Համայնքում տեր ու ծառա կարգավիճակ է, մեծ մասն աղքատության մեջ է

Համայնքում տեր ու ծառա կարգավիճակ է, մեծ մասն աղքատության մեջ է

Սյունիքի մարզի Տաթեւի համայնքապետարանի դիմաց այսօր նախատեսված է բողոքի ակցիա։ Ինչպես մեզ հետ զրույցում ընդգծեց տարազագետ, ժողովրդական ստեղծագործող Արտյոմ Սյունեցին, բարձրաձայնելու են մի շարք խնդիրներ, որոնք լուծումներ չեն ստացել։ Իսկ դրանք շատ են՝ կրթական, մշակութային, հողային, սոցիալական, որոնք ամենը նա հավաքել է 27 կետի տակ եւ փորձելու է համագյուղացիների հետ միասին հասնել դրանց լուծմանը։

Շինուհայր գյուղն իր մեծությամբ 3-րդն է Սյունիքում, Արտյոմը նշում է, որ համայնքում առուծախի, տարածքների, տնամերձների խնդիր կա, որը համայնքի բնակիչներին չի հասնում, «եւ այսօր բնակչության մեծամասնությունը համայնքից, նաեւ երկրից դուրս է գալիս, որովհետեւ հողատարածք չկա, առուծախը կատարվում է հենց համայնքապետարանում՝ իրանց մեջ, գյուղապետը գյուղապետին փոխանցելով ու իրար քողարկելով՝ այդպես անցնում են։ Նախկին գյուղապետերից մեկը ճակատային մասում 8 հող ու տարածք է վաճառել բնակիչների վրա, ո՞վ է նրան թույլ տվել, որտեղի՞ց նրան այդ իրավունքը, որտե՞ղ է մեր վերահսկիչ հանձնաժողովը։ Մինչդեռ երկրապահ ազատամարտիկներից շատերը չունեն հող կամ տնամերձներ, սա անարդար է նրանց նկատմամբ։ Բազմազավակ ընտանիքներ կան, որոնք ծայրահեղ վիճակում են, հող ու հողամաս չունեն, բայց ունեն 4 ապագա զինվոր եւ աջակցություն չեն ստանում պետության կողմից, ասում են՝ գոնե 20 քառակուսի հողակտոր տան, որ տնակ դնենք, ապրենք մեր սեփականության մեջ։ Հաջորդ խնդիրը ֆոնդերի հողերի վարձակալությունն է, որն անընդհատ նույն անձինք են վարձակալում։ Այստեղ էլ է անարդարության կծիկ, համայնքում արդեն կա տեր ու ծառա կարգավիճակ, մեծ մասն աղքատության մեջ է ապրում»։ Նա ընդգծում է, որ խնդիր կա նաեւ աճուրդների մասով․ ավագանին աճուրդներ է կազմակերպում՝ մասնակցում են միշտ նույն մարդիկ, գնորդներն էլ միշտ նույն մարդիկ են։

Թեպետ համայնքն ունի մշակութային կենտրոն, բայց չունի մշակութային ծրագրեր․ ըստ Արտյոմի, վերջին 30 տարիների ընթացքում կենտրոնն անտերության է մատնվել՝ քարուքանդ է արվել։ «4 պատերը, սյուները դեռ կան, եւ հիմա բնակիչ է ապրում այնտեղ։ Ես բազմիցս դիմել եմ կառավարությանը, մարզպետարանին, որպեսզի փորձեն այդ կենտրոնը կյանքի կոչել, ինձ ասել են՝ վթարային է, բայց այդ վթարային շենքում բնակիչ է ապրում։ Ենթադրում եմ, որ մշակույթի տունը փորձում են աճուրդի դնել իրենք իրենց մեջ, որովհետեւ մեկ անգամ ես արդեն կանխել եմ այդ աճուրդը»,- ասում է Սյունեցին ու հավելում, որ երիտասարդական սպորտային ծրագրերը բացակայում են, ավելին՝ համայնքը երիտասարդներով հետաքրքրված չէ․ «Ես այդ հարցը բարձրաձայնել եմ համայնքապետարանում, եւ ինձ ասել են՝ ի՞նչ երիտասարդներ, գնա գործիդ․․․»։
Ցանկացած խնդրով ցանկացած դիմում՝ ուղղված համայնքապետարանին, մարզպետարանին, լռվում-մնում է ամիսներով, որից հետո գալիս են երբեմն «խայտառակ» պատասխաններ․ «Ես՝ որպես պարուսույց, դիմել եմ, որպեսզի ունենամ խմբակներ համայնքում եւ հարակից գյուղերում, որտեղ մշակույթը, առհասարակ՝ ազգագրությունը զրո մակարդակի վրա է։ Երեխաները չգիտեն ազգային կատարողներին, պատմական հերոսներին։ Եվ ինձ եկավ այսպիսի պատասխան, որ առիթի դեպքում՝ միջոցառումների ժամանակ, ձեզ կտեղեկացնենք։ Ես համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանին հարց ուղղեցի, որ եթե վաղն ինձ կանչեք եւ ասեք՝ համերգ է, ես ձեզ հե՞տ եմ պարելու, երբ չունեմ խումբ, տարածք եւ օժանդակություն»։

Համայնքում ջրի խնդիր էլ կա, Արտյոմ Սյունեցին նկատում է՝ գյուղացին «Վեոլիա ջրի» հետ 24-ժամյա պայմանագրեր ունի, բայց դրա դիմաց ստանում է 2 ժամ ջրամատակարարում, այն էլ՝ անկանոն գրաֆիկով․ «Բոլորն անհանգիստ վիճակում՝ ամբողջ օրը նստած սպասում են, որ տեսնեն, թե երբ են ջուրը տալու։ Հետո, համայնքում նման մի խնդիր էլ կա․ Շինուհայր համայնքի Սարի թաղ փողոցում արդեն մեկ տարի է՝ ջրային ռեսուրսը պայթած է, բազմիցս ահազանգել եմ, որ ջրի անկանոն հոսքը վատնվում է փողոցում, բայց մինչ այս պահը չի լուծվել։ Մեկ այլ խնդիր է կոյուղիների բացակայությունը համայնքի որոշ հատվածներում»։

Համայնքում մասնագետների աշխատանքի խնդիր կա, օրինակ՝ գյուղի մանկավարժները ստիպված են լինում գնալ ուրիշ գյուղեր, իսկ ուրիշ բնակավայրերից էլ իրենց գյուղ են գալիս՝ աշխատելու համար․ «Թոշակառուները չեն զիջում իրենց տեղերը․․․ համայնքում աշխատատեղերի խնդիր կա․ մեկ պետական աշխատողը համայնքում 2 պաշտոնում է աշխատում․ միաժամանակ ե՛ւ ավագանու անդամ է, ե՛ւ անտառտնտեսության տարածքային ղեկավար, մյուսը փոստի ղեկավար է եւ աշխատում է հոգաբարձուների խնամակալության խորհրդում։ Հետո, անհայտ են նպաստառուների իրական տերերը, մի խայտառակ փաթեթ է դա, չգիտենք՝ ովքեր են նպաստ ստանում, իսկ իրականում կան նպաստառուներ, որոնց «նպաստառու» կարգավիճակից գյուղում ուղղակի ցնցվում են»։ Այսօրվա բողոքի ակցիայի ժամանակ փորձելու են այս խնդիրներին լուծում տալ եւ կառավարության ու համապատասխան գերատեսչությունների ուշադրությունն են հրավիրելու այդ խնդիրների վրա։