Անառակ որդին ցանկանում է վերադառնա՞լ
Հայաստանը՝ մի շարք այլ երկրների հետ մեկտեղ, դիմել է Շանհայի համագործակցության կազմակերպության քարտուղարություն՝ երկխոսության գործընկերոջից դիտորդի կարգավիճակ ստանալու խնդրանքով: Ի դեպ, նույն քայլին է դիմել նաեւ Ադրբեջանը: Միջկառավարական այդ կազմակերպության հիմնադրման մասին հայտարարվել է Չինաստանի ու Ռուսաստանի, ինչպես նաեւ միջինասիական հինգ հանրապետություններից (բացառությամբ Թուրքմենստանի) չորսի կողմից՝ 2001 թվականին: Հայաստանը տվյալ պահին գործող կարգավիճակը ստացել է 2016 թվականին: Ներկա պահին ՇՀԿ-ն ներառում է 9 անդամ պետություն եւ այդ թվում մեզ համար հետաքրքրություն ներկայացնող Հնդկաստանն ու Իրանը: Ինչպես նաեւ արեւելյան մեր թշնամու բարեկամ Պակիստանը: Որպեսզի ավելի պարզ լինի ՇՀԿ-ի ուղղվածությունը, ասեմ, որ պաշտոնական լեզուներն են ռուսերենն ու չինարենը: Ավելին, ՇՀԿ հիմնական մարմիններում (քարտուղարություն՝ տեղակայված ՉԺՀ մայրաքաղաք Պեկինում, եւ տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցի գործադիր հանձնաժողով, նստավայրը՝ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդ) նախագահությունն իրականացվում է ըստ անդամ պետությունների անվանումների` ռուսերեն այբուբենի հիման վրա:
Որքան հիշում եմ՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը մեկ թե երկու անգամ մասնակցել է կազմակերպության գագաթնաժողովին: Եվ նույնիսկ ելույթ է ունեցել իր «փայլուն» ռուսերենով: Հետո կարծես թե սառել է նրա հետաքրքրությունը եվրասիական ուղղության նկատմամբ՝ երբ ամեն գնով փորձում էր «որքան հնարավոր է մոտ լինել Եվրոպային»: Եվ անում էր հնարավորն ու անհնարը՝ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները փչացնելու ուղղությամբ: Եվ դրա համատեքստում խիստ զարմանալի է հնչում ՇՀԿ անդամ դառնալու վերաբերյալ դիմումը: Հատկապես վերջին մի քանի շաբաթում տարբեր տրամաչափի ամերիկյան պաշտոնյաների այցերի ֆոնին: Էլ չասած, որ դա տեղի է ունեցել, այսպես կոչված, ժողովրդավարությունը որպես բրենդ օգտագործելու եւ Արեւմուտքին վաճառելու ձգտումների համատեքստում: Գումարենք դրան այն հանգամանքը, որ ՇՀԿ անդամ պետությունները չեն փայլում ժողովրդավարությանն իրենց նվիրվածությամբ:
Բայց եթե իսկապես այնքան էլ անհիմն չեն «Յուրըփից» հույսը կտրելու եւ Ռուսաստանի գիրկն անառակ որդու վերադարձի վերաբերյալ լուրերը, ապա այդ դիմումն էլ կծառայի որպես դրա հաստատում: Հատկապես որ Մոսկվայից բազմիցս են հուշել ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձին, որ հնարավոր չէ խելոք գառան նման միաժամանակ երկու մորից կաթ ստանալ: Եվ ինքը ստիպված է ընտրություն կատարել աշխարհաքաղաքական երկու համակարգերի միջեւ: Միաժամանակ, արդեն տարին կիսվել է, սակայն ռուսական կողմին չի թույլատրվում հյուպատոսական գրասենյակ բացել Կապանում, թեեւ դա, ըստ պայմանավորվածության, պետք է արված լիներ տարեսկզբին: Դրան գումարենք ՀՀ ՊՆ-ում ամերիկյան ներկայացուցչի մշտական ներկայությունը, ինչը, ենթադրաբար, ոչ թե Պապիկյանի գաղափարն է, այլ պարտադրվել է իրենց հովանավորողի կողմից: Իսկ թե ինչպես է դա համադրվելու ռուսական կողմնորոշմանը վերադարձի ցանկության հետ՝ չեմ պատկերացնում: Ռուսաստանը, բնականաբար, չի թույլատրելու, որ Հայաստանն օգուտ ստանա իր հետ հարաբերություններից՝ միաժամանակ ամերիկյան կողմի հետ խաղեր տալով պաշտպանության բնագավառում, ինչի վկայություն կարող է ծառայել նաեւ հայաստանյան միրգ-բանջարեղենի ներկրման կասեցումը:
ՀԳ. Եթե Հայաստանի ղեկավարը լիներ ոչ թե Նիկոլը, այլ ավելի ադեկվատ մեկը, ապա կարող էր պայմանավորվել ՌԴ նախագահի հետ եւ Ռուսաստանին հանձնել նրանից գնված 4 անիմաստ ռազմական ինքնաթիռները, ինչն այսօր իրենց անհրաժեշտ է ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում: Եվ դրանց փոխարեն, պատերազմից հետո, ստանար ռուսական անօդաչուներ եւ ՌԷՊ համակարգեր, որոնք ապացուցել են իրենց արդյունավետությունը:
Կարծիքներ