Իսրայելն այլեւս ռազմավարական դաշնակի՞ց չէ 

Իսրայելն այլեւս ռազմավարական դաշնակի՞ց չէ 

Օրերս ադրբեջանական մամուլում մի «հնչեղ» հրապարակում էր հայտնվել՝ իսրայելցի քաղաքագետ Արյա Գուտի հեղինակությամբ: Թեման հրեաների նկատմամբ Հայաստանում՝ «մերժողական» վերաբերմունքն էր՝ ի համեմատություն Ադրբեջանի: Առանձնակի սրությամբ շեշտված էր, որ մինչ Երեւանում կանգնեցված է «ֆաշիզմի գործակալ» Գարեգին Նժդեհի արձանը, Բաքվում, ընդհակառակը, պանծացնում են Ադրբեջանի ազգային հերոս Ալբերտ Ահարունովի հիշատակը:

Իհարկե, անուշադրության էր հայտնված հանգամանքը, որ Ահարունովի հարազատները վաղուց լքել են Ադրբեջանը եւ բնակվում են Իսրայելում, բայց դա բոլորովին այլ խոսակցության թեմա է: Եւ այդ հրապարակման մասին, թերեւս, չհիշվեր, եթե տեղի չունենար անսպասելին. Ադրբեջանի նախագահը չի մասնակցել Երուսաղեմում Հոլոքոսթի զոհերի հիշատակի խնկարմանը: Արարողություն, որին ներկա են գտնվել աշխարհի շատ երկրների առաջնորդներ: Իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները պաշտոնապես բնութագրվում են որպես «ռազմավարական համագործակցություն»: Անցած տասնամյակներում հրեական պետությունն, իրոք, մեծապես նպաստել է Ադրբեջանի զինված ուժերի եւ հատուկ ծառայությունների կայացմանը, ցուցաբերել ռազմատեխնիկական մեծ օժանդակություն՝ միաժամանակ հանդիսանալով ադրբեջանական նավթի խոշոր գնորդներից մեկը:

Տեղեկություններ կան, որ Ալիեւի ընտանիքն Իսրայելում ահռելի սեփականության տեր է, իսկ կրտսեր Հեյդար Ալիեւը տարվա մի մասն անցկացնում է Հայֆայի առանձնատանը՝ գտնվելով հրեա բժիշկների աչալուրջ հսկողության տակ: Այս համատեքստում Իսրայելի համար սկզբունքային նշանակության արարողությանն Ադրբեջանի նախագահի բացակայությունն աչքի է զարնում: Խնդիրն, ամենայն հավանականությամբ, կապված է Երեւսաղեմի կարգավիճակի հետ: Ադրբեջանը, որպես արաբական եւ առհասարակ իսլամական աշխարհի հետ համերաշխության ցույց՝ պաշտոնապես դեմ է արտահայտվել Երուսաղեմը  հրեական պետության անբաժանելի մայրաքաղաք  հռչակելուն: Եւ չնայած Իսրայելը վաղուց Բաքվում դիվանագիտական ներկայացուցչություն ունի, փոխադարձ քայլ կատարելու հարցում Ադրբեջանն անընդհատ հապաղում է: Տպավորություն կա, որ դա պայմանավորված է Իրանի հավանական կոշտ արձագանքից խուսափելու նպատակահարմարությամբ:

Երուսաղեմ չմեկնելու Ալիեւի որոշմանը զուգահեռ՝ Բաքվում իրանական մշակույթի կենտրոնը գեներալ Սոլեյմանիի հիշատակի գեղարվեստական հավերժացման մրցույթ է հայտարարել: Բաքվի լրատվամիջոցներից մեկն իսկույն «հայելային» առաջարկ է  հնչեցրել՝ այդ դեպքում Իրանն էլ պետք է հարգի ղարաբաղյան պատերազմի ադրբեջանցի «շեհիդների․ հիշատակը: Ըստ երեւույթին, հրեական լոբբիի միջոցով ԼՂ հարցում իր համար միջազգային նպաստավոր մոտեցում ձեւավորելու ալիեւյան նախագիծն սկսել է տեղապտույտ տալ:

Ադրբեջանում ակնհայտորեն դժգոհ են հայ-հրեական հարաբերությունների վերբեռնման հեռանկարից: Դեր է խաղում նաեւ թուրք-իսրայելական լարվածության գործոնը: Եւ ստացվում է, որ իսրայելա-ադրբեջանական հարաբերություններն առնվազն Հոլոքոսթի հարցում այլեւս ռազմավարական-գործընկերային չեն: Այլապես Իլհամ Ալիեւը չէր խորշի Երուսաղեմ մեկնելուց: Մանավանդ որ Ռուսաստանի նախագահի մասնակցությունը նշանային էր. Մոսկվան նույնպես Երուսաղեմը չի ճանաչում հրեական պետության անբաժանելի մայրաքաղաք: