380 հազար դրամը որպես սիմվոլիկ գումար

380 հազար դրամը որպես սիմվոլիկ գումար

Մեր ժողովրդին պատուհասած ողբերգությունից դաս չքաղելը դարձել է նիկոլական իշխանության աքիլլեսյան գարշապարը: Այն դրսևորվում է պետության կենսագործունեության բոլոր բնագավառներում՝ անվտանգություն և պաշտպանություն, դիվանագիտություն, տնտեսություն և սոցիալական խնդիրներ և այլն: Այսօր ցանկանում եմ կանգ առնել ամենաչարչրկված թեմաներից մեկի վրա: Խոսքը պարգևավճարների մասին է: Պարզվում է, որ Հայաստանի Հանրապետության անկախությունն այնպիսի բարձր արժեք ունի այն համարյա թե տապալած իշխանության համար, որ այն նշվել է պետական կառավարման բոլոր օղակների աշխատակազմերին պարգևատրումներ հատկացնելով: Չէ, հիմնականը դեռ պետք է նշվի սեպտեմբերի 21-ին, եթե, իհարկե, հայրենիքի զգացողությունը չկորցած հայաստանցիները չկարողանան խոչընդոտել դրան: 

Ինչևէ, պարգևատրումները բաժին են հասել նաև խորհրդարանի պատգամավորներին, որոնց դեպքում դրանք կազմել են 600 հազար դրամանոց աշխատավարձի պատկառելի մասը՝ 380 հազար դրամ: մարդիկ, իհարկե, շոկ ապրեցին այդ գումարի առնչությամբ, սակայն կին ուսապարկերից մեկի կարծիքով, այն ընդամենը սիմվոլիկ գումար է: Պատկերացնում եք՝ 192-ից 206 հազար դրամ (տարեսկզբից մինչև հուլիս ամիսը) կազմող միջին ամսական անվանական աշխատավարձի պայմաններում ոմանց համար 380 հազար դրամը սիմվոլիկ գումար է: Կարելի էր, իհարկե, բանի տեղ չդնել անուղեղ ու անգրագետ կենսազանգվածի կողմից քվե ստացած կուսակցության անդամի բարձրաձայնած անհեթեթությունը: Կարելի էր, եթե հենց նույն օրը թշնամուն անցած արցախյան մի շարք բնակավայրերի նախկին բնակիչները ապրելու տեղ չպահանջեին կառավարությունից:

Բայց եթե Փաշինյան Նիկոլի աշխատակազմը վերջերս նախաձեռնել էր օրենսդրական փոփոխություն, որով առաջարկվել է նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի ընտանիքների բուժօգնությունն ապահովել պետական բյուջեի հաշվին, ապա պարգևավճարն ինչ է, որ չտան: Հատկապես, որ դա առաջինը չէ և վերջինն էլ դժվար թե լինի: Այնպես չէ, որ պարգևավճարի գումարն ավելի քիչ կլինի, քան բուժօգնության համար նախատեսվելիք գումարը, սակայն հետպատերազմական պայմաններում յուրաքանչյուր կոպեկ պետք է ուղղված լիներ վիրավոր զինվորականների բուժման և արցախցի հայրենազրկված ընտանիքների սոցիալական խնդիրների լուծմանը և ոչ թե ապահովված չինովնիկների ավելի լավ ապրելուն: Սակայն առաջին տարբերակը կնախընտրեր այն իշխանությունը, որը կլիներ իրապես ժողովրդավարական, և ոչ թե իրեն կհամարեր այդպիսին: Հատկապես, եթե պետություն էլ, ըստ Սահմանադրության, հռչակված է որպես «ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական»: Սակայն քանի որ այս իշխանությունը ձևավորվեց փողոցով՝ խախտելով բազմաթիվ օրենսդրական դրույթներ, և շարունակում է խախտումների շղթան՝ ապա նրա համար դժվար չէր բանի տեղ չդնել վերը նշված սահմանադրական ձևակերպումները:  

Անկախություն ձեռք բերելուց հետո մեր ժողովուրդն անընդհատ պայքարել է արդար և օրինավոր իշխանություն ունենալու համար: Ինչպես նաև ավելի բարեկեցիկ կյանքի համար, քանի որ խորհրդային նորմալ պայմաններից հետո ընկել էր սովի, ցրտի ու մթան ճանկերը: Ժողովրդի անվտանգությունն ապահոված Արցախյան հաղթական պատերազմի հետ միասին հաղթահարվել էր նաև սովը, ցուրտն ու մութը, սակայն մնացել էր անարդարությունն ու անօրինականությունը: Փաշինյան Նիկոլի վարչապետությամբ ոչ միայն չհաղթահարվեցին անարդարությունն ու անօրինականությունը, այլև դրանց ավելացան նաև անվտանգության սպառնալիքները: Միաժամանակ, բազմաթիվ ընտանիքների համար խորտակվեցին սեփական հայրենիքում բարեկեցիկ կյանքով ապրելու հույսերը: Իսկ նիկոլական «ժողովրդավարական բաստիոնի» չինովնիկները շարունակում են պարգևատրումներ ստանալ ու վայելել կյանքը՝ այդ թվում արտասահմանյան թանկարժեք հանգստավայրերում: