության արդյունաբերության ներդրման ու զարգացման գործում: Առաջին հորատման աշտարակն Ապշերոնում տեղադրել է ազգությամբ հայ Ի. Միրզոեւը՝ 1869թ.: Առաջին նավթային շատրվանը, որով նավթը ժայթքել է 18 սաժեն խորությունից, 1873թ., պատկանել է հայկական «Խալաֆի» ֆիրմային: Նավթային խոշոր մագնատները հայեր են եղել՝ Ա. Մանթաշեւ, Ի. Մաիլով, Գ. Լիանոզով, Գուկասով եղբայրներ, Պիտոեւ, Գ. Արաֆելով, Ա. Ծատուրով եւ ուրիշներ: 1890թ. արդյունահանված 226 միլիոն փութ նավթից ռուսներն արդյունահանել են 47,3 %, հայերը՝ 46%, մյուս ազգերը՝ 6.7%: 1917թ. արդյունահանված նավթի 53%-ը պատկանել է հայկական ֆիրմաներին: Առկա է մեկ այլ վիճակագրություն՝ 430 դիպլոմավորված ինժեներներից այդ ժամանակվա արդյունաբերության բնագավառում՝ նավթային եւ այլ, 220 մարդ (51%) կազմել են հայերը: Մեծ տեմպերով զարգացել է նաեւ Բաքուն: Եթե 1850թ. այնտեղ ապրում էր 7 հազար 400 բնակիչ, ապա արդեն 1913թ.՝ ավելի քան 200 հազար․ ռուսներ՝ 76 հազար 229 (36%), կովկասյան թաթարներ՝ 45 հազար 972 (21,3%), հայեր՝ 41 հազար 685 (19,5%): Ձեւավորվեց հայազգի ճարտարապետների մի ամբողջ համաստեղություն՝ Նիկոլայ Գեորգիեւիչ Բաեւ (Մաիլով եղբայրների թատրոն, հետագայում՝ օպերային թատրոն, 1911թ.), Գաբրիել Տեր-Միկելով (Ֆիլհարմոնիա, 1912թ., Բակգորսովետ, 1914թ.), Վ. Ս. Սարկիսով (Доходный дом, 1913թ., Գրողների միություն), հետագայում՝ ճարտարապետներ Ր. Թորոսյան («Տուրիստ» հյուրանոց), Մ. Թովմասյան (Բաքվի ծովային նավահանգիստ), Մ. Տեր-Գրիգորյան, Գ. Բաղիրյան, Ա. Ահարոնով, Ա. Ավանեսով եւ ուրիշներ:

Ցավոք, 1917թ. Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո հայերի ճակատագիրը Բաքվում եւ Արցախում կտրուկ փոխվեց դեպի վատթարագույնը: Հայ արդյունաբերողները զրկվեցին իրենց ողջ հարստությունից: Թուրքիայի ջանքերով 1918թ. աշխարհում առաջին անգամ ստեղծվեց Ադրբեջան Հանրապետությունը: Ավելին, Թուրքիայի կողմից դրվեց նպատակ՝ տարածքորեն այն միավորել Թուրքիային: Այսօր այդ տանդեմը գրեթե հասել է իր նպատակին, մնացել է 45 կմ զանգեզուրյան հատվածը: Թուրքիայի այդ մտահղացումը մեծ ողբերգություն բերեց Արցախին եւ Հայաստանին ամբողջությամբ:

Հայերը պարտքի տակ չմնացին՝ հանդեպ ցարական Ռուսաստանի, եւ ակտիվորեն մասնակցեցին ռուս-թուրքական եւ ռուս-պարսկական բոլոր պատերազմներին՝ առաջադրելով մեծ համբավի հասած հրամանատարների մի ամբողջ համաստեղություն՝ 130 գեներալ: Մասնավորապես, գեներալ, իշխան Վալերիան Մադաթով, գեներալներ Միխայիլ Լորիս-Մելիքով, Դավիթ Դելյանով, Արզաս Տեր-Ղուկասով, եղբայրներ  Բեբութովներ, Ախվերդովներ, Աբամելիքներ, Արգուտինսկի Դոլգորուկովներ, Իվան Դավիդովիչ Լազարեւ եւ շատ ուրիշներ:

Ցարական Ռուսաստանում բոլոր տարածքները կազմավորվում եւ ղեկավարվում էին գուբերնիայի սկզբունքով, այսինքն՝ գուբերնիան ձեւավորվում էր տարածքային սկզբունքով, այլ ոչ թե ազգային: Օրինակ՝ Նախիջեւանը մտնում էր Էրիվանի գուբերնիայի, իսկ Լեռնային Ղարաբաղը՝ Ելիզավետպոլի (Գանձակ) մեջ: Այդ պատճառով ազգային հարցը, որպես այդպիսին, լուրջ դրված չէր: Այդ պահպանվեց մինչեւ 1917թ. Հոկտեմբերյան հեղափոխությունը:

Այսպիսով, վերը բերված անժխտելի փաստերի հիման վրա հավաստագրենք, որ Ադրբեջանը չի կարող հավակնել Արցախ-Ղարաբաղի տարածքներին, քանզի մինչեւ 1917թ. չի հանդիսացել պետականություն ունեցող միավոր եւ չի ունեցել որեւէ առնչություն Արցախի տարածքների հետ:
1918թ. հայտարարվեց Անդրկովկասում երեք անկախ հանրապետությունների ստեղծումը՝ վրացական, հայկական, ադրբեջանական: 1918թ.-ն հանդիսացավ առաջին անգամ աշխարհում ստեղծված Ադրբեջանի Հանրապետության տարեթիվը: Ցեղասպանություն ապրած Հայաստանը գտնվում էր թուլացած վիճակում՝ գաղթականներով լցված: Բաքվի, Շամախու եւ մասամբ Ելիզավետպոլ (Գյանջա) գուբերնիաների հիման վրա ստեղծված Ադրբեջանի Հանրապետությունը՝ Թուրքիայի դրդմամբ, իր առաջ խնդիր դրեց՝ տերիտորիալ տեսակետից միանալ Թուրքիային:

Հենց այդ ժամանակ առաջին անգամ հնչեցվեց, որ իբր «Ղարաբաղը, Զանգեզուրը, Նախիջեւանն ադրբեջանական տարածքներ են» եւ պետք է մտնեն նորաթուխ Ադրբեջան կոչված պետության մեջ: Դրանք այն տարածքներն են, որոնցով Ադրբեջանը տարանջատվում է Թուրքիայից:
Հանրահայտ է, որ այդ տարածքները երբեք չեն գտնվել Թուրքիայի տիրապետության տակ, տեսականորեն դրանց կարող են հավակնել Հայաստանը, Պարսկաստանը եւ Ռուսաստանը: Այդ պատճառով Ազգերի լիգան իր 6 դեկտեմբերի 1920թ. որոշումով մերժեց Ադրբեջանի խնդրանքը՝ Ազգերի լիգա ընդունելու վերաբերյալ՝ Վրաստանի եւ Հայաստանի հանդեպ տարածքային վեճ ունենալու պատճառով:

Շարունակելի

Լենսեր Աղալովյան
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
ֆիզմաթ. գիտ. դոկտոր