Մենք պետք է խուսափենք վիրուսից, ոչ թե վիրուսը կրող մարդկանցից

Մենք պետք է խուսափենք վիրուսից, ոչ թե վիրուսը կրող մարդկանցից

«Արաբկիր» բժշկական կենտրոնի ղեկավար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին այս օրերին շատ է մտահոգում այն, որ հասարակությունը թշնամաբար է սկսել տրամադրվել վարակակիր անձանց նկատմամբ։ Ուստի նա կոչ է անում խտրական վերաբերմունք չցուցաբերել եւ հանդուրժող լինել վարակակիրների հանդեպ։ Ի դեպ, «Արաբկիրը» դեռ մարտ ամսին կորոնավիրուսային վարակով կասկածելի, կոնտակտավոր ընտանիքից երեխայի է վիրահատել։ Հարցրինք նրան՝ ինչպե՞ս են կազմակերպել այդ վիրահատությունը, չկա՞ր վախ, որ երեխայի մոտ վարակ կլինի, եւ նա բժշկական հաստատությունում վարակի տարածման աղբյուր դառնա:

«Մենք` բժիշկներս, պետք է պայքարենք վիրուսի դեմ եւ խուսափենք վիրուսից, ոչ թե խուսափենք այն կրող մարդուց: Մենք կոչված ենք բուժելու մարդուն, եւ կապ չունի, թե ինչ խնդիրներ կարող է նա ունենալ, մարդն ունի առողջության, բժշկական օգնություն ստանալու իրավունք: Այո, COVID 19-ի կոնտակտավոր ընտանիքի երեխային մենք վիրահատել ենք մարտի 23-ին, եւ այդ պահին շատ դժվար էր դա իրականացնել, որովհետեւ, ինչպեսեւ մնացած բոլորը, մենք էլ պատրաստ չէինք այն գործընթացին, որ հիմա է տեղի ունենում: Բայց պետք է տալ արժանին եւ բարձր գնահատել այն պրոֆեսիոնալիզմը, որ ցուցաբերեցին մեր բժիշկ-համաճարակաբանը, գլխավոր բուժքույրը՝ իր թիմով, եւ տնօրինությունը` կազմակերպելով եւ ապահովելով բոլոր պայմանները, որպեսզի մասնագետները կարողանան իրականացնել վիրահատությունը` միաժամանակ լինելով պաշտպանված վարակից: Ամեն ինչ արվեց խիստ մեկուսացման պայմաններում, որպեսզի որեւէ վտանգ չստեղծվի շրջապատի համար: Այս ամենից հետո նորից եմ ուզում կրկնել` այո, մենք պետք է խուսափենք վիրուսից, ոչ թե մարդկանցից, որոնք կրում են այդ վիրուսը: Ինձ համար անընդունելի են խարանն ու խտրականությունը»,- մեզ հետ զրույցում ասաց պարոն Բաբլոյանը։

- Խտրականության տենդենց, ի դեպ, արդեն նկատվում է, օրինակ՝ Չարենցավանում, որտեղ մարդկանց այլ աչքով են նայում, երբ իմանում են, որ վարակված են եղել այդ հիվանդությամբ:

- Նախ պետք է ասեմ՝ ոչ մեկն իր համար չի պատվիրում այս հիվանդությունը, այն անցանկալի է բոլորի համար: Այստեղ խնդրին առնչվող 4 խումբ եմ ուզում առանձնացնել, որոնք ունեն իրենց պարտականություններն ու իրավունքները. 
Առաջինը պետությունն է, որի պարտականությունն է՝ ստեղծել բոլոր պայմանները` վարակի կանխարգելման, հիվանդության վաղ հայտնաբերման եւ բուժման համար: Պետությունն ունի իրավունք` պահանջելու համապատասխան գործողությունների իրականացումը ե՛ւ  բժշկական հաստատություններից ու բժիշկներից, ե՛ւ, իհարկե, քաղաքացիներից: 
Երկրորդը բժշկական հաստատություններն ու բժիշկներն են, որոնց պարտականությունն է՝ ճշգրտորեն իրականացնել բոլոր գործողությունները` ուղղված կանխարգելմանը, ախտորոշմանն ու բուժմանը: Երբ խոսում ենք բուժման մասին, ուզում եմ հատուկ նշել հետեւյալը. բուժման պրոցեսն ավարտվում է այն ժամանակ, երբ մարդը լիարժեք ապաքինվել է եւ վարակաբանական տեսակետից վտանգավոր չէ շրջապատի համար: Բժիշկներն ունեն իրավունք` պահանջել COVID 19-ով վարակված պացիենտներից ու նրանց հետ շփում ունեցածներից՝ ենթարկվել սահմանափակումներին, մինչեւ վարակի շրջանի հաղթահարումը:  
Երրորդ օղակը հենց պացիենտն է, որն իրավունք ունի բուժվելու եւ առողջ լինելու եւ պարտավոր է կատարել պետության եւ բժիշկների ցուցումները՝ դրան հասնելու համար: 
Եվ վերջին` չորրորդ խումբը հասարակությունն է: Մարդիկ ունեն իրավունք` լինել վարակից պաշտպանված, բայց ոչ երբեք իրավունք` խարանի ու խտրականության ենթարկելու նրան, ով վարակված է: Քաղաքացիները պարտավոր են հարգել մեկը մյուսին, եւ եթե ինչ-որ մեկը հիվանդացել, բուժվել եւ վերադարձել է իր ակտիվ գործունեությանը, ապա ենթակա չէ խարանի ու խտրականության: Չի կարելի մեղադրել հիվանդներին։ Մենք պետք է կարողանանք առավելագույնս հասնել նրան, որ հասարակությունն այս տեսակետից կրթված եւ հանդուրժող լինի:

- Մենք այսօր արդեն մոտ հազարի հասնող դեպք ունենք, ի՞նչ եք կանխատեսում, դեռ որքա՞ն կշարունակվի այս վիճակը, եւ ե՞րբ մենք կհասնենք պիկին։

- Տեսեք, ես ամեն անգամ չեմ զլանում, որ նույն բաները կրկնեմ, քանի որ ամբողջի հիմքում դա է դրված։ Քանի որ այս պահին միակ ազդեցիկ մեխանիզմն այն է, որպեսզի կանխարգելվեն շփումը եւ հիվանդից առողջին վիրուսի փոխանցումը, ապա որքան վատ իրեն պահի մեր հասարակությունը, քաղաքացին, այնքան երկար է տեւելու այս խնդիրը։ Հարցը հիմնովին կարգավորելու համար, իհարկե, պետք է ունենալ վակցինան եւ համատարած կանխարգելել վարակի տարածումը, բայց քանի որ այդ վակցինան այս պահին դեռ չկա, մենք լավ տեսնում ենք, որ ամբողջ աշխարհով մեկ այն երկրները, որոնք ուշացնում են, որտեղ այնքան էլ չեն ենթարկվում կարգուկանոնին, ավելի դժվար է լինում հասնել այն բալանսին, որտեղից պետք է սկսի արդեն նվազել նոր հիվանդացողների թիվը։ Այսինքն՝ այս պահին ինչքան մենք խիստ հետեւենք այդ նորմերին, որոնք այսօր պետք են վարակի տարածումը կանխարգելելու համար, այնքան ե՛ւ պիկը ցածր կլինի, ե՛ւ կորուստները քիչ կլինեն։

- Իսկ կառավարության, առողջապահության նախարարության ջանքերն ինչպե՞ս եք գնահատում՝ վարակի տարածման առաջին օրվանից մինչ այսօր։

- Տեսեք, անընդհատ այդ խոսակցությունը կա՝ ինչպե՞ս ենք գնահատում, ճի՞շտ են կողմնորոշվել, թե՞ ճիշտ չեն կողմնորոշվել։ Գիտե՞ք, ամենասկզբից նույնիսկ ամենազարգացած եւ խոշոր երկրներն իրենց ամբողջ հզորությամբ պատրաստ չեն եղել եւ չեն էլ պատկերացրել էս ամեն ինչը։ Այս խոսքերը կարող են հասկանալ այն մասնագետները, որոնք զբաղվում են հանրային առողջապահությամբ։ Հանրային առողջապահության մեջ լինում են այնպիսի իրավիճակներ, որոնք ընթացքում են գնահատվում եւ նոր որոշումներ ընդունվում։ Հիմա այս երեւույթը, որ զարգացել է, այնպես չէ, որ մարդիկ պետք է պատրաստ լինեին եւ պատրաստ չէին։ Բայց, ամեն դեպքում, կարծում եմ, որ այն, ինչ հիմա արվում է, պետք չէ մեր պարտավորությունները կամ պարտականությունները հանել, դնել ուրիշի վրա։ Այսօր հստակ ասվում է, չէ՞, ինչ պետք է արվի։ Ու եթե դու գնում ես սուպերմարկետ ու տեսնում ես՝ մարդիկ իրենց համար, հանգիստ, սիրուն, շատերը ո՛չ դիմակ են կապել, ո՛չ ձեռնոց են հագել, իրենք չեն էլ ընկալում, որ ամեն րոպե կարող են վարակվել կամ վարակի աղբյուր հանդիսանալ։

- Կառավարությանը քննադատում են այն պատճառով, որ իրենք ի սկզբանե լուրջ չվերաբերվեցին այս վիրուսին՝ քարոզարշավ, «կորոնավիրուսն ում շունն է», լուրջ վիրուս չէ եւ այլն, մինչդեռ պետք է հենց սկզբից լուրջ քայլեր ձեռնարկեին, մեկուսացնեին Հայաստան ժամանած վարակակիրներին։

- Ես կարծում եմ, որ փոխանակ մենք անընդհատ հետ գնանք եւ այդ հարցերը քննարկենք, այսօր պետք է օգնենք մեր այս հարցազրույցով մարդկանց, թե ինչ անել՝ ավելի հեշտ դուրս գալու էս վիճակից։

- Իսկ կա՞ն քայլեր, որ նախարարությունն այլ կերպ է անում, եւ Դուք խորհուրդ կտայիք այլ միջոցներ ձեռնարկել, թե՞ ինչ անում է, բավարար է։

- Ես կարող եմ Ձեզ ասել, որ մենք, իրականում, շատ լուրջ համագործակցության եզրեր ունենք, եւ նախարարությունն անընդհատ բոլոր հիմնական բժշկական հաստատությունների հետ կապ է հաստատել, եւ առօրյա աշխատանք է ընթանում։ Այնպես որ, բոլոր խնդիրները, որ առաջանում են, մենք օրվա ընթացքում իրար հետ քննարկում ենք, «Արաբկիրն» ամենժամյա կապ ունի նախարարության հետ, մենք ե՛ւ դրականն ենք ներկայացնում, ե՛ւ բացասականը ու միանգամից բարձրաձայնում ենք, որպեսզի շտկվի։