Կարդացի ՔՊ-ի տարածած հայտարարությունն՝ ուղղակի զավեշտալի էր

Կարդացի ՔՊ-ի տարածած հայտարարությունն՝ ուղղակի զավեշտալի էր

Այսօր Ազգային ժողովում միջադեպ է տեղի ունեցել, Վահագն Ալեքսանյանը նախ «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանի հետ է վիճաբանության մեջ մտել Արցախի դրոշի թեմայով, ապա պատգամավորի օգնականը` ԱԺ միջանցքում լրագրողներին անվանել է` «դիշովկեք»: Մենք խնդրեցինք Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանին մեկնաբանել կատարվածը:

Սաթիկ Սեյրանյանի խոսքով` այս ամենը նշանակում է, որ հրահանգ է իջեցված վահագնալեքսանյանների և մնացածների անմիջական ղեկավարի` Նիկոլ Փաշինյանի կողմից: «Նրանց գործողությունները դրսևորվում են ոչ միայն այդ տեսքով, այլև` տարատեսակ օրենսդրական նախագծերով: Վահագն Ալեքսանյանն իրեն բազմիցս թույլ է տվել գռեհիկ արտահայտություններ, որոնք հետագայում Նիկոլ Փաշինյանի կողմից ոչ միայն քննադատության չեն արժանացել, ավելին` խրախուսվել են», - նշում է Սեյրանյանը: Այն հարցին, թե գուցե միտումնավո՞ր են լրագրողներին սադրում, շուտով լրագրողների դեմ նոր օրենսդրական նախագիծ են ուզում ընդունել, Ժուռնալիստների միության նախագահը չբացառեց.

«Բնականաբար դա էլ կարող է լինել պատճառ, այդ վերջին նախագիծն, ինչպես էլի ուրիշ նախագծեր, որոնք որևէ ձևով չեն քննարկվել, կյանքի կոչվելու են»,- նշում է նա:

Այն հարցին, թե լրագրողական համայնքն ինչպե՞ս պետք է պայքարի իշխանական մարտահրավերների դեմ, ՀԺՄ նախագահը շեշտեց.

«Լրագրողական համայնքը պետք է միասնական լինի: Որևէ լրագրողի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, պետք է համարվի ողջ լրագրողական համայնքի, խոսքի ազատության և ժողովրդավարության դեմ ուղղված ոտնձգություն: Պետք է բոլոր հնարավոր ձևերով միմյանց իրավունքները պաշտպանենք: Կարդացի ՔՊ-ի տարածած հայտարարությունն ու ասեմ, որ ուղղակի զավեշտալի էր: Ինչո՞ւ է այդ ծանրաքաշ պարոնն առհասարակ խառնվել այդ խոսակցությանը: Ակնհայտ է, որ իջեցվել է կոնկրետ հրահանգ` իրենց «աստվածների չատում»: Ուստի լրագրողական համայնքը պետք է համախմբված ու միահամուռ լինի, փորձի աշխատել մասնագիտական էթիկայի սահմաններում: Մենք տեսնում ենք նաև որոշակի գործողություններ ուղղված հեռուստաընկերությունների դեմ, որոնք ունեն ոչ իշխանական տեսակետներ: Խոսքը վերաբերում է` «5-րդ ալիքին»: Այս ամենը շարունակվելու է, անգամ ավելի է ուժգնանալու: Հայաստանի ժուռնալիստների միությունը իր հայտարարություններն ուղարկում է գործընկեր կառույցներին, հուսանք արձագանքներ կլինեն», - իր խոսքը եզրափակեց Սաթիկ Սեյրանյանը: