«Հրապարակ». Պատկերացնո՞ւմ եք՝ այդ նռնակները մեկի գլխին պայթեին

Հունիսի 12-ի երեկոյան ոստիկանները Բաղրամյան պողոտան վերածել էին մարտադաշտի, պայթում էին նռնակներ, 100-ից ավելի մարդ վիրավորվեց, մեկ անձի ձեռքն ամբողջովին պայթել էր, լրագրողներ ու օպերատորներ էին տուժել։ Ոստիկանությունը մեծ թվով քաղաքացիների բերման ենթարկեց: Երեկվա դրությամբ 101 տուժողից 85-ը դուրս էր գրվել, 16-ը շարունակում էր բուժում ստանալ, այդ թվում՝ նաեւ լրագրող Աբրահամ Գասպարյանը, ով «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում էր։ Նա 2 կողի կոտրվածք ունի, փափուկ հյուսվածքների սալջարդ, ուղեղի ցնցում։
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը մեզ ասաց, որ բերման է ենթարկվել 30 քաղաքացի․ «Բերման ենթարկված բոլոր անձինք ձերբակալված են, հարուցված գործը զանգվածային անկարգություններն են, այս պահին 72-ժամյա ռեժիմով ձերբակալված են, մնացածը ժամանակը ցույց կտա։ Վստահ եմ, որ 30 անձանցից ոչ մեկի հետ կապված՝ չեն գտնելու որեւէ հիմք, որ իրենք իբր թե բռնություն են կատարել։ Պարզապես ով ընկել է ձեռքի տակ, բերման են ենթարկել։ Այնտեղ կան դասախոսներ, Աշոտ Երկաթը՝ մեր հայտնի ազատամարտիկ, հրամանատար, նաեւ՝ շատ այլ պարկեշտ անձինք։ Ասում եմ՝ ով ընկել է ձեռքի տակ, բերել են։ Նույնիսկ այսօր, երբ ամբիոնում տեղեկացել են, որ դասախոսն անազատության մեջ է ու չի կարող գալ, զարմացել են, որովհետեւ մի ֆիզիկոսի մասին է խոսքը, ով չափազանց համեստ եւ պարկեշտ անձնավորություն է՝ Սուրեն Ռշտունին»:
Փաստաբանը հայտնեց, որ որեւէ մեկին մեղադրանք առաջադրված չէ։ «60-ժամյա ռեժիմում պետք է մեղադրանք առաջադրեն, միջնորդություն ներկայացնեն, եթե տեսնում են կալանքի հիմքեր։ Կարծում եմ՝ իրենց մոտ չի ստացվի»,- ասաց նա։ Կա կարծիք, որ նռնակները ժամկետանց էին, եւ դրանով է պայմանավորված վիրավորների մեծ թիվը։ «Չեմ կարող ասել, դա միայն կարող է ասել փորձագետը` համապատասխան ուսումնասիրությունից հետո, բայց այն հանգամանքը, որ ձայնային նռնակներ նետելը ոչ իրավաչափ էր, դրանում վստահ եմ, որովհետեւ, նախ, այդ պահին այդտեղ կային կանայք, փոքրահասակ երեխաներ, տարեցներ։ Բացի այդ, իրենք հետո սկսեցին նռնակները կիրառել բեմի հատվածում եւ Դեմիրճյան փողոցի մյուս հատվածում, իսկ մարդիկ այնտեղ ուղղակի կանգնած էին, շոգից էին պատսպարվել, եւ այդտեղ էլ մենք վիրավորներ ունեցանք, երբ նռնակներն ընկնում էին։ Չեմ կարող ասել՝ դրանք հին էին, թե նոր, բայց ինձ բազմաթիվ մարդիկ բեկորներ են ցույց տվել, եւ այսօր մեր տխրահռչակ վարչապետն ասում էր, թե մարդու ընդամենը մատներն են վնասվել, եւ վիրահատել են, բայց մենք որքանով տեղեկացանք, նախ նկարից երեւում է, որ այնտեղ մատներ չեն, այլ անդառնալի հետեւանքներ կան, որոնք հնարավոր չէ վերականգնել, որովհետեւ դաստակն ամբողջովին բացակայում է։ Հետո ասում է, որ իբր թե տղան է վերցրել, դրա համար է ձեռքի մեջ պայթել։ Հիմա եթե պատահաբար այդ ձայնային նռնակը դիպչեր մեկի ճակատին եւ այդ պահին պայթեր, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ հետեւանքներ կլինեին, կամ երեխայի սայլակի մեջ ընկներ։ Այսինքն՝ անհամաչափ ուժի կիրառում էր՝ այն դեպքում, երբ այգու մուտքի հատվածի մոտ, ապա հետնամասում ընդհանրապես մարդիկ պարզապես դիտորդի կարգավիճակում էին»,- ասաց Հարությունյանը։
Կարծիքներ