ԱԺ-ի հմայքն ու ՍԴ-ի ճգնաժամը

ԱԺ-ի հմայքն ու ՍԴ-ի ճգնաժամը

Երեկ խորհրդարանը, իսկ ավելի ստույգ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին եւ Արթուր Վաղարշյանին միանձնյա ընտրեց որպես «նոր Հայաստանի» Սահմանադրական դատարանի դատավորներ։ Այսպիսով, կարծես թե, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը լուծում է ՍԴ-ում առաջացած ճգնաժամը, որը նրանց հանգիստ չէր տալիս։ Քվեարկությունից հետո փորձեցինք «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից հետաքրքրվել՝ այս ընտրությամբ լուծվո՞ւմ է, արդյոք, ՍԴ-ում առկա ճգնաժամը։

Բայց տիկին Մակունցը, հենց հերթը հասավ մեզ, որոշեց, որ այլեւս չի պատասխանելու հարցերին։ Երբ նեղսրտեցինք, թե ինչու չի պատասխանում, նա հիշեցրեց՝ նախորդ ճեպազրույցի ժամանակ մեր հարցին պատասխանեց, ու այդ պատասխանը դարձավ բուռն քննարկման առարկա։ Այնպես որ, մեր դեմ բան չունի, ուղղակի հիմա այլեւս հարցերի չի պատասխանում։ «Ես Ձեզ, գիտեք, ոնց եմ վերաբերվում՝ շատ հարգանքով»,- փորձեց հաճոյախոսել տիկին Մակունցը։ Որոշեցինք տակ չմնալ ու մենք էլ իրեն կոմպլիմենտ անել, գայթակղել, որ հարցազրույց տա։ Ի վերջո, հանրությունը պիտի իմանա, չէ՞, ՍԴ-ում առկա ճգնաժամը լուծվե՞ց, արդեն ամեն ինչ հրաշալի՞ է մեր երկրում, ներդրումներ կլինե՞ն, երկիրը կծաղկի՞ առանց հին ՍԴ-ի, թե՞ ոչ։ Մեր հաճոյախոսությունը, որն անկեղծ էր, ի դեպ, ինչ-որ չափով արդյունք տվեց՝ վերջում մի նախադասություն կորզեցինք։

- Ես էլ Ձեզ եմ լավ վերաբերվում, Դուք Ազգային ժողովի ամենահմայիչ տիկին Մակունցն եք։

- Շատ շնորհակալ եմ։

- Երբեւէ չի ունեցել ԱԺ-ն նման հմայիչ տիկին Մակունց։

- Դա ինձ, միեւնույն է, չի գայթակղում, որ ես․․․ (մի կերպ է զսպում ծիծաղը)։

- Իսկ ինձ գայթակղում են Ձեր պատասխանները, որոնք, տեսնում եք, թոփ թեմա են դառնում համացանցում։

- Մենք հիմա փորձում ենք էս իրավիճակի հանգուցալուծումը տալ՝ ՍԴ նոր դատավորներին ընտրելով։

- Այդ իրավիճակը ճգնաժամայի՞ն էր։

- Վերջ, Վահե ջան, շնորհակալություն։