Իրենք սիրում են խոսել աղքատ, սոցիալապես անապահով խավի կարիքներից, բայց հիմա ի՞նչ է լինելու

Իրենք սիրում են խոսել աղքատ, սոցիալապես անապահով խավի կարիքներից, բայց հիմա ի՞նչ է լինելու

Կառավարությունը վերացնում է եկամտահարկի վերադարձի արտոնությունը, որից օգտվում էին Երեւանում կառուցապատողից հիպոթեքով անշարժ գույք ձեռքբերողները: Հայտարարվում է, որ հարկային  օրենսդրության այս փոփոխությունը, որը կիրառվելու է աստիճանաբար՝ սկսած 2022 թվականի հուլիսի 1-ից, սոցիալական նշանակություն ունի եւ ուղղված է Երեւանի ու մարզերի համաչափ զարգացմանը:

Իրականում այն բերելու է հիպոթեքային շուկայի հետընթացի, կասեցնելու է շինարարության եւ դրա հետ փոխկապակցված ոլորտների զարգացումը, իսկ բարձր աշխատավարձ ստացող երիտասարդները, որոնք այս ծրագրի շնորհիվ փաստացի կարողանում էին տուն գնել, ապրել ու աշխատել Երեւանում, հայացքը թեքելու են դեպի այլ երկրներ: 

Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում հայտնեց «ԱՐ-ԳՈ Ռիելթի» ընկերության հիմնադիր, Ռիելթորների միության նախագահ Արայիկ Գոջաբաշյանը, որը վերջին մի քանի տարիներին հիմնականում մասնագիտացել է նորակառույց բազմաբնակարան շենքերի կառուցման եւ վաճառքի գործում: Նա կանխատեսում է, որ այս փոփոխությունը, որին դեմ են բոլոր կառուցապատողները, բարձրացնելու է գույքի գինն առաջնային շուկայում, այն կրկին մղելու է դեպի ստվեր: Նա հիշեցնում է. «Եկամտահարկի օրենքը որ ընդունեցին, սկզբում շատ կառուցապատողներ թերահավատ էին, որովհետեւ այն ժամանակ շատերը խուսափում էին հարկերից, իսկ այս օրենքով՝ իրական արժեքը պետք է ներկայացնես, չես կարող այլ կերպ, քանի որ բանկը քեզ չի սպասարկի, եթե դու քիչ գրես գումարը: Այսինքն՝ անշարժ գույքի առքուվաճառքի կուլտուրա փոխվեց: Մարդիկ սկսեցին աշխատել սպիտակ դաշտում ու հասկացան, որ դա եկամտաբեր է: Հիմա կրկին հետ ենք գնալու»: 

- Կառավարությունը վերացնում է եկամտահարկի վերադարձի ծրագիրը, որ այն գործի միայն մարզերում: Ինչ է՝ մարզերում այս նույն ծրագիրը ձեռնտու չէ՞:

- Տեսեք, շինարարությունը, անկախ նրանից՝ դու մարզում ես կառուցում, թե Երեւանում, մոտավորապես նույն գինն ունի: Մարզերում նույնիսկ ավելի թանկ է, քան քաղաքում: Նույն բետոնը, եթե Երեւանից պետք է գա-հասնի, ասենք, Դիլիջան, Ծաղկաձոր, ավելի թանկանում է: Երկրորդ․ մարզերում բավարար աշխատուժ չկա, ստիպված ենք բերել, եւ այդ աշխատուժը պետք է այնտեղ ապրի, այսինքն՝ պետք է տներ վարձենք: Բացի դա, մարզերում այդ ծրագրի պահանջարկը չկա: Ովքեր որ օգտվում են եկամտահարկի վերադարձի արտոնությունից, աշխատում են Երեւանում, համեմատաբար բարձր աշխատավարձ են ստանում, մեծ եկամտահարկ է գոյանում դրանից, ու ինքը կարողանում է սպասարկել այդ վարկի տոկոսները: Բայց մյուս մարզերում այդ աշխատավարձով աշխատանք չկա: Իհարկե, մարդն ուրախ կլինի, եթե տուն առնի իր քաղաքում, բայց նա պետք է նորից Երեւան գա աշխատանքի ու Երեւանում վարձով ապրի: Հիմա էլ է ինքն ապրում վարձով ու նախընտրում է իր սեփականը գնել Երեւանում, ասենք, 7 տոկոսով, եւ պետությունը վարկի տոկոսը հետ է վերադարձնում: Ստացվում է անտոկոս վարկ: Կառուցապատողների ասոցիացիան նաեւ հաշվարկներ է տվել կառավարությաւնը, որ պետությունը չի տուժում երկարաժամկետ հեռանկարում, որովհետեւ շինարարությունն իր հետ զարգացնում է բազմաթիվ այլ ոլորտներ․ մարդիկ կառուցում են՝ մեկը դուռ-պատուհան է սկսում բերել, մեկը լամինատ է սկսում արտադրել,  մյուսը՝ ներկ: 

- Հիմա մարզերում շինարարությունը չի՞ խթանվելու այս փոփոխությամբ: 

- Ոչ մի բան էլ օրենքը փոխելով չեն խթանելու: Կսարքեն Զովունիում, Դավթաշենին կպած, Առինջում, որը համարի՝ նույն Ավանն է, Աբովյան քաղաքում, որը Երեւանին մոտ է, բայց դրանցից այն կողմ ոչինչ չի լինելու: 

- Լուրեր կան, որ իրականում եկամտահարկի ծրագիրը դադարեցնում են, որովհետեւ քաղաքում այլեւս կառուցապատման տարածքներ չեն տրամադրում: Դա ճի՞շտ է, որ կառուցապատման համար տարածքներ չեն տալիս: 

- Նման բան չկա: Տարածքները շատ-շատ են: Հին, անխնամ տներ շատ կան: Նույն Կենտրոնում նայեք՝ Սարի թաղ, Կոնդ, Կենտրոնի 4-5 հարկանի սիրուն շենքերը վերցրեք՝ աշխարհում նման բան չկա: Դրանք ոնց որ պարիսպներ լինեն, դրսից գեղեցիկ է, իսկ ներսի կողմից հին, խարխուլ տներ են, անօրինական կառույցներով, որոնք հետո օրինականացրել են, շինությունները մեկը մյուսի վրա: Բոլորը պետք է քանդվի, մաքրվի: Եթե շենք էլ չսարքեն, քաղաքն էնքան հարուստ պետք է լինի, որ ստորգետնյա ավտոկայանատեղիներ սարքի, դրանց վրա՝ խաղահրապարակներ, շատրվաններ, լողավազաններ, իսկ դրա համար մեծ գումարներ են պետք: 

- Գույքի գների առումով ի՞նչ փոփոխություններ են սպասվում: 

- Գների աճ կա, որն արհեստական է, մոտ 10 տոկոսով: Հիմա, եկամտահարկի արտոնությունը վերացնելով՝ ավելի են բարձրանալու: Օրենքը կիրառվելու է փուլերով: Ովքեր որ ունեն շինթույլտվություն մինչեւ հունվարի 1-ը, նրանց վրա այս օրենքը չի ազդում: Բայց դրանից հետո արդեն մինչեւ 25 թիվը վերացնելու են: Եթե ստացել ես թույլտվություն, օրինակ, մինչեւ 2022 թվի հունվարի 1-ը, դու կարողանում ես վաճառել քո գույքը անսահմանափակ, դրանից հետո արդեն կան սահմանափակումներ, որը կբերի գների թանկացման, քանի որ շուկայի մասնակիցների մի մասը վերանում է: Շուկայում կմնան միայն այն կառուցապատողները, ովքեր ժամկետի մեջ տեղավորվել են: Հիմա արդեն կառուցապատողները մեզ են զանգում՝ որպես վաճառքով զբաղվող ընկերություն, ասում են՝ մի քիչ չթանկացնե՞նք: Մեծ հաշվով, մեզ ձեռք է տալիս: Հիմա այն տները, որ չէին ծախվում, կվաճառենք, կգնան, թե հետո ինչ կլինի, չգիտեմ: Բայց եկամտահարկի ծրագիրը պետք էր զարգացնել: Կառավարությունը հաշվել է, որ եթե հիմա տարեկան մոտ 7 մլն դոլար է հետ տալիս որպես եկամտահարկ, ապա տասը տարի հետո տարեկան 50 մլն դոլար է հետ  տալու: Սա կառավարության համար ոնց որ թե մեծ փող է: Բայց բանկերը, կահույք արտադրողները, տեխնիկա, շինանյութ, կենցաղային ապրանքներ ներկրողները կամ արտադրողները փող են տալիս, շահութահարկ են վճարում, բոլորը հարկ են վճարում ու բոլորն աշխատում են սպիտակ դաշտում: Վերանում էին ծրարով աշխատավորները: Հիմա հարկերը կրկին թաքցնելու են, աշխատողներին էլի չեն գրանցելու: 

 - Գույքահարկի բարձրացման մասին օրենքը ամսի 1-ից գործում է, ազդե՞լ է շուկայի վրա: 

- Ոչ, դեռ չի ազդել: Դեռ կերեւա:  

- Երկրորդական շուկայում ի՞նչ է կատարվում, ոնց որ թե թանկանում է անշարժ գույքը:  

- Երկրորդական շուկայում շարժ չկա, ես չեմ զբաղվում, բայց գործընկերներ ունեմ, որոնք զբաղվում են: Բայց այնտեղ էլ գները կբարձրանան: Երկրորդական շուկան միշտ թանկ է եղել ավելի, որովհետեւ վաճառողը բիզնեսմեն չէ, նա տունը վաճառելով՝ ուզում է երկու տղաներին տուն առնի, իրեն էլ տուն առնի: Բայց ես կողմնակից չեմ, որ մարդիկ երկրորդական շուկայում տուն առնեն, որովհետեւ մեր բնակֆոնդն ահավոր վիճակում է: Աջափնյակն են ասում, բայց թե՛ Կենտրոնում, թե՛ քաղաքի մյուս մասերում բազմաթիվ շենքեր կան, որոնց կարգը որոշված չէ: Նույն Կիեւյան փողոցում, օրինակ, շատ գեղեցիկ շենքեր են, բայց երկու-երեքը վթարային կարգ ունեն: Համոզված եմ, որ եթե լուրջ մասնագետներ հրավիրեն ու մեր շենքերը ստուգեն, քաղաքի 90 տոկոսը պետք է կա՛մ ամրացվի, կա՛մ քանդվի: Մոնոլիտ շենքեր Երեւանում խորհրդային ժամանակաշրջանում չեն կառուցվել, հատուկենտ շենքեր են, որոնք մոնոլիտ են սարքվել: 

- Հեղափոխությունից հետո որեւէ փոփոխություն եղե՞լ է, որն օգնած լինի կառուցապատողների բիզնեսին: 

- Գլոբալ՝ ոչ: Ավելացված արժեքի հարկի հետվերադարձն է, որը դրական փոփոխություն էր: Հիմա ամիսը մեկ պարտաճանաչ վճարում են: Բայց գլոբալ առումով ոչնչով էլ չեն օգնել: Ախր, գիտե՞ք, կառավարությունները չեն խոսում բիզնեսի հետ: Իրենք պետք է խոսեն, հասկանան, որ եթե սա փոխում են, տեղն ինչ են բերելու: Նրանք լավ հասկանում են, որ սխալ են անում: Դեպուտատներ են խոսում, նույն էկոնոմիկայի նախարարը, խոսում-բարեխոսում են, կարծես, այլմոլորակայիններ լինեն: Ջանջուղազյանը՝ նախկին ֆինանսների նախարար, նստած Ազգային ժողովում ասում է՝ հարուստները փոքր կենտրոնում 1000 մետր պենտհաուզ են առնում, պետությունը պետք է եկամտահարկ վերադարձնի: Ստում է, չես կարող կենտրոնում եկամտահարկի ծրագրով 1000 մետր պենտհաուզ առնես, մի ժամանակ կարողանում էին, բայց հիմա 55 մլն դրամ շեմ կա դրված: Իրենք սիրում են խոսել աղքատ խավի, սոցիալապես անապահով խավի կարիքների մասին, բայց հիմա ի՞նչ է լինելու: Արտագաղթ: Մեր լավ երեխեքը, որոնք բարձր աշխատավարձ էին ստանում, տուն էին առնում, կարողանում էին երկրում մնալ, էլ չեն առնի ստեղ տուն, որովհետեւ եթե ինքը պետք է իր երկրում վարձով ապրի, է, կգնա, դրսում վարձ կտա, որտեղ աշխատավարձը բարձր է: Այստեղ 1 մլն է ստանում, այնտեղ կստանա 5 մլն: 10-15 հոգի ջահելներ են գալիս, ասում են՝ մեզ մի 10 հատ տուն տվեք, հավեսդ էլ է գալիս: Մի խնդիր էլ կա: Բանվոր չկա, ով էլ կար, խոպանից հետ էր եկել, հիմա նորից կգնա: Աշխատուժն էլ է գնալու: 10-15 հազարով օրական լավ բանվոր չենք գտնում: 

- Էս օրենքը վերացրին, պատերազմական իրավիճակը՝ մի կողմից, դեպրեսիան` մյուս կողմից, տների գներն ինչո՞ւ են բարձրանում: Ինչպե՞ս է դա հնարավոր: 

- Պայթելու է մի օր փուչիկը, տներն էժանանալու են: Բայց քանի որ սա մարդկանց վերջին շանսն էր՝ բնակարան ունենալու եկամտահարկով, գալիս-առնում էին, հիմա գները կրկին կբարձրանան: Այսօր Կենտրոնում բնակարանի գինը 2 հազար դոլարից է սկսվում, միջին գոտիներում՝ 900-1200 դոլար, մյուսները՝ 600: