Ներելի եւ աններելի սխալներ

Ներելի եւ աններելի սխալներ

Չորս տարվա մեջ հազար անգամ արձանագրեցինք, որ այս իշխանությունն ադեկվատ չէ, կոմպետենտ չէ, փորձառու չէ եւ սխալվում է ամեն քայլափոխի: Եվ եթե սահմանադրական եւ մյուս դատարանների դեմ ձեռնարկած անհեթեթ ու տգեղ արշավները միայն մեզ խայտառակեցին` ցուցադրելով այս իշխանությունների նեղմտությունն ու բոլոր կառույցները ոչնչացնելու, յուրային տգետներով համալրելու հակաժողովրդավար էությունը, ապա վաղեմի դաշնակիցների հանդեպ սխալներն ու դիվանագիտական տարրական կանոնների չիմացությունը մեզ շատ ավելի մեծ վնասներ հասցրին:

Պատերազմն ու պարտությունը մի օրում չչոքեց մեր դռանը, այլ` մեծամիտ ու ինքնահավան անգրագետների թույլ տված բազում սխալների արդյունքում, որոնք մարդկային կյանքեր արժեցան: Եթե տնտեսական անկումը, գնաճը, վատորակ ասֆալտը, տարբեր մանր ու մեծ խաբեություններ կարելի է ներել, եթե տարբեր անհատների ու քաղաքական ուժերի դեմ պայքարն ու չարությունը կարելի է անտեսել, ապա բաներ կան, որ աններելի են: Օրինակ, բանակը կազմալուծելն ու մեր երկիրն անպաշտպան թողնելը: Օրինակ, ոստիկանությանն այլասերելն ու ԱԱԾ-ն մի խումբ անձանց պաշտպանող կառույցի վերածելը: Օրինակ, սեփական թիմին ու նիկոլապաշտ զանգվածին միլիարդների հասնող պարգեւավճարներ տալը, որ իրենից երես չթեքեն:

Խորհրդարանը տգետ հիմարներով համալրելն ու որպես քաղաքական մարմին փոշիացնելը: Կառավարությունը բացառապես հեզ ու խոնարհ ապաշնորհներից ձեւավորելը: Եվ երբ դու ի վիճակի չես դիվանագիտական խողովակներն աշխատեցնել, բայց նաեւ վախենում ես կրճատել քո թիմի պարգեւավճարները ու սահմանն ամրացնելու փոխարեն 38 միլիարդի պարգեւավճար ես տալիս տարբեր կառույցների, որից 9 միլիարդը` ոստիկանությանը, նշանակում է` դու այս երկրի թշնամին ես, ոչ թե ղեկավարը: