Ինչ են քննարկել Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները

Ինչ են քննարկել Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և նույն օրը Բեռլինում երկու երկրների նախարարների մասնակցությամբ անցկացվող քննարկումների ընթացքին։ 

Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման առանցքային հարցերի շուրջ ՀՀ մոտեցումները, որոնք արտացոլված են նաև 2023թ. հոկտեմբերին Գրանադայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ, այդ թվում՝ սահմանազատման գործընթացը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի, իսկ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումն ինքնիշխանության և իրավազորության հարգման, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա իրականացնելու մասով: